Ինչպես ավարտել այս պատերազմը - Mediamax.am

Ինչպես ավարտել այս պատերազմը
43114 դիտում

Ինչպես ավարտել այս պատերազմը


Այս պատերազմը մեզ պարտադրված է մեր պատմությամբ։ Չկարողանալով հաղթել եւ պահպանել մեր անկախությունը 1920 թվականին, մեր պապերը սերունդներին ժառանգություն են թողել հարեւանների հետ չլուծված հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր չէ կողմերի միջեւ պարզ փոխզիջումների տրամաբանությամբ։ Այս հակամարտությունը վերաբերում է ամբողջական կենսատարածքի նկատմամբ իրավունքին, եւ կամ մենք կարողանում ենք այդ կենսատարածքը պահպանել, կամ ստիպված ենք լինելու վաղ թե ուշ հեռանալ այս տարածաշրջանից, մեր կյանքն ու երջանկությունը այլ ափերում փնտրելու։ Մեր ժողովրդի երկու երրորդը, բավարար ուժ եւ կարողություն չունենալով այս տարածքում պայքարելու եւ իր ապագան կառուցելու, արդեն հեռացել է այստեղից, եւ նույն ապագան է սպառնում մնացողներին, եթե մենք չկարողանանք գտնել կայուն խաղաղություն նվաճելու բանալին։

Այսօր, մենք ունենք երկու մոտեցում, դրված շրջանառության մեջ՝ մեկը գործող իշխանության կողմից, մյուսը՝ «օր առաջ խաղաղության կուսակցության» կողմից։

Իշխանության մոտեցումը հիմնված է 1994 թ. ձեւավորված դե ֆակտո առաջնագիծը պաշտպանական միջոցներով անվերջ երկար պահելու վրա, այն հաշվարկով, որ հակառակորդը վերջ ի վերջո համակերպվի Արցախի հայկական մասի կորուստի հետ, եւ պատրաստ լինի որոշակի տրամաբանությամբ իրավականորեն ճանաչել այդ կորուստը՝ դեռեւս հայությամբ չբնակեցված տարածքների վերադարձի դիմաց։ «Օր առաջ խաղաղության կուսակցությունը» համարում է, որ ստատուս քվոն պահպանել իրատեսական չէ, հակառակորդը ունի ռեսուրսային այնպիսի գերազանցություն մեր նկատմամբ, որ տարեցտարի ներդնելով սեփական ռազմական, դիվանագիտական եւ մարդկային կարողությունների մեջ, կկարողանա վաղ թե ուշ խախտել այդ ստատուս քվոն, եւ կպարտադրի մեզ հանգուցալուծում, որն ավելի վատն է, քան այսօր սեղանին դրված բանակցային փաթեթը։

Հասարակությունը կանգնած է երկընտրանքի առջեւ։ Սրտով հայկական հասարակության մեծ մասը պատրաստ է անձնվիրաբար պաշտպանել արյունով ազատագրված հայրենիքը, մտքով սակայն այն վարանման մեջ է։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես իշխանությունը, որն ի պաշտոնե պարտավոր էր ամրապնդել երկրի անվտանգությունը, փոխարենը տարիներ շարունակ աշխատում էր սեփական անվտանգությունը եւ բարեկեցությունը ամրապնդելու վրա, տեսնում են, թե ինչպես է ուժեղացել հակառակորդը եւ պարբերաբար ցավոտ խայթում է մեր պաշտպանությունը, տեսնում են դաշնակիցների անտարբերությունը եւ հակառակորդին սիրաշահելը։ Եթե նույնիսկ այսօր մարտի դաշտում հերոսաբար դիմադրում ու համարժեք կորուստներ ենք պատճառում հակառակորդին, կկարողանա՞նք արդյոք դա անել մի քանի տարուց, երբ մեր դիրքերի վրա հակառակորդի ասկյարների փոխարեն հարձակվեն մարտական ռոբոտները։ Եվ ինչ կլինի մեզ հետ, եթե արեւմտյան սահմանից, որ մինչ այժմ հանգիստ էր, եւս սկսեն որոտալ հրանոթները, եւ Երեւանի վրա սկսեն թափվել թուրքական հրթիռները։

Այս հարցերը պարապ մտքի արգասիք չեն, եւ պատահական չէ, որ «օր առաջ խաղաղության» մասին թեզերը, եթե եւ չեն ընդունվում մարդկանց մեծամասնության կողմից, բայց եւ անհանգստության սերմեր են ցանում։ Իրականությունը այն է, որ ձեւավորված ստատուս քվոն, առկա մեթոդներով, իսկապես անվերջ պահել հնարավոր չէ, վաղ թե ուշ հակառակորդը այն խախտելու ձեւը կգտնի, եւ մեզ կկանգնեցնի մեր պատմության հերթական «բարոյական հաղթանակի» առջեւ՝ կրկին անգամ մեր կենսատարածքի կրճատման հաշվին։

Սակայն լուծումը, որքան էլ պարադոքսալ, այսօր հակառակորդի հետ անվերապահ հաշտությունը չէ, առավել եւս, որ հակառակորդը արժանապատիվ հաշտության ցանկություն չի դրսեւորում, այլ այս պատերազմը այլ հարթություն տեղափոխելը, որում հակառակորդի առավելությունները կչեզոքանան, իսկ մենք պաշտպանվելու փոխարեն, կկարողանանք հակառակորդին պաշտպանություն պարտադրել։

Արդյո՞ք հնարավոր է այդպիսի շրջադարձ, եւ ի՞նչ մենք պետք է անենք, որ այն տեղի ունենա։ Այս հարցին պատասխանելու համար, սկզբից ցանկալի է անդրադառնալ մեր ոչ վաղ պատմությանը։

1992 թվականի ամռանը, նորանկախ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները բախվեցին իրենց գոյության առավել սուր ճգնաժամին՝ հետեւում էր մնացել Շուշի փառապանծ ազատագրումը, հակառակորդը նվաճել էր Մարտակերտի շրջանի մեծ մասը, գրավել էր Արծվաշենը, պատրաստվում էր կտրել Լաչինի միջանցքը, Երեւանում իշխանությունը խուճապի մեջ էր եւ էմիսարներ էր ուղարկում Բաքու՝ խաղաղություն խնդրելու։ Տառացիորեն կես տարի հետո, սակայն, հայկական ուժերը ազատագրեցին Մարտակերտը, զարգացնելով հակահարձակումը, ազատագրեցին Քարվաճառը, եւ հակառակորդին հետ շպրտեցին Լաչինի մատույցներից։ Հակառակորդի փախչող բանակը շրջվեց եւ գնաց «նվաճելու» Բաքուն, եւ առաջացած իշխանության վակուումից օգտվելով, հայկական ուժերը հետագա մեկ տարվա ընթացքում ազատագրեցին բոլոր այն տարածքները, որոնք դարձան Արցախի Հանրապետության երկարաժամկետ անվտանգության հիմնական գրավականը։

Ի՞նչ փոխվեց այդ վճռական կես տարում, եւ ի՞նչու է դա կարեւոր հիմա։ Իրականությունը այն է, որ այդ վճռական պահին մենք կարողացանք հաղթել ոչ միայն հերոսաբար կռվելու հաշվին (մինչ այդ էլ հերոսաբար էինք կռվում, բայց ստիպված էինք նահանջել հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ), այլ որովհետեւ կարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը, եւ կազմալուծել հակառակորդինը։

Մեր ուժերի մասով, այդ կես տարին հսկայական ճեղքման շրջան էր։ Մինչ այդ գործող թեթեւազեն կամավորական ջոկատներին եկան լրացնելու Հայաստանի Հանրապետության կանոնավոր զինված ուժերը, նախկին Խորհրդային Միությունից հավաքագրված բարձրորակ սպայական անձնակազմի ղեկավարությամբ։ Ռուսաստանի Դաշնությունից սկսեց Հայաստան առաքվել ժամանակակից սպառազինություն, որը արագ չեզոքացրեց հակառակորդի թվային առավելությունը։ Հակառակորդի մասով, մենք կարողացանք վարպետորեն խաղարկել նրա ներսում թուրքամետ եւ ռուսամետ բեւեռների միջեւ հակասությունները, եւ, չսպասելով այդ հակասությունների լուծմանը, հարձակվողական պատերազմ պարտադրեցինք, որում հակառակորդը, մեկ անգամ կորցնելով նախաձեռնությունը, չկարողացավ այլեւս ուշքի գալ։ Տառացիորեն մեկ եւ կես տարի անց, մեր գերազանցությունը արդեն այն կարգի էր, որ հակառակորդը, 1994 թվականի ձմեռային գործողությունների ընթացքում հազարավոր զոհեր թողնելով ռազմաճակատում, ստիպված էր արդեն ինքը զինադադար խնդրել։

Կարող ենք ա՞րդյոք մենք այս ռազմավարությունը կրկնել նոր պայմաններում, եւ ա՞րդյոք եւս մեկ անգամ մենք հնարավորություն ունենք թռիչքային զարգացում իրականացնել։ Մեր իրականությունը դրա նախադրյալները տալիս է, թեեւ դրանք, ինչպես եւ 1992 թվականի ամռանը, այս պահին բոլորովին ակնհայտ չեն։

Սկսենք մեր ուժերի մոբիլիզացիայից։ Եթե 1992 թվականին խնդիրը կանոնավոր եւ սպառազեն բանակ ստեղծելն էր, այսօր խնդիրը շատ ավելի բարդ եւ տարողունակ է, եւ չի սահմանափակվում բանակով։ Այսօրվա պատերազմը մղվում է ոչ այնքան մարտի դաշտում, որքան մարդկանց գիտակցության մեջ, եւ հակառակորդի հիմնական նպատակը մեզանից յուրաքանչյուրի գիտակցության մեջ հուսալքություն սերմանելն է՝ սեփական երկրի նկատմամբ, այդ դեպքում մենք կշարունակենք այն լքել, եւ մարտի դաշտը կթողենք հակառակորդին առանց կռվի։ Ուստի այսօրվա գերխնդիրը ողջ հայկական հասարակության ուժերի մոբիլիզացիան է, երկրում եւ արտերկրում՝ ստեղծելու ժամանակակից եւ դինամիկ զարգացող երկիր, որում արտագաղթը կփոխարինվի ներգաղթով արդեն մոտալուտ ապագայում։

Պայմանականորեն, այս գերխնդիրը կարելի է տարաբաժանել այն մի քանի մասի՝ ժողովրդավարական եւ իրավական պետություն, արագ զարգացող եւ միջազգայնորեն ինտեգրված տնտեսություն, անվտանգ եւ մարդակենտրոն հասարակություն, բարձր մարտունակ եւ տեխնոլոգիական բանակ, կրթված եւ մարտունակ բնակչություն՝ պատրաստ արագ համալրելու զինված ուժերը, եւ նախաձեռնողական դիվանագիտություն։ Կարող ենք ա՞րդյոք մենք այս ամենը ունենալ շարունակվող հակամարտության պայմաններում, հիմք ունենալով նաեւ այսօրվա հակասական իրողությունները։

Ինչպես եւ 1992 թվականին, հարցի պատասխանը պետք է փնտրել քաղաքական համակարգում։ Այն ժամանակվա իշխանությունը, ձեւավորված հեղափոխական խանդավառության վրա, սակայն լինելով խորապես ոչ կոմպետենտ, հստակ պատկերացում չուներ ազգի իրական ռեսուրսների մասին (մասնավորապես, ռազմական մասնագետների եւ առկա սպառազինության), եւ պարզապես չեր պատկերացնում իրավիճակից հնարավոր լուծումները։ Այդ իրավիճակը սկսվեց փոխվել միայն Հայաստանի եւ Արցախի բանակների ղեկավարության մեջ պրոֆեսիոնալների հայտնվելուց հետո։ Ներկայիս իշխանությունը, որը ձեւավորվել է հիմնականում վայրի կապիտալիզմի արդյունքում, մասամբ եւս հստակ պատկերացում չունի ազգի իրական ռեսուրսների մասին, մասամբ էլ խուսափել է մինչ այժմ այն մոբիլիզացնելուց, քանի որ սեփական քաղաքական իշխանության համար իրական վտանգներ է տեսել։

2016 թվականի ցնցումները, սակայն, իշխանությանը կանգնեցրել են երկընտրանքի առջեւ՝ կամ շարունակել նույն քաղաքական ուղեգիծը՝ ի վերջո արտաքին-քաղաքական խոշոր պարտության, եւ ներքին խորագույն ճգնաժամի հեռանկարով, եւ կամ փորձել համագործակցության եզրեր գտնել հայկական հասարակության այն ուժերի հետ, որոնք ընդունակ են որակական փոփոխություն ապահովել երկրում, սակայն դրա դիմաց իշխանությանը իրական մասնակցություն են պահանջում։ Այսօր մենք քաղաքական, տնտեսական, եւ հասարակական դաշտում տեսնում ենք նոր խաղացողների առաջացում, որոնք տիրապետում են որակապես այլ տիպի կարողությունների, քան մինչ այժմ գործող իշխանությունը, եւ այդ նոր խաղացողների գործունեության արդյունքում, մենք իրական շանս ունենք նոր քաղաքական օրակարգի ձեւավորման եւ ամրագրման՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Ի՞նչպիսին պետք է լինի այդ քաղաքական օրակարգը, որպեսզի ապահովի երկրի վերընթաց զարգացում, եւ որքանով իրատեսական է այն՝ առկա արտաքին վտանգների պայմաններում։

Երկրի տնտեսական զարգացումը առաջիկա տարիներին առաջին հերթին պայմանավորված կլինի տնտեսության հեռանկարային, մասնավորապես, բարձր տեխնոլոգիական ճյուղերում ներդրումային ակտիվությամբ, դա իր հերթին ռեսուրսներ կստեղծի մնացած ոլորտների զարգացման համար։ Հայկական հասարակության մեջ, եւ մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրներում այդպիսի ներդրումային ռեսուրսներ կան եւ կարող են ուղղորդվել Հայաստան, որն, իր հերթին, արդեն ունի բարձր տեխնոլոգիական ընկերությունների արագ զարգացող կորիզ։ Որպեսզի այդ ներդրումները Հայաստան գան, անհրաժեշտ է ներդրումային ծրագրերի տնտեսական գրավչության բարձրացում՝ ռիսկերի զուգահեռ նվազեցման պայմաններում։ Պահպանվող արտաքին քաղաքական բարձր ռիսկերի առկայությամբ, դա նշանակում է հնարավորինս նվազեցնել ներքին ռիսկերը։ Այս երկու վեկտորների միակցումը տրամաբանորեն սահմանում է տնտեսական աճի արագացման հիմնական գերակայությունները՝

Ա) Տնտեսական մրցակցության թափանցիկ եւ հավասար պայմանների ապահովում բոլոր տնտեսվարողներին, անկախ նրանց քաղաքական ազդեցությունից

Բ) Արագացված տնտեսական ինտեգրացում՝ Եվրոպական Միության, Ռուսաստանի Դաշնության, եւ Մերձավոր Արեւելքի բարեկամական երկրների հետ, բարձր տեխնոլոգիաների մասով՝ նաեւ Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալու հեռանկարով

Գ) Բյուջեի եկամուտների հավաքագրման բարձրացում երկրում առկա հարստությունը համարժեք հարկելու հաշվին, արտաքին պարտքի մակարդակի կայունացում եւ աստիճանական նվազեցում

Դ) Պետական ծախսերի օպտիմալացում եւ գերակայությունների վերակողմնորոշում՝ կրթության եւ պաշտպանական ոլորտի վրա, տարածաշրջանում գիտա-կրթական գերազանցության կենտրոնի ձեւավորում, բանակի տեխնոլոգիական վերազինում եւ ռազմարդյունաբերության զարգացում

Ե) Կանանց մասնագիտական ակտիվության եւ ներգրավվածության բարձրացում գործունեության բոլոր ոլորտներում, ներառյալ նաեւ պաշտպանական ոլորտում, երկրում առկա մարդկային ռեսուրսների առավելագույն օգտագործման նպատակով

Զ ) Անկախ եւ որակյալ դատաիրավական համակարգի ձեւավորում, ներդրողների եւ քաղաքացիների իրավական պաշտպանվածության ապահովում

Է) Հայրենադարձության աջակցում՝ որպես երկիր կապիտալի եւ կարողությունների ներգրավման, եւ արտերկրի հայության հետ իրական ինտեգրացման միջոց

Այս ամենը միասին իրականացնելը դժվար խնդիր է, բայց ոչ անհնարին։ Այն պահանջում է կառավարման որակապես նորացված համակարգ, որը ընդունակ է եւ մոտիվացված է՝ աշխատելու ձեւակերպված խնդիրների ուղղությամբ։ Այսօր մենք այդպիսի կառավարման համակարգ դեռեւս չենք ձեւավորել, առկա համակարգը ծանրաշարժ է, անհամաչափ բաշխված կարողություններով, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով, սերտաճած օլիգարխիկ վերնախավի հետ։ Առողջ եւ արդյունավետ կառավարման համակարգը երկիրը կարող է արագ զարգացման ճանապարհով տանել նույնիսկ պատերազմական պայմաններում, իսկ բարոյալքված եւ կոռումպացված համակարգը նույնիսկ խաղաղ երկիրը վաղ թե ուշ կբերի քաղաքացիական պատերազմի։ Ուստի ցանկացած առաջընթաց պահանջում է առաջին հերթին սկսել պետության կառավարման համակարգի բարեփոխումներից, այստեղ է մեր բոլոր խնդիրների բանալին, այստեղ է որոշվում վաղվա օրը։ Այսօր գոյություն ունի դրա պատմական հնարավորությունը, երկիրն ունի բազմաթիվ երիտասարդ եւ կարող մասնագետներ, որոնք պատրաստ են լծվել պետության արդիականացման գործին, համապատասխան քաղաքական առաջնորդության ներքո։ Այս առաջնորդությունը մենք կարող ենք ապահովել բոլորս միասին, թոթափելով հոռետեսությունը, եւ առաջիկա ընտրությունների միջոցով ձեւավորելով այն իշխանությունը, որին մենք պատրաստ կլինենք վստահել։

Եթե մենք կարողանանք լուծել մեր երկրի կառավարման համակարգը արդիականացնելու եւ օլիգարխիայից տարանջատելու խնդիրը, ապա կկարողանանք արագացնել երկրի զարգացման տեմպերը, ինչպես դա տեղի ունեցավ մեր հարեւան Վրաստանում։ Թեեւ չլուծված հակամարտության առկայությունը ավելացնում է երկրի ռիսկայնությունը, ներդրումների ներգրավվման տեսանկյունից դա ընդամենը մի գործոն է, որը կարող է հավասարակշռվել այլ, վերը նշված գործոններով, դրա վկան զինված հակամարտության վտանգ ունեցող այլ երկրների (ինչպիսին են Իսրայելը, Հարավային Կորեան, Թայվանը, եւ նույն Վրաստանը) արագընթաց զարգացումն է։ Այս դեպքում արդեն, կայուն խաղաղությանն ուղղված հաջորդ քայլը կդառնա մեր զինված ուժերի արմատական վերափոխումը, որոնք հնարավորություն կտա կտրուկ բարձրացնել դրանց կրակային հզորությունը եւ չեզոքացնել հակառակորդի ցանկացած առավելություն մարտի դաշտում՝ զուգահեռաբար բարձրացնելով մեր զինծառայողների անվտանգությունը: Այս մասին կարելի է խոսել առանձին, սակայն աշխարհի առաջատար բանակների փորձը ցույց է տալիս, որ մենք դեռ բանակի մարտունակության եւ կրակային հզորության բարձրացման հսկայական պոտենցիալ ունենք, որի իրականացումը հնարավոր է համարժեք միջոցների ներդրման եւ արդյունավետ կառավարման պայմաններում։ 

Երկու խոսք նաեւ մեր հակառակորդի մասին։ Մենք, չպետք է նրան թերագնահատենք, սակայն եւ գերագնահատել պետք չէ։ Ապրիլին հակառակորդի ձեռք բերած հարաբերական հաջողությունները մարտի դաշտում պայմանավորված էին հիմնականում անակնկալի գործոնով եւ ներմուծված թանկարժեք բարձր տեխնոլոգիական սպառազինության օգտագործմամբ: Նույնիսկ այդ պայմաններում հակառակորդը եռակի մեծ մարտական կորուստներ կրեց, մեր զինվորները եւ հրամանատարները բաց մարտում գերազանցեցին հակառակորդին։ Անակնկալի գործոնը այժմ արդեն նվազել է, իսկ տեխնոլոգիական առավելությունները կարելի է մի քանի տարում չեզոքացնել՝ մեր կողմից համապատասխան ներդրումների դեպքում։ Երկարաժամկետ հեռանկարում, սակայն, մեր նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես վերականգնել ուժերի հավասարակշռությունը, այլ օգտվել հակառակորդի ներքին թուլությունից, եւ կազմալուծել նրա կառավարման համակարգը, ինչպես դա տեղի ունեցավ 1993 թվականին։ Մենք, բնականաբար, մինչեւ վերջ չենք կարող ազդել հակառակորդի ներքին զարգացումների վրա։ Սակայն պետք է ուշադիր հետեւենք այդ զարգացումներին, եւ ձգտենք օգտվել մեր համար բարենպաստ միտումներից։ Այդպիսի միտումները մի քանիսն են, եւ 2016 թվականի ընթացքում նրանք սկսել են հստակ ուրվագծվել՝

Ա) Ադրբեջանը անցել է իր տնտեսական հնարավորությունների բարձրակետը, երբ այն կարող էր մեզնից տասնապատիկ բարձր բյուջետային եկամուտներ ունենալ, եւ անարգել ներդնել սպառազինությունների մեջ (2017 թ․ նախատեսված պետական բյուջեն զիջում է 2013-ին դոլարային արտահայտությամբ 2,5 անգամ)։ Անցած տարին աչքի ընկավ ոչ միայն այս երկրում տնտեսական անկմամբ, այլեւ խորացող ֆինանսական ճգնաժամով, մանաթը մեկ տարում արժեզրկվեց մոտ 75%-ով, ասպարեզ վերադարձավ արտարժույթի սեւ շուկան, բանկային համակարգը հսկայական կորուստներ արձանագրեց, գործազրկությունը աճում է արագ տեմպերով։ Այս ամենը խոսում է ներքին խորացող անվստահության եւ զարգացման ընտրած մոդելի փակուղու մասին, եւ եթե նավթի գները նորից հրաշքով չբարձրանան նախկին մակարդակին, տնտեսական ճգնաժամը ավելի խորանալու միտում ունի։ 

Բ) Ադրբեջանի ղեկավարությունը կարողացավ առավելագույն գովազդային արդյունք ստանալ ապրիլյան գործողություններից, մասամբ նաեւ մեր իշխանությունների անհաջող եւ իրարամերժ հայտարարությունների արդյունքում, եւ դա ստեղծեց հասարակական ակնկալիքների բարձր մակարդակ այդ երկրում։ Սակայն այս ակնկալիքները չեն նյութականանում, եւ սա հիասթափության նոր ալիք է ծնում։ Այս իմաստով, պատահական չէր Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած արկածախնդրությունը, եւ դրա լռության մատնումը՝ չստանալով իր ցանկացած գովազդային արդյունքը, հակառակորդի լրատվական մեքենան ստիպված էր կոծկել այն։ Հակառակորդի հետագա գործողությունները շատ բանով պայմանավորված են լինելու նույն գովազդային տրամաբանությամբ, եւ եթե մենք կարողանանք ձախողել այս ռազմական սադրանքները, ապա կդնենք նրան դրանց շարունակելու նպատակահարմարության եւ երկրում դեմքը կորցնելու ծանր երկընտրանքի առաջ։

Գ) Ադրբեջանը արեւելյան տիպի ավտորիտար միապետություն է։ Այսպիսի համակարգերը արտաքուստ կայուն են, երբ ունեն ուժեղ միապետ, սակայն միապետի ուժի խարխլվելու դեպում, միտում ունեն անկառավարելի քաոսի վերածվելու, դրա օրինակները մենք տեսել ենք Լիբիայում եւ Սիրիայում։ Այսօր դեռ վաղ է խոսել Ադրբեջանում մեծամասշտաբ անկայունացման մասին, սակայն դրա խորքային միտումները եւս ուրվագծվում են՝ մեկ տարի առաջ երկրի միապետ-նախագահը ստիպված եղավ կազմալուծել Ազգային անվտանգության ծառայությունը՝ իր իշխանությանը սպառնացող վտանգների պատճառով, իսկ տառացիորեն կես տարի առաջ՝ փոխել սահմանադրությունը, իշխանության ժառանգական անցումը դյուրացնելու նպատակով։ Որեւէ երաշխիք չկա, որ այդ անցումը հնարավոր կլինի իրականացնել անցնցում, կոշտ ավտորիտար կառավարումը ծնում է խոր հակասություններ նաեւ վերնախավի ներսում, որոն վաղ թե ուշ կարող են պայթել։

Դ) Ադրբեջանը, ի տարբերություն մեզ, իսլամական ֆունդամենտալիզմի թիրախ է դառնում։ Ունենալով հիմնականում աշխարհիկ եւ շահամոլ վարչակարգ եւ անկիրթ եւ ընչազուրկ բնակչության հոծ զանգված, այն աստիճանաբար տրամադրում է իր դեմ այդ տարրերին երկրի ներսում։ 2016 թվականին Նարդարան ավանում տեղի ունեցած իսլամիստների խժդժությունը հիշեցում էր նրա մասին, որ ջինն արդեն շշից դուրս է եկել, եւ իշխանությունները երկրի ներսում նոր ճակատ են ստացել, տարվա ընթացքում պարբերաբար տեղի ունեցող փոքր մասշտաբի բախումներն էլ ցույց են տալիս, որ Նարդարանի ճնշմամբ հարցը չի փակվել։

Ե) Եվ վերջապես, Ադրբեջանի հիմնական աշխարհաքաղաքական հովանավորը, Թուրքիան, ծանր օրեր է ապրում։ Այն ավելի եւ ավելի է թաղվում ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ, որն արդեն վերածվել է փաստացի քաղաքացիական պատերազմի, դարձել է բազմատեսակ ահաբեկիչների թիրախ, եւ մեկուսացել է ավանդական Արեւմտյան դաշնակիցներից։ Թուրքիան, որը մեծ եռանդով աջակցեց Ադրբեջանին ապրիլին, այսօր արդեն ստիպված է շատ ավելի շրջահայաց լինել՝ իր սահմաններին հակամարտության եւս մեկ օջախ չստանալու համար։

Իհարկե, այսօր դեռ վաղ է պնդել, որ Ադրբեջանում ընթացող իրադարձությունները արագ կկազմալուծեն այդ երկրի իշխանությունը, ինչպես դա տեղի ունեցավ 1993 թվականին։ Սակայն արդեն հիմա Ադրբեջանի իշխանությունը, բազմաթիվ չափումներով, ավելի թույլ է, քան տառացիորեն մեկ տարի առաջ, երբ այն սկսում էր ապրիլյան արկածախնդրությունը, եւ նրա գործողությունների ազատության աստիճանը նվազել է։ Հակառակորդին հեշտ չի լինելու շրջել ժամանակի անիվը, եւ վերադարձնել նավթային բումի տարիները, իսկ կուտակված հակասությունների իներցիան շարունակելու է նոր մարտահրավերներ բերել նրա առաջ։

Այս պայմաններում, մեզ պետք է կենտրոնանալ մեր ներքին խնդիրների արմատական լուծումների վրա, եւ պատրաստվել այն պահին, երբ հակառակորդի ավտորիտար համակարգի ներքին ապակայունացումը մեր առջեւ ճանապարհ բացի նախաձեռնողական ռազմավարության վճռական քայլերի համար։ Մեզ պետք չէ կառչել այսօրվա ստատուս քվոյից, այլ հետեւողականորեն գործել՝ բարենպաստ պահերին այն մեր օգտին փոխելու նպատակով։ Այս պատերազմը կավարտվի, երբ ոչ թե մենք, այլ հակառակորդը կանգնի Արցախից շատ ավելին կորցնելու իրական վտանգի առջեւ, եւ ստիպված լինի հաշտվել մեր գերակա ուժի հետ։

Ավետիք Չալաբյանը «Արար» հիմնադրամի Խորհրդի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին