Նրան բոլորը, անխտիր բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր իշխանության բարձրադիր միջավայրում են հանգրվանել, թե խոսել են, նրա մասին ասել են` հաց բերողը։ Բայց նա, որ հաց բերող չէր, այլ ծռերին հաց տանող, հաց տանող չհամարվեց, ընդունվեց ու մականվանվեց` հաց բերող։
Տանում են, եթե անգամ հաց, տանում են ուրիշներին, բերում են, եթե նույնիսկ ուրիշներին եւս, ապա հաստատապես` նաեւ մեզ։ Ու թե սա էլ գիտակցված է, ապրված է ու ասվում է ոչ իբրեւ եզր շտամպային մտածումի, ուրեմն ամենքը, այդ մեզ-մենքից յուրաքանչյուրն ասում ու խոստովանում է` ես էլ եմ նրա բերածից իմ բաժինը ստացել, ստացել եմ այս գաղջ իրականության իմ բաժինը հաղթահարելու հունցվածքը։ Թե ինչ է այդ ստացվածքն ու թե ինչ կստացվի-կդառնա, դժվար, շատ դժվար է ասել, գոնե քանի դեռ ու դեռեւս ամենքը, նախեւառաջ իրենք իրենց հետ ու առաջին հերթին իրենց համար անձնապես չեն պատկերացրել, թե ինչ էր, որ բաժին հասավ իրենց եւ արդյոք, իրոք, իրենք ուզում են, որ ստացվածքը իմաստ դարձած մնա իրենցը։
Հաց բերողի արածը աստվածաշնչյան սերմնացանի գործին է նմանվել, ում մասին Քրիստոսն էր պատմում, որ նա հասկ էր սերմում ու թե ցորենն ընկել է ճանապարհի եզրին, ուրեմն երկնքի թռչուններն են տարել, թե քարքարուտի մեջ, ապա սերմը չի կարող արմատներ ձգել, թե փշի ու տատասկի մեջ, ապա աճ տալու ելք ու հնար չկա, իսկ թե բարի երկրի մեջ, լսում եք, Աստվածաշունչն է ձեւակերպում այդպես, բարի երկրի մեջ, ապա լինելու է հասկը, տալու է իր բերքը։ Ու թե երկիրը բարությամբ ընդունեց սերմդ, ապա վարձքդ էլ, վաստակդ էլ կատար են, կարող ես անհոգ լինել……Հացդ ամենեցուն բերված, սրբված նշխարք է դառնալու…..
Բայց ճանապարհը երկար է. որովհետեւ բնության մեջ հացը չկա, հացը արդեն մշակույթ է, այն մարդն է ավելացրել կյանքին, հացն ստեղծվել ու ստեղծագործվել է, հավելվել իրականությանը, քրտինքով, չարչարանքով, արդեն դարեր` ամեն օր, հազարամյակներ ու ամենայն ժամ, երբ ցանք են անում, վար ու կալ են անում, խնամում են, ջուր են անում, հունձք են անում, ալյուր դարձնում, մշակում, խմոր շաղում ու հաց թխում………ու ստանում բարի երկրի արդար բերքը, հացն արդար քրտինքի ու աշխատանքի …….
Որպեսզի հացը ստեղծագործություն դառնա, քրտինք, նպատակային ու գիտակցված քրտինք է ուզում, բնությանը հավելվող աշխատանք, մշակում։ Ինչ ցանես, այն էլ կհնձես, այն էլ կստանաս, շուտ, թե ուշ հնձելու ես, տիեզերական շրջանառության օրենքով է այդպես սահմանված, գրեթե անխուսափելի…. Ուրեմն երանի ասենք բարության ու խղճի սերմնացաններին……
Իսկ այլ տարբերակ չկա պարզապես….հացն հանապազօրյա է, ամեն օր է, ամենեցունն է, իսկ դա արդեն աստվածային իմաստի իրողություն է, այն Աստծո պարգեւն է մարդկանց, որպես նրանց կենսագոյի հիմքը հիմաց։
Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր - աղոթքի հասցեատերը հաց տվողն է, Հայրը մեր, երկնավորը, եւ նրա որդին, Հիսուսը Քրիստոս, որ հազարավոր ժողովուրդ կերակրեց անապատում, երբ զամբյուղում կար ընդամենը յոթ հաց……………
Քրիստոսավարք էր հաց բերողի արարքը…….. ինքը չասաց դրա մասին, չփորձեց իմաստ տալ իր արածին, ով աչք ուներ տեսավ…. Իրեն առաջնորդողն իր խիղճն էր, իր համոզումը, ու ինքը հաց բերող դարձավ….. չընկալվեց սոսկ իբրեւ հաց տանող։ Ամենայն կասկածառանցք խոսակցություն ի չիք դարձրեց, խիզախեց արածն առանց դույզն-ինչ ընդգծելու, առանց որեւէ ցուցադրության։
Ու եթե կան ոմանք, ում նրա արարքն ու դրա մեջ հացի խորհուրդը, որպես գոյի, մտքի, սրտի ու հոգու նշխարքի, անիմաստ կթվա, թեկուզ եւ չապրված-չգիտակցված իրենց ձեւական հպարտությունը թող մտաբերեն, ոչ մեծ վաղեմության իրենց հպարտությունը, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ լավաշին հայոց հասցեն տվեց, հաստատելով կեցության իմաստի արձանագրումը հայոց հացի մեջ, նաեւ` ոչ միայն պարզունակ, նյութեղեն հացիվը մեզնում։
Հանգչիր խաղաղությամբ, հաց բերող։ Քո մահը չեմ սգում, որովհետեւ սգում, տխրում են կորցրածի համար, հիմա դու այլեւս բյուրերինն ես` որպես մարդկայնության պատգամ, ով հարստացրել է այլոց, իսկ երբ այդպես է…. սուգը պարզապես կուչ է գալիս հպարտության զգացումի առջեւ։
Մաղթանքս մեկն է` շիրիմիդ, որ հաստատապես տասնյակ տարիներ, որտեղ էլ այն լինի, դառնալու է ուխտատեղի, մշտապես հասնեն լուրեր, որ քեզ իր գիրկն առած հողը բարի, այլեւս այնպիսի հաց է տալիս, որ ամենայն մարդ երկրումդ իր հացն հալալ է վաստակում…….. անշուշտ, նախեւառաջ դա ապրողներիս է հարկավոր………….եւ գուցե թե դու էլ խաղաղվես…….
Արմեն Զաքարյանը Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: