10 խորհուրդ հայ գործարարներին` ինչպես բարձրացնել ՕԳԳ-ն - Mediamax.am

10 խորհուրդ հայ գործարարներին` ինչպես բարձրացնել ՕԳԳ-ն
7680 դիտում

10 խորհուրդ հայ գործարարներին` ինչպես բարձրացնել ՕԳԳ-ն


Այս սյունյակը գրելիս զանգ ստացա ստվարաթղթի վաճառքի մենեջերից: Երեք րոպե տեւած խոսակցության մեկ րոպեն նվիրվեց արկղների հարցին: Հասկանալով, որ մենք դեռ խոշոր հաճախորդ չենք, իմ զրուցակիցն անդրադարձավ սեփական մեղվաբուծական փորձին, պատմեց, որ ցանկություն ունի այն վերսկսել, փորձեց խորանալ մեղուների բուժիչ հատկությունների մեջ, սակայն ես սկսեցի ավարտել խոսակցությունը: Մենեջեր Արթուրը չէր հանձնվում. Հարցրեց՝ քանի փեթակ ունենք, ճշտեց, եթե ռուս եմ, որտե՞ղ եմ ծնվել եւ ինչո՞ւ հայերեն չեմ խոսում: Ստիպված էի հարգալից ավարտել խոսակցությունը եւ խնդրել, որ կարճ հաղորդագրությամբ ուղարկի իր կոնտակտները, որպեսզի կարողանանք հետը կապվել, երբ ստվարաթղթե արկղների կարիք ունենանք:

Երեւանում կես տարի աշխատելուց հետո ինձ մոտ մի շարք խնդրանքներ առաջացան տեղի ձեռներեցներին: Որպեսզի մենք կարողանանք հարմար ու արդյունավետ աշխատել միմյանց հետ․

1. Արձագանքեք նամակներին: Եթե ձեզ հարցում են ուղարկել գնի, ծառայության մատուցման եւ այլնի մասին, պետք չէ զանգահարել՝ առաջարկելով հանդիպել ու քննարկել: Հավաքվեք, սուրճ խմեք եւ պատասխանեք նամակին: Թեեւ, իհարկե, վատագույն տարբերակն այն է, երբ նամակն ընդհանրապես մնում է առանց պատասխանի:

2. Մեկ քայլ առաջ մտածեք, այլ ոչ թե պահի շահի մասին: Եթե ձեր առջեւ ռուսներ են, դա դեռ չի նշանակում, որ կարելի է անսահմանափակ բարձրացնել բյուջեն: Հասկանալով, որ ինձ խաբում են, ես 5 րոպեում կստուգեմ այդ գինը եւ ձեզ այդ մասին կտեղեկացնեմ, իսկ դուք հիմար դրության մեջ կհայտնվեք:

3. Եթե մենք առաջին հանդիպմանը պայմանավորվել ենք, որ պետք է գնային առաջարկ անեք եւ հետո դա քննարկենք, պետք չէ ընդամենը երեք ժամ անց զանգահարել եւ հարցնել, թե երբ ենք մենք կանխավճար կատարելու: Ու եթե ձեզ խնդրում ենք «ամեն դեպքում ուղարկել գներն ու պայմանագրի օրինակը», դուք նեղանում եք եւ ոչինչ չեք անում:

4. Եթե դուք ցանկանում ենք ինձ խորհրդատվական ծառայություններ առաջարկել, պետք չէ ձեր հաճախորդների ու կատարած գործերի մասին պատասխանել. «Լուրջ չեմ համարում մեր գործունեության մասին զեկուցելը»: Եվ առավել եւս պետք չէ նեղանալ եւ ասել. «Ես եկա առաջարկով ու գնացի»: Նեղություն քաշեք պատրաստվել, եթե ցանկանում եք հաճախորդին ծառայություն վաճառել:

5. Կարճ հաղորդագրություններ եւ մեսենջերներ օգտագործեք: Դա շփման նորմալ ձեւ է եւ թույլ է տալիս ժամանակ տնտեսել ու ըստ էության պատասխանել: Եթե դուք աշխատում եք վաճառքների կամ PR-ի ոլորտում, պետք չէ ասել, որ սկզբունքորեն չեք օգտագործում վերոհիշյալ միջոցները եւ նախընտրում եք զանգահարել: Ուրեմն ես էլ կնախընտրեմ մեկ ուրիշի հետ աշխատել:


6. Վճարման մասին հարցին պետք չէ պատասխանել «հենց որ, միանգամից»: Մենք ձեր ապրանքը բերում ենք, երբ ցանկանում եք, այլ ոչ թե ձեր պատասխանած ձեւով: Նման դեպքերի համար ավելի հարմար ձեւակերպումներ կան, փորձեք տարբերակներ գործածել:

7. Եթե դուք Ռուսաստանի հայ եք՝ փոքր խանութների ցանցով ու մեծ երեւակայությամբ, պետք չէ խորամանկություն անել եւ հնարավոր գործընկերների փորձն ու գիտելիքները օգտագործել սեփական շահերի համար: Առաջին անգամ դա գուցե եւ անցնի, բայց հետո դուք շփոթվելու եք սեփական բացատրությունների մեջ, խառնվելու եք պատճառահետեւանքային կապերի մեջ, եւ վերջում դա ծիծաղելի կլինի:

8. Պետք չէ նեղանալ, եթե նախնական խոսակցությունը չի ավարտվել պայմանագրի ստորագրմամբ: Առավել եւս պետք չէ ասել, որ դուք «արդեն ամեն ինչ գնել /արտադրել /փաթեթավորել եք անմիջապես մեր հանդիպումից հետո, որովհետեւ մենք պայմանավորվել ենք»: Եթե մենք պայմանավորվել ենք, ուրեմն պայմանագիր ունենք: Եթե պայմանագիր չունենք, ուրեմն դեռ չենք պայմանավորվել:

9. Եթե ձեզ հայտարարվել է գնման գինը, պետք չէ հարցնել․ «Իսկ ավել չե՞ք տա»: Ոչ, չեմ տա:

10. Եվ դասականը. պետք չէ հավանական հաճախորդին զանգահարել ուրբաթ օրը 21:00-ից ուշ, որովհետեւ հետո նեղանում եք, որ ձեզ չեն պատասխանում, ու սկսում եք զանգերով գնդակոծել շաբաթ առավոտյան՝ մինչ սուրճը:

Ի դեպ, Արթուրը այդպես էլ իր կոնտակտները կարճ հաղորդագրությամբ չուղարկեց: Կշարունակենք ստվարաթղթե արկղները պատվիրել հին մատակարարից:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին