«Նորմալ սուրճի» մասին, կամ ինչպես գնել «Սպարտակի» տոմսեր - Mediamax.am

«Նորմալ սուրճի» մասին, կամ ինչպես գնել «Սպարտակի» տոմսեր
18143 դիտում

«Նորմալ սուրճի» մասին, կամ ինչպես գնել «Սպարտակի» տոմսեր


Բարի գալուստ, կամ վերաբնակի գրառումները. մաս 2-րդ. Ինչ է պետք իմանալ
                                                      քաղաքում հարմարավետ ապրելու համար:


Լեզվական առանձնահատկությունների ու խորանալու մասին

•    Հայտնվելով նոր լեզվական միջավայրում` սկսում ես արագ յուրացնել առանձին բառեր ու արտահայտություններ:

- Բարեւելն ու «ոնց ես»-ի հետ կապված ներածական մասն յուրացնելը քաղաքում գտնվելու առաջին երեք օրերի խնդիր է: Հետո ամեն ինչ ավելի հեշտ կընթանա:

-  մինչեւ 16-ը հաշվել կարելի է սովորել յոգայի պարապմունքներին,

- բանջարեղենի անվանումները հեշտ է հիշել շուկայում,

- մասնագիտական տերմինները գալիս են մատակարարների հետ շփման ժամանակ,

- գույները կարելի է սովորել բառերում եւ կոսմետիկայի խանութներում,

•    Հայոց լեզվի հիմնական կուրսը խորհուրդ են տալիս անցնել Ամերիկյան համալսարանում, ինչը նաեւ թույլ կտա ընդյալնել ծանոթությունների շրջանը:

Եթե քաղաքում պետք է երկար ապրեք, բնակիչների մտածելակերպը ավելի լավ հասկանալու համար օգտակար է դիտել մի քանի դասական ֆիլմեր՝ «Հարսնացուն հյուսիսից», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Թթենի»: Երբ զգաք, որ սկսում եք գերվել, գնացեք DVD World ՝ Աբովյանի եւ Սայաթ-Նովայի խաչմերուկում եւ գնեք Խաչատուրյանի ու Բաբաջանյանի սկավառակները:

• Մի խորհուրդ ԱՊՀ-ից եկած զբոսաշրջիկներին. մի փորձեք խոսել ռուսերեն հայկական ակցենտով, միեւնույն է՝ չի ստացվելու: Լավագույն դեպքում միջինասիականին մոտ ակցենտ ստանաք:

Լավ է հիշեք հետեւյալը.

Դառը սուրճ («дара сурч»)՝ արեւելյան սուրճն է առանց շաքարի,

Սուրճը նորմալ («сурч нормал»)՝ կեսգդալ շաքարով սուրճն է:

Սա թույլ կտա ձեզ անմիջապես գրավել մատուցողների սրտերը եւ առանձնահատուկ վերաբերմունքի արժանանալ:

Մշակութային կյանքի մասին

•    Քաղաքի մշակութային կյանքը հագեցած է, սակայն դրան ինտեգրվելու համար պետք է հմտություն դրսեւորել եւ դեդուկտիվ մեթոդ կիրառել:

Հասկանալու համար, թե Օպերայում երբ է ներկայացվելու «Սպարտակը», ինձ օգնեց հայկական Ա տառի հետ վաղեմի ծանոթությունը: Կայքում ուսումնասիրելով Օպերայի խաղացանկը, ես պարզապես գտա մի բառ, որում երրորդ եւ վեցերորդ տառերը Ա էին, եւ գնեցի այդ ներկայացման երկու տոմս՝ հունիսի 26-ի համար:

•    Գործում են Afisha.ru-ի եւ Parter.ru-ի նման կայքեր, սակայն միայն հայերեն լեզվով, եւ առանց թարգմանչի հնարավոր չէ գլուխ հանել: Իսկ հյուրախաղերի ցանկերի մասին լավ է Օպերայի դրամարկղում տեղեկանալ:

Տաքսիստների մասին

•    Երեւանի տաքսիստները լինում են երկու տեսակի: Առաջինները պատրաստ են ձեր համար ամեն ինչի, իսկ մյուսները վճարի հանկարծակի կրկնապատկումը կարող են բացատրել հովհարիչի աշխատանքով, որը ներկայացնում են իբրեւ օդափոխիչ:

Առաջին խմբի ներկայացուցիչները, բարեբախտաբար, ավելի շատ են: Նրանց հետ հետաքրքիր է զրուցել, հասկանալ՝ ինչով է ապրում քաղաքը: Նրանցից կարելի է տեղեկանալ նաեւ աշխարհաքաղաքական իրավիճակից:

Տաքսիում կարելի է 10 րոպեում լուծել ցանկացած հարց: Ձեզ անգամ պետք չէ հարցեր տալ. տաքսիստը ինքը ամեն բան կբացատրի ու հնարավոր տարբերակները կներկայացնի:

Իմ արդյունքներն են.

- երկու թարգմանիչների հեռախոսահամարներ,
- գինու արտադրության այցելելու հրավեր,
- 6-8 հոգանոց միկրոավտոբուս,
- մեղվաբույծների հեռախոսահամարներ
- Երեւանի գողտրիկ վայրերի հասցեներ. «Այստեղ լավագույն խորովածն է, հաստատ եմ ասում»,
- պատմական ակնարկ՝ միշտ:

Բարձրագույն վարպետության մի օրինակ. Խոր Վիրապից Նորավանք գնալու ճանապարհին իմ հեռախոսի հաշիվը լիցքավորեցին վարորդի բարեկամները՝ Երեւանից:

 Հարեւանների ու ոչ մոսկովյան ավանդույթների մասին

•    Հարեւանը ձեզ հետ կծանոթանա վերելակի մոտ, եւ մինչեւ 3-րդ հարկ հասնելը դուք ընտանեկան ընթրիքի հրավեր կստանաք: Մի երկու օրից տան մոտ հանդիպելիս նա ձեզ կարող է հրավիրել մոտակա սրճարան՝ սրճելու: Չէ՞ որ դուք արդեն երկու օր է ծանոթ եք եւ, ի վերջո, արդեն հարազատ մարդիկ եք: 

•    Շենքում բոլորը միմյանց բարեւում են, ինչը հեչ նման չէ մոսկովյան կասկածամտությանը:

Շոգ երեւանյան ամառների ու կեչիների մասին

•    Երբ արդեն 10-րդ մարդը հարցնի, թե ինչպե՞ս եք դիմակայում ամառվա շոգին, եւ սկսի վախեցնել, թե հետո ավելի վատ է լինելու, մի հավատացեք: Դա ազգային առանձնահատկություն է: Մոսկվայում խոնավությունն անհամեմատ բարձր է, եւ այնտեղ շոգին ավելի դժվար է դիմանալ: Ավելի լավ է գնացեք Դիլիջան: Թունելից դուրս գալուն պես պատկերը կտրուկ կփոխվի, կեչիները կհիշեցնեն հայրենիքի մասին, իսկ կանաչ լեռները նոր լիցքեր կհաղորդեն ձեզ: Հաղարծինը վերականգնողական աշխատանքներից հետո կորցրել է իր հմայքը, այնպես որ գնացեք Գոշավանք: Եվ չմոռանաք խոճկորի խորոված համտեսել: 

Հաջորդ անգամ կպատմեմ, թե ինչպես են պետական կառույցները օգնում փոքր բիզնեսին, ինչպես է աշխատում մատակարարների ինստիտուտը եւ ինչու է երեկոյան լուրերի արջը լավ մեղր ստանալու երաշխիք հանդիսանում:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին