2017 թվականի մայիսի 24-ին Հենրիխ Մխիթարյանը նվաճեց Եվրոպայի գավաթը եւ բառի բուն իմաստով` ի ցույց ողջ աշխարհի, հայոց եռագույնը թիկունքին պատվո գավաթը մի քանի անգամ պարզեց գլխից վեր։ Մեզ, անշուշտ, լավ զգացինք, մեր ինքնասիրությունը շոյվեց ու քանի որ անգլիական «Մանչեստր Յունայթեդին» հայաստանցիների մեծամասնությունը երկրպագում է ինչպես խորհրդային տարիներին Երեւանի «Արարատին», այս կամ այն չափով էլ մեզ հաղթող ու չեմպիոն զգացինք։
Դրանից ընդամենը հինգ ամիս առաջ, 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի մարզական լրագրողները միահամուռ նրա համար տեղ չգտան Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում։ Սա իրողություն է, որն ընդհանրապես Հենրիխ Մխիթարյանի մարզական հատկանիշները չի բնութագրում, ու եթե բնութագրում է, ապա որոշակիորեն մարզական այդ լրագրողների մասնագիտական որակներն է բնութագրում, որոնց անուններն այդպես էլ չիմացանք, իսկ մեծ առումով` հասարակության մեջ առկա հարաբերությունների որակներն է բնութագրում։ Այսինքն` այդպիսի հատկություն էլ է առկա, որ եթե պետք չէ, կարելի է նաեւ լավը, տաղանդը չնկատել։ Կարելի է չտեսնել-չնկատել հասարակության վերաբերմունքն անգամ։ Ու ամենացավալին այն չէ, որ այդպես կարող է լինել, այլ այն, որ նման վարքագիծը կարող է համարվել նորմալ։
Մինչդեռ Հենոն հայ մարդու համար ֆուտբոլիստ չէ միայն։ Ֆուտբոլն այսօր աշխարհի ամենամեծ «շոուներից» մեկն է, ավելի մեծ շոու, քան որեւէ այլ մարզաձեւ կամ որեւէ այլ շոու, որի շուրջ հարյուր միլիոնավորներն են համախմբվում։ Կան բաներ, որ ասվել են հազար անգամ, բայց էլի հազար անգամ ասվելու են. մեր ուրախությունն է նա, մեր դեսպանն է, որ իրենով ճանաչելի է դարձնում Հայաստանը։
Ցավով եմ անդրադառնում միշտ, երբ Յուրի Վարդանյանին քննադատության կրակի տակ են առնում։ Նա այդպես էլ իմ պատկերացումներում երբեք ընկալելի չեղավ սոսկ որպես Վրաստանում Հայաստանի դեսպան։ Նա էլ իր ժամանակին էր Հայաստանի դեսպանը, ժողովրդական դեսպանը, հայոց զարմը դյուցազուն, Սասունցի Դավիթը, եզակիներից մեկը, ով Հայաստանից մասնակցում էր «տիտանների կռվին» ու հաղթում մշտապես։ Երբ նա 400, հետո 405 կգ բարձրացնելով միայն իր կողմից գերազանցվող համաշխարհային ռեկորդներ էր սահմանում, դառնում աշխարհի, Եվրոպայի, Oլիմպիական խաղերի չեմպիոն, ամեն հայաստանցու ու հայի ընդհանրապես, ինչպես սիրում են ասել` Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, թվում էր, թե մեկ երեք միլիոներորդ մասով, կամ մեկ տաս միլիոներորդ մասով, ինքը բարձրացրեց այդ կիլոգրամները, ինքը դարձավ չեմպիոն, իսկ սա ինքնության զգացողությանը եւս մեկ բաղադրիչ էր հավելում, ՀԱՂԹՈՂԻ բաղադրիչ, հարուցելով մեկ այլ որակի ինքնահարգանք, ընդունակ մարդկանց բազմությանը պատկանելու զգացողություն ...եւ ոչ միայն։
Նույն էր նաեւ 1973-ին ու ամեն հայի կարծիքով էլի մեկ ինչ-որ միլիոներորդ մասով ինքն էր Իշտոյանի հետ հարվածում գնդակին, ձեւակերպելով Երեւանի «Արարատ»-ի իրոք փառապանծ հաղթանակը։ «Արարատ»-ը եւ չեմպիոն էր եւ գավաթակիր, բացառիկ հաջողություն, քչերին տրված դուբլի ձեւակերպում, Սովետական Միության ժողովուրդների մեջ մեզ հաղթող էինք զգում։ «Արարատ»-ը դուրս էր գալիս Եվրոպա, մեզ ճանաչում բերում։ «Ինչ լավ են խաղում, ինչպիսի տեխնիկայով»,- հետագայում պրիվատ զրույցներում Կարեն Դեմիրճյանին կասի Լեոնիդ Բրեժնեւը։
Իսկ դա Տիգրան Պետրոսյանի` ամենաինտելեկտուալ խաղի, շախմատի աշխարհի գահին բազմելուց ընդամենը տաս տարի հետո էր: Մենք հաղթող էինք, մենք սկսել էինք հաղթարշավը, իհարկե, ոչ միայն սպորտի շնորհիվ, բայց նաեւ…
Հպարտ էինք, որ ամենաինտելեկտուալներից մեկն էլ, ամենաուժեղներից մեկն էլ մեզանից է…Աշխարհն արդեն Խաչատ(ու)րյանի ու Ազնավուրի մասին էլ գիտեր, Արշիլ Գորկու ու մյուսների….ու էլի բազմաթիվ իրողություններ……. մենք այլեւս ցեղասպանված ժողովուրդը չէինք, արդեն Ծիծեռանակաբերդի բարձունքից ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պահանջող էինք…
Հիմա մեր ժողովրդական դեսպանը Հենոն է, կամ նրանցից մեկը։
Անցյալ աշնանը Եվրոպայի Խորհրդի աշխատակից մի գերմանացի ինձ ասում էր, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասարակականորեն նպաստելու գործում ոչ ոք այնքան ներդրում չի ունեցել, որքան Մխիթարյանը: Հարցրեցի` ինչպե՞ս:
Ասում է` Գերմանիայում ֆուտբոլը գրեթե տոնի նշանակություն ու ազդեցություն ունի. շաբաթավերջին մարդիկ ֆուտբոլային խաղի են գնում ընտանիքներով, մարդիկ սպասում են ֆուտբոլին: Մխիթարյանի արդյունավետ ու գոլառատ «գործունեությունն» այդ առումով ձեւավորել էր նպաստավոր հանրային ֆոն, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել քաղաքական որոշման վրա:
Չգիտեմ, գուցե թե այդպես է, ինչպես ասում են` ծուխն առանց կրակի չի լինում, բայց Հենոն ինքը երբեք դրա մասին չի խոսել։ Խոսել է ու ասել է այլ բան, բայց չգիտես ինչու նրա ասած այս կարեւոր նախադասությունը չի նկատվում ու շեշտադրվում. «Մեծ սիրով եմ ընթերցում, եւ եթե սկսում եմ կարդալ, դժվարությամբ եմ կտրվում»:
Կա արդյո՞ք «Մանչեստր Յունայթեդի» 22 թվակիր մարզաշապիկը կրող ու կրել երազող մեր երեխաներին մատնանշելու ու ցուցանելու ավելի տպավորիչ փաստարկ ընթերցանության կարեւորության վերաբերյալ, քան Հենոյի այս «խոստովանությունը»։ Անշուշտ կա ու կան, բայց սա էլ, կարծում եմ, դրսում մեծ հաջողություն արձանագրող հայ մարդու` իր օրինակով կարեւոր ներդրումն է այդ գործում։ Թեպետ դժվար է ասել, թե քանիսն են այսօր ֆուտբոլի դպրոցներ հաճախում ոգեւորված Հենոյի օրինակով, բայց որ կա նման միտում ու ոգեւորություն, առաջին հերթին սոցցանցերի բովանդակությունն է փաստարկում։ Երաշխիք չկա, բայց ելակետ է, որ տվյալ պարագայում քանակը կարող է որակ տալ, որ Հենոն կդառնա վաղվա ազգային հավաքականի «ճարտարապետը», ինչպես Համլետը ծնեց Հենոյին, նաեւ` որպես Եվրոպայի Լիգայի չեմպիոն, որպես ապագայի ակամա պատգամաբեր։
Վերջին օրերին Հենոն Հայաստանում է, եւ բնական է, որ ով հանդիպում, լուսանկարվում է քայլող լեգենդի հետ։ Ֆեյսբուքյան ժապավենը լուսանկարներ բերեց, որ փաստում էին` Հենրիխ Մխիթարյանն իր ժամանակը, մասնավորապես, երեկոները անցկացնում է կիրթ, ինտելիգենտ մարդկանց հետ, եւ իր նախընտրությունն ամենեւին էլ կարերիստ երիտասարդությունը կամ թաղային հեղինակությունների շրջանակը չէ։
Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: