Համակարգն ընդդեմ անհատների - Mediamax.am

Համակարգն ընդդեմ անհատների
27274 դիտում

Համակարգն ընդդեմ անհատների


Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքի եւ արդյունքների մասին դեռ երկար է խոսվելու։ Այն մի շարք բնութագրիչներով տարբերվում էր նախորդ համապետական ընտրական միջոցառումներից․ այլ էին խնդիրները, տրամաչափը եւ ակնկալվող հետեւանքները։

Սակայն նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների նման այս անգամ էլ, անկախ հնչող գնահատականներից, միմյանց դեմ դուրս էին եկել մի կողմից «հղկված» համակարգը` իր ենթահամակարգերով, փոխվերահսկման մեխանիզմներով, տեսանելի ու անտեսանելի լծակներով եւ փորձված գործիքակազմով, որին հակադրվել էր հակառակ կողմ(եր)ը` իրեն բնորոշ սահմանափակ կազմակերպվածությամբ, տարերայնությամբ, բեւեռայնությամբ, հակասականությամբ։

Դրանով հանդերձ, այն ինչ արձանագրեց հակառակ կողմն, արժանի է բարձր գնահատականի, քանի որ, բացառապես սկզբունքայնության եւ նվիրվածության շնորհիվ հնարավոր եղավ զգալի ձեռքբերում ունենալ։ Մինչդեռ համակարգն անում է այն, ինչ նրա մոտ լավ է ստացվում. օգտվելով այլ համակարգի կամ համակարգերի բացակայությունից՝ հասնել հաղթանակի՝ ցանկացած գնով եւ միջոցների մեջ տարբերություն չդնելով։ Համակարգն օգտվում է հակակշիռների բացակայությունից եւ համակարգված հակազդեցությունից։ Համակարգն օգտվում է երկար ու չհակակշռվող ձեռքեր ունենալու կարողությունից։ Ընդսմին, հակառակ կողմն այդպես էլ համակարգ չի դառնում։

Գրեթե բոլորին հասկանալի է, որ այսպես շարունակելն անհնար է։ Հայաստանում ընդդիմությունը համակարգ չի դառնում, փոխարենը կա հակառակ կողմ, համատարած ընդդիմադիր հայացքներ եւ անծայր դժգոհություն։ Կան վճռական ու արմատական տրամադրված անհատներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք անխնա պարսավում են համակարգին, քննադատում հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով։

Մինչդեռ նրանց մեծ մասը եւս քաջ գիտակցում է, որ անհնար է այդ կերպ շարունակել։ Նրանց չի հաջողվում կապիտալացնել ժողովրդի դժգոհությունը, ինքնակազմակերպվել եւ չկրկնել նախկինում արված սխալները։ Համակարգ ստեղծելու պատասխանատվությունը չափազանց լուրջ գործընթաց է համընթաց քամիներով տարված անհատներին թողնելու համար։

Քաղաքական գործընթացներում հաջողության հասնելու համար կարեւոր է նաեւ ռիսկի գործոնը։ 1997 տեղամասերում մեկական կամ երեքական հավատարիմ մարդ ունենալը կարեւոր, սակայն ոչ բավարար պայման է համակարգին արդյունավետ կերպով հակազդելու համար։ Համակարգին հարկավոր է դիմադրել միայն համակարգ դառնալու միջոցով։

Ընտրատեղամասերում կեղծիքներին, բռնություններին, լցոնումներին, կրկնաքվեարկություններին եւ հակաօրինական մյուս դրսեւորումներին հնարավոր է հակազդել, սակայն դրանք կմնան միայն որպես անհատական դիմադրության ձեւեր, եթե հակազդողները գործեն միայն սեփական պատկերացումների համաձայն։

Հարկավոր է հակազդեցության համակարգեր ստեղծել` խուսափելով ավելորդ ստեղծագործականությունից։ Աղաղակող խախտումների մասին գեղարվեստական զեղումներով եւ ապշած հայացքներով արձանագրումները ոչ նախկինում են օգնել եւ ոչ էլ ապագայում կօգնեն։ Դրանց հարկավոր է հակազդել դիմադրության առավել բազմազան ու խելամիտ միջոցներով։ Այս անգամ դրա ուրվագծերը նշմարվեցին, քանի որ կար այլ որակի դիմադրություն, սակայն այն համակարգ չէր։

Եվ վերջին դիտարկումը. ընտրությունների մասին խոսելիս աններելի է ժողովրդին վիրավորելու եւ քննադատելու դրսեւորումները։ Չարված աշխատանքի համար պետք չէ ժողովրդին քննադատել։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Համակարգն ընդդեմ անհատների
Մեր ընտրանին