«Բարեւ բոլորին, կամ ճանապարհ տվեք երեխայով կնոջը» - Mediamax.am

«Բարեւ բոլորին, կամ ճանապարհ տվեք երեխայով կնոջը»
9080 դիտում

«Բարեւ բոլորին, կամ ճանապարհ տվեք երեխայով կնոջը»


Երեւանի չվերթներում միշտ շատ է երիտասարդությունը՝ 0 տարեկանից սկսած: Հայ երեխաներն ավանդաբար շատ են թռչում. արձակուրդ են մեկնում, տատիկի մոտ ծիրան ուտելու, հորեղբոր դստեր հարսանիքին, կամ էլ պարզապես ցրվելու: Հաշվի առնելով դա, ինչպես նաեւ հայերի անսահման սերն երեխաների հանդեպ, երեխայի նկատմամբ անտարբեր հարեւանի հանդիպելու հավանականությունը շատ չնչին է:

Վերջերս Սաշայի հետ գնում էինք Մոսկվա: Երեխաների մասին հոգածությունը սկսվեց դեռ օդանավից դուրս: Երկու կին՝ «ֆենով», թարթիչներով ու «սլաքներով», ովքեր շատ նման էին միաժամանակ համ Լարիսա Դոլինային, համ էլ Իրինա Ալեգրովային ու Ալեգրովայի երգի կայսրուհու կենդանի մարմնավորումն էին, պնդում էին, որ ես ու Սաշան պետք է ներս անցնենք առանց հերթի: Ես հրաժարվում էի, քանի որ հերթը միեւնույն է չէր շարժվում, եւ մենք էլ ոչ մի տեղ չէինք շտապում: Սակայն կանայք ի վերջո մեզ առաջ ուղարկեցին, թեեւ այնտեղ էլ ոչինչ չէր կատարվում. բոլորը սպասում էին, որ ուղեւորների առաջին խումբը տեղավորի ուղեբեռը: Մեկ րոպեից թիկունքից լսեցի. «Բարեւ բոլորին, ապա երեխայով կնոջը ճանապարհ տվեք»: Դա «Իրինա Ալեգրովան» էր շարունակում անհանգստանալ մեզ համար: Նրան հանգստացրեցին, որ ամեն ինչ լավ է, եւ մեզ առաջ կթողնեն անմիջապես, հենց դա հնարավոր լինի:

Այդ պահին ես նայեցի տոմսիս եւ հասկացա, որ նախնական գրանցումը սխալ է կատարվել, եւ մենք «B» տառով տեղ ենք ստացել: 10 ամսական երեխան եւ երկու կողմից նստած հարեւաններն երաշխավորում էին, որ թռիչքը ձանձրալի չի լինելու:

Միակ հույսս այն էր, որ հնարավոր կլինի փոխանակվել տեղերով եւ զբաղեցնել միջանցքի մոտի նստարանը: Սակայն վերջին հույսն էլ մարեց, երբ տեսա, որ մենք Սաշայի հետ 2,5 ժամ պետք է միավորենք ընդհանրապես ոչ մի կապ չունեցող երկու աշխարհ: Մի կողմից Գագիկն էր Եկատերինբուրգից՝ սեւ կեպիով, ստրազերով զարդարած գանգով վերնաշապիկով, իսկ մյուս կողմից՝ ուսմասվարի դեմքով 70-նն անց կին, ով իր կյանքում ակնհայտորեն հասցրել է դաստիարակել երեխաների մի քանի սերունդ:

Մեզ կարող էր փրկել միայն մի բան՝ եթե Սաշան իրեն գերազանց պահեր եւ խորը քներ ամբողջ թռիչքի ընթացքում: Սակայն թռիչքի մեկնարկն ուշանում էր: Երեխան քաջաբար դիմացավ 15 րոպե առանց օդափոխման, որից հետո քրտնեց ու սկսեց ոչ շատ բարձր անհանգստություն արտահայտել: Հաջորդ 15 րոպեն հարեւաններս Սաշային հովացնում էին, օգտագործելով օդանավում վարքի հրահանգների թերթիկները: Գագիկը Սաշային ասում էր. «Ախպերս, նկատի ունեցիր, սենց բան միայն քեզ համար եմ անում»: Հետո Գագիկը սկսեց սովորեցնել Սաշային, թե ինչպես ծանոթանա կողքի շարքում նստած աղջիկների հետ, որի համար նույնիսկ տվեց իր հեռախոսը՝ որպես հրապուրանքի միջոց: Նույնիսկ ուսմասվարը դուրս եկավ իր կերպարից եւ դարձավ նորմալ հայ տատիկ: Մի քանի երգ երգեց, «կու-կու» խաղաց, իսկ վերջում կենդանիների ձայներով խոսեց Սաշայի հետ, ինչը շատ զարմացրեց նույնիսկ փոքրիկին: 

Հետո երեխան ծանոթացավ եւս երկու շարքի հետ եւ շատ գոհ քնեց: Գագիկը ցույց տվեց իր զարմիկի նկարները. «1,5 տարեկան է, ինձ շատ է սիրում: Ինքն է ինձ համար մոխրաման բերում»: Ուսմասվարը խիստ հարցրեց, թե ո՞ր պահին է երեխան անցել արհեստական կերակուրի, եւ չմոռացավ գովել սեփական թոռնիկներին: Երկու աշխհարներ, միավորված «ցավդ տանեմ, տուր թաթիկը պաչեմ»-ով, ի վերջո համերաշխության եկան:

Երբ մենք ստանում էինք մեր ուղեբեռը, կողքով իր մետաքսյա հագուստներով անցավ «Իրինա Ալեգրովան»: Նա իր գլխին փոքրիկ մի թագ ուներ՝ մոտ 5 սմ բարձրությամբ:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին