Լավ տարի կամ «Made in Armenia» ստարտափի ժամանակագրությունը - Mediamax.am

Լավ տարի կամ «Made in Armenia» ստարտափի ժամանակագրությունը
12067 դիտում

Լավ տարի կամ «Made in Armenia» ստարտափի ժամանակագրությունը


Չինական Նոր տարվա օրերին գուցե ճիշտ ժամանակն է՝ ամփոփելու նախորդ տարին եւ երազանքներ պահելու 2016թ. համար:

Ապրիլին դուք ընկերություն եք գրանցում Հայաստանում եւ նույն օրն իմանում եք, որ երեխա եք ունենալու: Երկու նախագիծ միաժամանակ սկսելը շատ զիլ է՝ համոզում ես ամուսնուդ: Հասկանալով, որ խաղաղ ատոմը հանդարտեցնել հնարավոր չէ, նա համաձայնում է բիզնես սկսել:

Մեկ ամիս տեւում է իրերի հավաքումն ու մեքենայով դեպի Երեւան ճանապարհորդությունը: Այդ փուլում մտահոգվում ես այն բանով, թե ինչ թուղթ պետք է օգտագործես այցեքարտերի համար՝ հասարա՞կ, թե՞ դիզայներական: 

Մայիսի սկզբին գալիս ես Երեւան: Մոսկվայի անվերջ ձմեռվանից հետո ամառ ես ակնկալում, բայց քո նոր հայրենիքը դիմավորում է քեզ չտեսնված ցրտով, որի նմանը չի եղել «ԽՍՀՄ տարիներից ի վեր»:

Ձեռքիդ ունես մեքենա, գրասենյակ, 2 տոննա շուշեղեն: Շատ ցուրտ է: Վախեցած սկսում ես մտածել տուն վերադառնալու մասին:

Առաջին երկու շաբաթն անցկացնում ես կապեր հաստատելով: Գործարանի հարեւանները սկսում են ակտիվորեն հետաքրքրվել, թե ինչ է կատարվում, մեղր առաջարկել, հարազատներին խորհուրդ տալ աշխատանքի ընդունել:

Յուրացնում ես Հայաստանում բիզնես վարելու բյուրոկրատական եւ իրավական առանձնահատկությունները: Ամեն բան, պարզվում է, այդքան էլ բարդ չէ ու իրագործելի է:

Զուգահեռաբար ծանոթանում ես տեղի առողջապահության համակարգի հետ: Համոզում ես բժիշկին, որ յոգան պարտադիր չի նշանակում պահարանի վրայից ցատկել: Սովորում ես, որ մեկ հղիի հետ բժիշկի սենյակում գտնվում են սկեսուրը, մայրն ու ամուսինը, եւ բոլորի կարծիքը ավելի կարեւոր է, քան հենց հղիինը: Մի երկու անգամ բժշկին այցելում ես ընկերուհուդ հետ, որ «իմանան՝ դու մենակ չես եկել»:

Մի երկու ամսից ուժասպառ ես լինում, հոգնում ես օտարությունից ու գնում Մոսկվա: Կենտրոնի ռեստորաններից մեկում հանկարծ գիտակցում ես, որ օդում ցինիզմ է զգացվում ու հոգեւորի պակաս: Հիշում ես Կասկադը ու փախչում այդ բանկիրներից: Մեկ շաբաթից վերադառնում ես Երեւան:

Նոր կապեր ես ձեռք բերում, նոր ծանոթություններ: Զարմանում ես մարդկանց բաց ու բարյացակամ լինելուց՝ համեմատությունը Մոսկվայի օգտին չէ:

Պատահական ծանոթությունները Ֆեյսբուքում, երբ գրում են «Կարդացի ձեր պատմությունը, եթե օգնություն է պետք, միշտ գրեք, ես ժամանակ ունեմ, մեքենա, ընկերներ եւ այլն»՝ Մոսկվայի համար անհասանելի մակարդակ է: Իսկ այստեղ դրանք վերածվում են ընկերության: Ախ այդ «հայկական ձեւերը»: Կյանքն ավելի է հետաքրքրանում:

Բիզնես պլանն իրականության փորձություն է անցնում: Հիշում ես բիզնես դպրոցի ծրագրի բոլոր մոդուլները: Թղթի վրայի պլանն ու իրականությունը փոքր ինչ տարբերվում են: Ստիպված ես համապատասխանեցնել ցանկություններդ հնարավորություններիդ: Բաղադրատոմսերի փորձարկումները, հումքի ընտրությունն ու գնումները, տեխնոլոգիական քարտերի պատրաստումը, հարկման նրբությունները՝ կյանքն այսքան հետաքրքիր դեռ երբեք չէր եղել:

Հասկանում ես տարբերությունը կորպորատիվ կյանքի ու սեփական բիզնեսի միջեւ: Այցեքարտերի թղթի հարցն այլեւս չի մտահոգում: Այցեքարտերը պետք է լինեն պատշաճ ու ոչ թանկ: Վերջին պայմանը շատ կարեւոր է:

Կամաց-կամաց Երեւանը վերածում ես long week-end-ի այլընտրանքային ուղղության ընկերներիդ համար: Ընկերուհիներդ սկսում են պարբերաբար «դեսանտով իջնել» Մոսկվայից: Նրանց հետաքրքրությունն ավելի ես հրահրում սուրճի բաժակով գուշակությունների մասին պատմություններով:

Վարժվում ես ավանդական «Ինչո՞վ օգնենք» հարցին եւ այն փաստին, որ դա ձեւականություն չէ, այլ օգտակար լինելու անկեղծ ցանկություն: Բավական արագ ներգրավվում ես գործընթացում եւ սկսում փոխադարձ օգնություն առաջարկել:

Օգնում են բոլորը.

- Հարեւանները (Պատահել է, որ շենքի կեսը փնտրում էր մի վարորդի, որը թեթեւ վնասել էր իմ մեքենան: Գտնել չհաջողվեց, բայց բոլորը մասնակցում էին),

- Ճանապարհային ոստիկանությունը (Չեն ալարի, կուղեկցեն ու ճանապարհը ցույց կտան, եթե, ի ուրախություն իրենց, մոլորվել ես: Իսկապես կուղեկցեն վառվող լուսարձակներով),

- Տաքսիստները (Կարող են լուծել ցանկացած հարց),

- Օդանավի հարեւանները (Կսկսեն ոտքի վրա օգնել այնպես, որ չես կարողանա հրաժարվել: Այնքան խորհուրդներ կտան ու բիզնեսի մասին խորհրդատվություն, իսկ թռչելու համար դեռ երկու ժամ կա),

- Պաշտոնական անձինք (Ամեն ինչ կթողնեն եւ կսկսեն լուծել քո խնդիրը՝ անկեղծ ու անհատույց):

Ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել:

Մեկ ամիս՝ մինչեւ արտադրանքի մեկնարկը, ապրում ես արտադրամասում: Մատակարար ընկերության աշխատողները չեն կարողանում գլուխ հանել համակարգից: Ստիպված ես սեփական ուժերով յուրացնել ավտոմատը: Ֆիզիկոս հայրդ խորհուրդներ է տալիս սկայպով: Երեք շաբաթ անդադար աշխատանքից հետո գործարկում եք արտադրությունը:

Այնտեղ գլուխ է բարձրացնում Քեմբրիջի պրոֆեսոր Կիտ Գուդալն իր մենեջմենթի «So far, so horrible» տեսություններով՝ բացատրելով, թե ինչու մեկ անձը չի կարող կատարել երեք գործառույթից ավելի:

Այցելում ես հայոց լեզվի պարապմունքների: Ամերիկյան համալսարանում առաջին պարապմունքից հետո հասկանում ես, որ երբեք ոչ ոք չի կարող հաղթել մի ազգի, որն ունի նման այբուբեն: Հասկանում ես հայերի կողմից Մաշտոցի պաշտամունքը:

Առաջին խմբաքանակը վաճառքի է ուղարկվում աշխատանքների մեկնարկից հինգ ամիս անց: Զարմանում ես՝ Մոսկվայում դրա համար մեկ տարի կպահանջվեր:

Տեղի արտադրողները սկսում են մարկետինգային հարցերով խորհուրդների համար դիմել: Հասկանում ես, որ քեզ հաջողվել է հետաքրքիր ապրանք ստեղծել:

Երեւան Ձեր տեղափոխության ու արտադրության մեկնարկի մասին նորությունը տարածվում է մոսկվացի ծանոթների շրջանում: Սկսում են աջակցել այն մարդիկ, որոնց սովորաբար տեսնում էիր տարին մեկ, իսկ ավելի մտերիմները, հավանաբար, չդիմանալով քո ներքին ազատությանը, հեռանում են:

Ի հայտ են գալիս տեղի ֆան ակումբն ու «աբիժնիկների» խումբը: Երկու ճակատներն էլ օգնում են՝ հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես:

Սովորում ես չարձագանքել բոլորի խորհուրդներին ու հայ տղամարդկանց միանշանակ հայտարարություններին՝ քո բիզնեսի ապագայի մասին:

Երկու նորություն մեկ օրում. զավակի լույս աշխարհ գալը եւ Հայաստանից դեպի Մաքսային միություն մեղր արտահանելու պաշտոնական թույլտվությունը:

Իսկ դեկտեմբերի 31-ին Երեւանը ծածկվում է այնպիսի ձյունով, ինչպիսին «չէր եղել ԽՍՀՄ ժամանակներից ի վեր»: Բայց Հայաստանում ամեն բան այդպիսին է՝ կարծես առաջին անգամ լինի, կամ էլ նման բան դեռ չէր եղել:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին