«Զայչիկ ջանը» խունջիկ-մունջիկ է լինում - Mediamax.am

«Զայչիկ ջանը» խունջիկ-մունջիկ է լինում
9913 դիտում

«Զայչիկ ջանը» խունջիկ-մունջիկ է լինում


Երեւանում երեխաներին պաշտում են։ Հունիսի մեկը նշվում է գրեթե ամանորյա տոների շուքով։ Այնպիսի տպավորություն է, որ այստեղ օտար երեխաներ չկան, եւ մանուկները համընդհանուր սեր են վայելում: Իսկ ավելի մեծ երեխաները գտնվում են ընդհանուր ուշադրության կենտրոնում։ Գլխավորը, որ երեխան կուշտ լինի եւ չմրսի։

Ընկերուհուս երեխան մայրիկին մուտքի մոտ սպասելիս է եղել։ Նրանք վերջերս են տեղափոխվել Մոսկվայից եւ հարեւանների հետ դեռ ծանոթ չէին, բայց Երեւանում դա այդքան էլ կարեւոր չէ։ Շենք մտնող յուրաքանչյուր կին հետաքրքրվել է, արդյո՞ք երեխան հաց կերած է, եւ ինչու՞ է այդտեղ կանգնած։ Երկուսը նույնիսկ հարցրեցին, դասերն արե՞լ է թե ոչ, ու անխտիր բոլորը կանչել են տղային իրենց տուն։ Երիտասարդ մոսկվացին, ով նման ուշադրությանը անսովոր է, համոզված էր, որ նրան ուզում են առեւանգեն՝ հետագայում փրկագին պահանջելու նպատակով։

Իսկ եթե երեխան կապուտաչյա նորածին է, ուշադրությունը նրա հանդեպ անմիջապես կրկնապատկվում է։ Ես մի երկու անգամ ստիպված եմ եղել խանութում երիտասարդ աղջիկների կանգնեցնել, երբ նրանք փորձում էին երեխային հանել սայլակից։

Մեր Սաշան Երեւան վերադարձավ մարտի կեսին՝ դեռ անգիտակից երեք ամսական հասակում, բայց այժմ արդեն մեծացել է եւ սովորել տեղանքին: Նա այժմ լավ գիտի, ինչ է նշանակում «շատ լավն ա չէ՞» արտահայտությունը, եւ արդեն ճիշտ է արձագանքում «զայչիկ ջան» բառակապակցությանը եւ գեղեցիկ աղջիկների մոտ խունջիկ-մունջիկ է լինում։

Զբոսանքների ժամանակ փորձում եմ հայ տղամարդկանց սովորեցնել տրամաբանել․ եթե երեխան շեկ է, բայց սայլակը կապույտ, իսկ հայացքը խիստ ու առնական, եւ հագուստի մեջ վարդագույնի նշույլ անգամ չկա, ուրեմն երեխան հաստատ աղջիկ չէ, ոչ էլ առավել եւս «ցիպոչկա»։

Շատ մայրիկներ բողոքում են, որ կենտրոնը հարմար չէ երեխաների հետ զբոսնելու համար։ Սխալվում են։ Նախ եւ առաջ, նրանք Մոսկվայում չեն ապրել։ Եվ հետո, նույնիսկ եթե կենտրոնը կատարյալ չէ, նույն հայ տղամարդիկ, ինչպես նաեւ կանայք ու նույնիսկ երեխաները, միշտ կօգնեն դուռը բացել, սայլակը տեղափոխել, չաշխատող վերելակի դեպքում կօգնեն երեխային բարձրացնել վերեւ այնպես, որ փոքրիկը նույնիսկ ոչինչ չի զգա։ Նման բաների մասին Մոսկվայում կարելի է միայն երազել։ Իհարկե, այդ պոզիտիվը չի վերաբերում այն մարդկանց, ովքեր մեքենաներ են կայանում Կասկադում՝ այն հատվածներում, որտեղ մարդիկ, այդ թվում եւ սայլակներով, փողոց են անցնում: Նրանք քավարանում առանձին հերթ են կանգնելու:

Ի դեպ, երեխայի պատվաստված տեղին պետք է քամած մածուն քսել՝ սոդայով, ոչ թե հակահիստամինային միջոցով։ Իմ բժիշկ մայրը նման մեթոդներից դեռ ուշաթափվում է։ Նա պարզապես դեռ չգիտի կախարդական ախպարական ծակ ընկույզների մասին, որոնք վաճառվում են միայն Կասյանի խանութում։

Ստեղծագործ մարդկանց, որոշումների ընդունման եւ այլ բաների մասին

Ընկերուհիս հանդիպման եկավ գանգուր մազերով։ Պարզվեց, առավոտյան սրահի վարպետը հրաժարվել է «ֆենել», բացատրելով, որ այդ պահին գանգուր նրան շատ է սազում եւ նա չի ուղղելու ոչ մի բան, թող այդպես էլ ման գա։

Բարձրանում ենք վերելակով, մտնում են երկու տարիքով հարեւանուհիներ։ Մենք ծանոթ չենք։ Մեկը անմիջապես սկսում է սայլակի ծածկը բարձրացնել՝ ստուգում է, ինչը ոնց։ Շշուկով խնդրում եմ ձեռք չտալ՝ երեխան քնած է։ Կարեկից հայացքով նայում է ինձ, պտտվում դեպի ընկերուհին ու ասում «Մերոնք էլ են ստեղս հասցրել», շատ արտահայտիչ կերպով կոկորդի մոտ ինչ-որ նշան անելով։

Գորգերը մաքրման էինք հանձնում. հյուրասենյակի հատակին մանրահատակից հավաքված անհավանական գեղեցկություն հայտնաբերեցինք։ Տան տերը շփոթված բացատրեց, որ վարպետը կտրականապես հրաժարվել էր աշխատել առանց ստեղծագործելու՝ պարզապես մանրահատակ դնելու խնդրանքները անտեսել էր եւ անակնկալ արել՝ նման գլուխգործոց ստեղծելով։

Մտա խանութ, փոքր մատնաքաշ ուզեցի։ Վաճառողուհին բահի չափ մեծը տվեց։ Ես հասկացա, որ այս երկրում դիետաների ու ճիշտ սնվելու մասին կարելի է մոռանալ։ Մեկ անգամ էլ ճշտեցի՝ փոքր։ Ոչ մի հակաճառում թույլ չտվող տոնով վաճառողուհին պնդեց․ «Ջանոչկա, սա նորմալ ա։ Գործարանային հաց ա»։ Ի դեպ, այդ պահին Սաշային արդեն տարել էին բանջարեղենի բաժին։ Մի տեսակ անհարմար էր Թամարային կանգնեցնել․արդեն մեկ տարի է այս խանութ ենք գալիս։ Որովհետեւ Հայաստանում բոլորն իրենց կարծիքն ունեն, եւ քննարկումների նույնիսկ իմաստ չկա։ Հատկապես երեխաների հարցում։

P.S. Առաջին կիսամյակը Սաշան նշում էր Սարյանի փողոցի սրճարաններից մեկում։ Աջից դերասաններ էին, ձախից՝ նկարիչներ։ Իմանալով, որ երեխան 6 ամսական է դառնում, արվեստագետները սկսեցին շնորհավորել Ալեքսանդրին, ցանկանալ «խաղաղություն, բարիքներ», ուրախանալ, թե ինչ լավ է, որ նոր մարդ է եկել աշխարհ եւ այլն։ Նկարիչներին լրացուցիչ առիթը շատ ուրախացրեց, եւ նրանք հաղթեցին «Սաշիկի» հանդեպ ուշադրության առումով։ Երբ մենք գնում էինք, Սաշիկին էլ բաճկոն առաջարկեցին, էլ ծածկոց, էլ ուսերին ման տալ, էլ ինչ ասես։ Մենակ թե երեխան չմրսի։

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին