Բարի գալուստ, կամ վերաբնակի գրառումները. մաս 1-ին - Mediamax.am

Բարի գալուստ, կամ վերաբնակի գրառումները. մաս 1-ին
20526 դիտում

Բարի գալուստ, կամ վերաբնակի գրառումները. մաս 1-ին


Ժամանակի, երաժշտության, մեքենա վարելու ու «ինչո՞վ օգնեմ»-ի մասին

Այս ձեւաչափը ծնվել է ընկերների համար գրված կարճ նոթերից ու պատմվածքներից: Նրանց հետ ես կիսվում էի Հայաստանի հետ կապված իմ պատմություններով, դիտարկումներով, զվարճալի դեպքերով ու զգացողություններով: Ընկերներս էլ պնդեցին, որ ես պետք է ամեն ինչ գրառեմ ու շարունակեմ իրենց համար բացահայտել իմ Հայաստանը, որն արդեն հասցրել են սիրել, բազմիցս այցելել ու որտեղ մտադիր են նորից վերադառնալ: 

Ժամանակի մասին

•    Ժամանակը Հայաստանում շատ հարաբերական հասկացություն է: Այստեղ կարելի է մի տեղ գնալուց առաջ գրանցվել, բայց ստիպված լինել եւս 15 րոպե սպասել: Խոսելուց չպետք է շտապել. այդպես համ քեզ ավելի լավ կհասկանան, համ էլ կհասցնես մտածել:  Festina lente, ինչպես ասում էր Օգոստոս կայսրը:

•    Եթե բանկում ձեզնից առաջ 20 հոգի կա հերթում, դա չի նշանակում, որ Ամերիաբանկը վատ է աշխատում: Իրականում, հերթում ընդամենը 5 հոգի է, իսկ մնացած մարդիկ նրանց հետ եկած ընկերներն ու բարեկամներն են: Նույն բանը կարելի է տեսնել հիվանդանոցներում, խանութներում եւ այլ վայրերում:

•    Օրինաչափորեն շարունակելով դեպի կոլեկտիվ ժամանցը հայերի սերի թեման՝ ասեմ, որ բոլոր աշխատանքային գործընթացները, նույնիսկ ամենահասարակները, նույնպես միահամուռ ուժերով են իրականացվում: Սեփական փորձից. լամպ փոխելու կամ պատի մեջ 2 անցք անելու գործողություններին մասնակցում էին 4 հոգի: Այնպես որ չզարմանաք, եթե ձեզ մոտ երկու սանտեխնիկ գա: Ինչ-որ մեկը պետք է չէ՞ սովորի արհեստը եւ գործիքները փոխանցի:

Ճանապարհային բարքերի մասին

•    Հայ վարորդները շատ ակտիվ օգտվում են ձայնային ազդանշաններից: Երբեմն թվում է, որ այդպես նրանք խոսում են միմյանց հետ: Հնարավոր է, բարեւում են միմյանց: Լուսացույցի մոտ չի կարելի հապաղել նույնիսկ 2 վայրկյան, հակառակ դեպքում անհամբեր վարորդները անմիջապես կհայտնեն ձեր  դանդաղաշարժության մասին:

•    Ավտոտրանսպորտի ամառային զովացման համակարգը աշխատում է հետեւյալ կերպ. մեքենաների պատուհաններից ձեռքեր են դուրս ցցված: Որոշ վարորդներ նույնիսկ կարողանում են գրկել մեքենան՝ ձեռքը դնելով կտուրին կամ դռան վրա: Ուղեւորներն էլ ետ չեն մնում, ընդ որում՝ ձեռքերը դուրս են հանում մինչեւ արմունկը՝ վտանգ ստեղծելով կողքից եկող մեքենաների համար: Սկզբում դա շատ է աչք ծակում, բայց հետո սովորում ես:

•    Երաժշտական ստեղծագործությունների ընտրանին, որ կարելի է լսել մեքենաների բաց պատուհաններից, կարող է թեթեւ նախանձ առաջացնել Շանսոն FM ռադիոկայանի ամենանվիրյալ երկրպագուների մոտ:

•    Տաքսի կա միշտ եւ ամենուրեք, բայց Երեւանը կանչում է զբոսնել իր փողոցներով: 

Երաժշտության ու խոհարարական ավանդույթների մասին

•    Հայաստանում երաժշտություն ամենուր է հնչում: Արտասովոր տարբերակներից է ժամանակակից հայ կատարողների ստեղծագործությունների ունկնդրումը հեռախոսի բարձրախոսով: Նման բաներ հաճախ կարելի է տեսնել օդանավում. հայրենիքի հանդեպ կարոտի ճշգրիտ նշան է:

•    Երեւանյան ջազը արժանի է առանձին հիշատակման, ինչպես եւ «Մալխասի ջազ-ակումբը» արժանի է այցելության: Լեւոն Մալխասյանը բեմ է դուրս գալիս գիշերը՝ ժամը 1-ին:

•    Սուրճը ավելի համեղ է կես կտոր շաքարով: «Դոլմամա» ռեստորան այցելությունը նույնքան կարեւոր է, որքան Գառնի, Գեղարդ ու Երեւանի կոնյակի գործարանի նոր թանգարան գնալը:

•    Ամեն բան լավաշի մեջ փաթաթելու ու բաստուրման որպես «զակուսկա» օգտագործելու ավանդույթ իրականում գոյություն չունի. դա ռուս տուրիստների ստեղծած միֆն է: Ինչպես եւ օրական երեք անգամ խորոված ուտելը: Ճիշտ մոտեցման դեպքում Հայաստանում հնարավոր է նույնիսկ նիհարել:

Հայկական մեծ հոգու, պարերի ու օգնության մասին

•    Օդանավակայանում դիմավորողների թիվը մշտապես 3-4 անգամ գերազանցում է ժամանողներինը: Իմ տեսած ռեկորդը 10 հոգանոց խումբն էր, որի գումարվում էին 2 մանուկներ: Նրանք դիմավորում էին Մոսկվայից ժամանող մի աղջկա եւ բոլորն էլ ծաղիկներ ու փուչիկներ ունեին: Հաճախ բարեկամները կարող են սկսել երգել ու պարել: Իրականում դա շատ հուզիչ է:

•    Եթե դուք այցելում եք պետական կառույց օրվա առաջին կեսին, հնարավոր է՝ ձեզ ճաշի հրավիրեն: Հրաժարվելը հավասար է մարդուն վիրավորելուն: Այս կանոնը չի կարող ունիվերսալ համարվել. հնարավոր է, այն միայն կանանց դեպքում է գործում: 

•    Վաճառողից համարյա անձնական «как вы?» («ո՞նց եք») հարցը ստանալը նորմալ է. դա պարզապես հայերենից ուղիղ թարգմանություն է: Երբ շնորհակալություն ես հայտնում խանութից դուրս գալուց, պատասխանում են. «Ձեզ էլ ենք շնորհակալ»:

•    Երեւանում գործում է մի պարզ կանոն. բոլորը միշտ բոլորի մասին ամեն ինչ գիտեն: Եվ որքան մեծանում է այդ շղթայի մասնակիցների թիվը, այնքան ավելի անսպասելի մանրամասներով է հարստանում լուրը:

•    Անհրաժեշտ մարդուն կամ նրա հեռախոսահամարը կարելի է գտնել մեկ խոսակցության ընթացքում:

•    Երբ հայերը հարցնում են «ինչո՞վ օգնենք», նրանք իսկապես պատրաստ են օգնել: Հաճախ նման առաջարկ կարող է հնչել ծանոթության 2-րդ րոպեին, եւ այդ պահին կարեւոր է հասկանալ, թե ինչո՞վ է զբաղվում ձեր զրուցակիցը: Եվ եթե ամեն ինչ համընկնի, ձեզ հաստատ կօգնեն: Ընդ որում, օգնողը, հնարավոր է, ձեզանից շատ ուրախանա դրա համար:

•    Բացի այդ, կարելի է օգնության համար դիմել երկնային դիվանատուն: Աստծուն ուղղված մտերմիկ դիմելաձեւերից է «Հիսուս ջանը»: Մատենադարանում կա 15-րդ դարի ձեռագիր, որը ցանկություններ է կատարում: Արծաթյա կազմով այդ Ավետարանը հեռավորության վրա էլ է աշխատում, բայց եթե դեպքը շատ լուրջ է, թանգարանի աշխատակիցները կարող են բացել ապակին եւ ցանկությամբ գրությունը դնել գրքի մեջ: Ցանկությունը կիրականանա 40 օրից: Այս երկիրը հնարավոր չէ չսիրել:

Խորհրդանիշի մասին

•    Եթե քաղաքում ինչ-որ բան ծաղկում է, ապա դա ծիրանն է: Քանի որ Prunus armeniaca է:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին