Կախարդական փայտիկը, Ծառուկյանի փյունիկացումն ու ԵԼՔ-ը - Mediamax.am

Կախարդական փայտիկը, Ծառուկյանի փյունիկացումն ու ԵԼՔ-ը
14998 դիտում

Կախարդական փայտիկը, Ծառուկյանի փյունիկացումն ու ԵԼՔ-ը


Այսօր, երբ ընտրություններն արդեն ավարտված են, կարող եմ ինձ թույլ տալ որոշ կարծիքներ արտահայտել դրանց մասնակիցների եւ առհասարակ գործընթացի մասին:

Նախեւառաջ, ինձ զայրացնում է Ֆեյսբուքում բարձրացված հիստերիան՝ «հերթական անգամ 5/10/15 հազար դրամով ժողովուրդը հայրենիքը վաճառեց»: Նման մեղադրանքներ կարելի է հնչեցնել միայն հստակ ապացույցների դեպքում: Իհարկե, եղել են մարդիկ, որոնք ընտրակաշառք են վերցրել, բայց իրենց անընդունելի քայլը վերագրել ողջ ժողովրդին նույնքան անընդունելի է: Անկեղծ ասած, ես ավելի շատ հարցեր ունեմ ընտրությանը չմասնակցած ընտրողների 40 տոկոսին, որոնց լիարժեք քաղաքացի կոչվելու իրավունքը գոնե ինձ համար վիճելի է:

Ուզենք թե չուզենք, պետք է խոստովանենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ասում էր, թե կախարդական փայտիկ չունի, կախարդական փայտիկ դարձավ ՀՀԿ-ի համար: Ակնհայտ է, որ առանց վարչապետի ՀՀԿ-ն չէր գրանցի այն արդյունքը, որն ունի: Կարող եք անվանել դա մանիպուլյացիա, հնարք կամ որեւէ այլ կերպ, բայց փաստը մնում է փաստ՝ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն տարավ իր ուսերի վրա, եւ շատերը դա գնահատեցին: Այլ հարց է, որ վարչապետը քիչ ժամանակ ունի՝ իր մտադրությունների լրջությունը ապացուցելու եւ իր՝ «գեղեցիկ դեկորացիա» լինելու մասին պնդումները գործով հերքելու համար:

Իհարկե, ֆենոմեն է, թե ինչպես մարդիկ այդքան ձայներ տվեցին Գագիկ Ծառուկյանին, որին ՀՀԿ-ն քաղաքականապես եւ բարոյապես ոչնչացրեց
ընդամենը երկու տարի առաջ: Զարգացած ժողովրդավարական երկրում Ծառուկյանի comeback-ը անհնարին կլիներ, բայց մենք տեսանք, որ նա ոչ միայն «կուլ տվեց» իր հասցեին արված տհաճ արտահայտությունները, այլեւ «հառնեց Փյունիկի պես»: Եվ որեւէ մեկը ընտրարշավի ժամանակ չհարցրեց՝ եթե իր մասին երրորդ դեմքով խոսող պարոն Ծառուկյանն այդքան մտածում է ժողովրդի մասին, ապա ինչո՞ւ է նա մշտապես գլխավորում Ազգային Ժողովի նիստերը արհամարհող պատգամավորների ցուցակը:

Ընտրարշավի ընթացքում որեւէ մեկը նաեւ Սեյրան Օհանյանին չհարցրեց այն մասին, թե ամսական որքան «վարձ» է վճարում այն առանձնատան համար, որտեղ բնակվում է «վարձով»: Փոխարենը, իհարկե, շատ ավելի լուրջ հարցեր հնչեցին, որոնց պատասխանները ոչ միայն համոզիչ չէին, այլ հեգնական ժպիտ էին առաջացնում նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր միշտ համակրել են պատերազմի հերոս գեներալին:

Քաղաքագիտական առումով ՕՐՕ դաշինքը թյուրիմացություն էր, եւ մարդիկ իրենց քվեարկությամբ ապացուցեցին, որ նման արհեստական միավորումներին չեն վստահում: Անձնական համակրանք ունեմ Վարդան Օսկանյանի հանդեպ, սակայն դեռ հինգ տարի առաջ «Գագիկ Օսկանյան» թե՞ «Վարդան Ծառուկյան» սյունակում կանխատեսում էի, որ անբնական ու անտրամաբանական դաշինքները նրա հետ չար կատակ են խաղալու: Եվ արդեն 2012 թվականի աշնանը պարզ էր, որ կանխատեսումներս ճիշտ են…

Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա 2013 թվականին իրեն բաց նամակի նման մի բան գրեցի, որի պատասխանը, իհարկե, չստացա: Ցավոք, կիրթ ու պարկեշտ մարդ լինելով, Րաֆֆի Հովհաննիսյանը այս 20 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ զգալ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու նրբությունները եւ մարդկանց անիրական խոստումներ տալու հետեւանքները:

Ընտրարշավի ժամանակ Արթուր Բաղդասարյանը եւս կարեւոր հարցերի չպատասխանեց: Նախ, չասաց, թե ինչպես եւ ինչ պայմաններով կոալիցիա կազմեց 2008 թվականին՝ մեծագույն ծառայություն մատուցելով իշխանություններին եւ զրկելով ՀԱԿ-ին հետագա պայքարի շանսերից: Ինչպես նաեւ չասաց, թե ութ տարի զբաղեցնելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչպե՞ս չէր նկատում բոլոր այն թերությունները, որոնց մասին խոսում էր ընտրարշավի ժամանակ:

Ամեն անգամ ժողովրդին մեղադրելով այս կամ այն քայլը անելու կամ չանելու համար, մի մոռացեք, որ մարդիկ շատ բան տեսնում ու հասկանում են: Ու եթե նրանք դժգոհ են իշխանություններից, դա դեռ չի նշանակում, որ ընտրելու են նրանց, ում անկեղծությունը ու բարոյականությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Երեւի թե անկեղծությունը եւ թարմությունը ԵԼՔ դաշինքի հաջողության գլխավոր գրավականն էր: Ինչպես մի քանի օր առաջ ասաց Նիկոլ Փաշինյանը, իրենք, դռնեդուռ շրջելով, կարողացան կոտրել այն կարծրատիպը, որ պատգամավորը պետք է շրջապատված լինի թիկնապահներով եւ շրջի թանկ մեքենայով: Բայց հիմա է սկսում ԵԼՔ-ի իրական փորձությունը՝ այն լինելու է Ազգային Ժողովում միակ ընդդիմադիր ուժը եւ որոշիչ ձայներ չունենալով՝ պետք է գտնի իր հետագա քաղաքական գործունեության մոտիվացիան:

Վերջում էլ ցանկանում եմ ասել, որ իրական գործը պետք է արվի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ դրանց միջեւ ընկած ժամանակ՝ ամեն օր: Եվ ամենեւին պարտադիր չէ, որ այդ գործը անմիջական առնչություն ունենա քաղաքականության հետ: Ես, օրինակ, վստահ եմ, որ երբ մեր երկրում կան նվիրյալ ուսուցիչ Անուշ Մուրադյանի նման տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երիտասարդներ, մենք լավ ապագա ենք ունենալու: Հենց իրենք են փոխելու այս երկիրը: Իրականում՝ արդեն փոխում են:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին