Օսկանյանի ցավալի մենությունը - Mediamax.am

Օսկանյանի ցավալի մենությունը
11729 դիտում

Օսկանյանի ցավալի մենությունը


Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունը կարող է վկայել այն մասին, որ Հայաստանի նախկին արտգործնախարարը սկսում է հիասթափվել ԲՀԿ-ից ու վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանից:

Դեռ փետրվարին, երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց ԲՀԿ-ին անդամակցելու մասին, կարծիք հայտնեցի, որ այդ դաշինքն անբնական է եւ հակառակը ապացուցելու համար Օսկանյանից ու Ծառուկյանից կպահանջվեն մեծ ջանքեր ու զիջումներ: Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանը նման զիջումների պատրաստ չէ:

Առաջին անգամ դա հստակ երեւաց այս տարվա հունիսին, երբ Հրաչյա Ռոստոմյանը դարձավ կառավարության անդամ` գլխավորելով սպորտի եւ երիտասարդության նախարարությունը: Պաշտոնապես նա ԲՀԿ անդամ չէր համարվում, սակայն պարզ էր, որ չէր կարող կառավարության անդամ դառնալ առանց Գագիկ Ծառուկյանի գործուն մասնակցության: Դա տեղի ունեցավ կոալիցիա չկազմելու ԲՀԿ հայտարարությունից եւ Օսկանյանին «փողերի լվացման» գործով որպես վկա հրավիրելուց հետո եւ վկայում էր այն մասին, որ անկախ ամեն ինչից պարոն Ծառուկյանը մտադիր չէ զիջել իր ազդեցության կարեւորագույն ոլորտներից մեկը`սպորտը: Բնական է, որ ԲՀԿ ղեկավարի նման որոշումը առավել քան ձեռնտու էր իշխանություններին:

Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարության մեջ կարելի է նկատել կուսակցական կարգապահության երկու հստակ խախտում: Նախ, ընդունված չէ «անձնական կարծիք» հայտնել նման կարեւոր քաղաքական հարցի շուրջ այն դեպքում, երբ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը հրապարակված չէ: Դա կարող է վկայել այն մասին, որ «անձնական կարծիք» հայտնողին չի գոհացնում այն փաստը, որ կուսակցության որոշումն ուշանում է: Եվ երկրորդը. փոքր-ինչ տարօրինակ է հնչում արտահայտությունն այն մասին, որ «եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»:

ԲՀԿ-ն կառուցված է մեկ մարդու շուրջ եւ այդ մարդը Գագիկ Ծառուկյանն է: Եթե Գագիկ Ծառուկյանը «չուզենա» իր թեկնածությունը դնել, դա կնշանակի, որ նա չի ուզում առճակատման գնալ իշխանության հետ եւ գտել է Սերժ Սարգսյանի հետ քիչ թե շատ խաղաղ գոյակցության շարունակման տարբերակը: Այդ դեպքում դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ն կարող է իր թեկնածու հռչակել Վարդան Օսկանյանին: Իհարկե, Վարդան Օսկանյանը կարող է առաջադրվել որպես ԲՀԿ անդամ, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ կուսակցական կառույցները կաշխատեն նրա օգտին այնպես, ինչպես դա կանեին Ծառուկյանի դեպքում: Իսկ դա նշանակում է, որ նախագահական ընտրություններում հաջողության հասնելու Վարդան Օսկանյանի շանսերը կհավասարվեն զրոյի:
 
Այն, ինչ այսօր կատարվում է Վարդան Օսկանյանի հետ, իրականում ողբերգություն է` մարդկային ու քաղաքական: Նա ստիպված է պայքարել ոչ միայն իրեն ներկայացված անհասկանալի ու անհեթեթ թվացող մեղադրանքների հետ, այլեւ, կարծես, սկսում է հասկանալ, որ ԲՀԿ-ին անդամագրվելու իր որոշումը սխալ էր, քանի որ այդ կուսակցությունում ինքը երբեք չէր կարող «յուրային» համարվել: Իսկ եթե նա ակնկալում էր աջակցություն ստանալ Ռոբերտ Քոչարյանից, ապա երկրորդ նախագահի հայտարարությունը կարող էր իր համար լավագույն դեպքում բարոյական մխիթարանք լինել:

Ըստ էության, Վարդան Օսկանյանը հայտնվել է մենության մեջ ու պայքար է մղում միանգամից մի քանի ճակատներում: Իսկապես ցավալի է դրա ականատեսը լինել: Բայց այն, ինչ կատարվում է Օսկանյանի հետ, նաեւ ցավալիորեն օրինաչափ է մեր իրականության համար: Այդ իրականությունն այն է, որ եթե վաղը Գագիկ Ծառուկյանն, օրինակ, հայտարարի, որ կուսակցությունը որոշել է սատարել Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ում չի լինի եւ ոչ մի մարդ, ով հրապարակավ կքննադատի այդ որոշումը: Այդ իրականությունն այն է, որ իշխանության գործուն աջակցությամբ Գյումրիի քաղաքապետ դարձավ ԲՀԿ անդամը, փոխարինելով երկրի երկրորդ քաղաքի գլխին բոլոր հնարավոր ու անհնար խաղերը խաղացած ՀՀԿ-ական քաղաքապետին: Այդ իրականությունն այն է, որ Հովիկ Աբրահամյանին մամուլում առավել հաճախ հիշատակում են որպես Գագիկ Ծառուկյանի խնամի, այլ ոչ թե Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ` առաջին «տիտղոսը» երկրորդից բարձր դասելով: Այդ իրականության մեջ Վարդան Օսկանյանի նման մարդիկ իսկապես շատ քիչ շանսեր ունեն, իսկ անբնական դաշինքների կնքումը նրանց միայն ավելի խոցելի է դարձնում:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին