Ուսադիրների պատիվը, երկրի կեղտն ու սրիկաների խրախճանքը - Mediamax.am

Ուսադիրների պատիվը, երկրի կեղտն ու սրիկաների խրախճանքը
9968 դիտում

Ուսադիրների պատիվը, երկրի կեղտն ու սրիկաների խրախճանքը


Մի քանի օր առաջ գիշերը Երեւանի կենտրոնում ահավոր ավտովթար տեղի ունեցավ, որի հետեւանքով զոհվեց Ճանապարհային ոստիկանության երկու սպա: Նրանց ավտոմեքենային բախվել էր մի թանկարժեք մեքենա, որը վարում էր տհաճ մականուն ունեցող անձի որդին, որը ձերբակալված է:

Կարելի է երկար քննարկել, թե ո՞վ էր պատահարի մեղավորը, բայց փաստն այն է, որ ամեն օր մեր երկրի փողոցներ ու մայրուղիներ դուրս են գալիս տասնյակ պոտենցիալ մարդասպան-մեքենաներ, որոնց ղեկին նստած են տարբեր տարիքի, վզի հաստություն եւ մականուն ունեցող սրիկաներ, որոնք համոզված են, թե ամենակարող ու անպատիժ են: Ճանապարհային ոստիկանները, «հասարակ» մեքենաներ վարողները ու հետիոտները նրանց համար ընդամենը անցանկալի խոչընդոտներ են, որոնց պատճառով պետք է, երբեմն, ոտքը սեղմել արգելակման ոտնակին:

Այն մասին, որ իշխանությունները շարունակ խոսում են ոստիկանությունում բարեփոխումներ անելու վերաբերյալ, իսկ իրականում շատ բան չի փոխվում, ես գրել էի դեռեւս 7 (!!!) տարի առաջ՝ «Ինչո՞ւ ազդակները տեղ չեն հասնում» սյունակում:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ 7 տարիների ընթացքում որոշ բաներ փոխվել են: Եթե դուք նորմալ վարորդ եք, ապա ՃՈ տեսուչները գրեթե երբեք ձեզ «հենց այնպես» չեն կանգնեցնի: Բայց «արտոնյալների» համար բան չի փոխվել: Նրանք կրկին երթեւեկում են ինչպես ցանկանում են, ոստիկանների հետ, լավագույն դեպքում, խոսում են հեգնանքով:

Երեկ մտածում էի այս սյունակը գրելու/չգրելու մասին. այս թեմայով շատ եմ գրել, բան չի փոխվում, երեւի չարժե կրկնվել եւ այլն: Բայց այսօր առավոտյան միջադեպի համացանցային հերթական քննարկման մեկնաբանություններից մեկում կարդացի.

«Հարգելիս, կարծում եմ, այդքան միամիտ չես ու գիտես, թե իրականում որտեղ են սահմանափակվում շարքային ոստիկանների լիազորությունները»:

Քանի դեռ այսպես ենք մտածում, բան չի փոխվելու: «Շարքային» ոստիկանի լիազորությունները սահմանափակվում են այն պահին, երբ նա ստորադասում է իր մարդկային արժանապատվությունը: Վստահ եմ, որ մեր ոստիկանների մեծ մասը լավ մարդիկ են, սիրված են իրենց ընտանիքների, ընկերների, շրջապատի կողմից: Ի՞նչ է պատահում այդ մարդկանց հետ, երբ իրենք կանգնեցնում են տարբեր մեծ ու փոքր սրիկաներին, որոնք իրականում այս երկրի կեղտն են:

Ներքին ոստիկանական «հեղափոխության» կոչ չեմ անում, բայց վստահ եմ, որ եթե գտնվի մեկ կամ երկու ոստիկան, որոնք անկախ ամեն ինչից կպատժեն կարգազանց սրիկային՝ անգամ աշխատանքը կորցնելու գնով, վաղը այդ մեկ-երկուսը կդառնան տասն ու քսանը: Այդ դեպքում սրիկաների թիվը կսկսի պակասել, իսկ «վերեւները» ստիպված կլինեն հաշտվել այդ նոր իրականության հետ:

Պարոնայք սպանե՛ր, ժամանակն է հիշել, որ «սպայի պատիվը» սոսկ խոսքեր չեն: Ժամանակն է հասկանալ, որ եթե այսօր «լավություն եք անում» եւ ներում եք մականունավորին, վաղը նա կարող է խլել ձեր գործընկերոջ կամ մեր բարեկամի կյանքը: Միթե՞ այս վերջին ողբերգությունից հետո շարունակելու եք ձեւացնել, թե ոչինչ չի եղել:

Պարոնայք սպանե՛ր, հավատացեք, որ մենք իսկապես անկեղծ ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ օգնում եք դժվար կացության մեջ հայտնված վարորդին կամ ուղեկցում եք մարդկանց, որոնց պետք է շտապ որեւէ տեղ հասնել: Բայց մենք ցանկանում ենք, որ դրանք եզակի դեպքեր չլինեն, այլ օրինաչափություն դառնան: Ցավոք, այսօր ավելի շատ են դեպքերը, երբ մենք ձեր փոխարեն ամաչում ենք, երբ ակնհայտ խախտում եք տեսնում, որի հեղինակն իրեն անձեռնմխելի հռչակածներից մեկն է, բայց չնկատելու տեղ եք տալիս ու քշում-գնում եք:

Ամեն փոփոխություն սկսվում է մարդուց: Մեկ մարդուց, երեք մարդուց, տասը մարդուց: Որեւէ իշխանություն, որեւէ «օլիգարխ» կամ «հեղինակություն» չի կարողանա կանգնեցնել ձեզ, եթե դուք ապրեք ու գործեք այնպես, որ չամաչեք նայել ձեր զավակների աչքերին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին