Սիլիկոնյան հովտից`մեղվանոց. հայկական մի ստարտափի ծնունդը - Mediamax.am

Սիլիկոնյան հովտից`մեղվանոց. հայկական մի ստարտափի ծնունդը
18620 դիտում

Սիլիկոնյան հովտից`մեղվանոց. հայկական մի ստարտափի ծնունդը


Այս պատմությունը սկիզբ առավ 2014թ. աշնանը, երբ «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի ուսանողներն այցելեցին Սիլիկոնյան հովիտ:

Ռիչարդ Բրենսոնի նոր գիրքը Լոս Անջելեսի ճանապարհին, գլխումս անընդհատ պտտվող միտքը, որ «եթե չիրականացնես սեփական երազանքը, ապա ինչ-որ մեկը կվարձի քեզ` իրականացնելու իր երազանքը», երկար ճանապարհը Սան Ֆրանցիսկոյի №1 մայրուղիով, կորպորատիվ կյանքից գերհագեցումը եւ բիզնես-դպրոցի հագեցած ծրագիրը. այս ամենն ինձ ստիպեց կասկածել, արդյոք ես ճի՞շտ գործով եմ զբաղված, արդյոք սա հենց ա՞յն է, ինչ ես ցանկանում եմ անել ու որից հաճույք եմ ստանում:

Ես հստակ գիտակցում էի, որ կորպորացիաներում անցկացրած տարիների ընթացքում հետզհետե ավելի ու ավելի դժվար էր դառնում ուրիշների երազանքներն իրականացնելը` առանց վնասելու սեփական ներաշխարհը:

Մտքիցս դուրս չէին գալիս տարբեր գործարարների պատմությունները, բիզնես դպրոցի հիմնադիր ու իմ առաջին գործատու Ռուբեն Վարդանյանի դասախոսությունը բիզնեսում երջանկության հասնելու մասին, «մարդկային դեմքով» նախագծերի բուռն հաջողությունները: Ճանապարհորդությանը նախորդած 15 ամիսների տպավորիչ դասընթացներն ու ծրագրի ավարտական փուլը միանշանակ դրդում էին սեփական բիզնես ստեղծելուն, սակայն հստակ գաղափար դեռ չկար:

Բացի այդ, իմ գիտակցությանը վաղուց հանգիստ չէր տալիս Ջոան Ռոուլինգի ստեղծագործական փառքը: Պակաս չէր հիացնում նաեւ Նարինե Աբգարյանի գրական վարպետությունը: Եվ, հաշվի առնելով իմ սերը Հայաստանի հանդեպ, «Մանյունյա»-ի մայրն ակնհայտորեն հաղթում էր:

Միաժամանակ, ցանկություն կար, որ տարատեսակ պրեզենտացիաների, անվերջ հանդիպումների ու ժողովների վրա ծախսվող ժամանակը մի քանի անգամ չգերազանցեր ընտանիքի հետ անցկացվող ժամանակը: Երրորդ ցանկությունս էլ ընտանեկան բիզնես հիմնելն էր:

Սակայն իմ բոլոր երազանքները բախվում էին այն մտավախությանը, որ ինձ մոտ կարող է չստացվել այն, ինչ հաջողվում է ուրիշներին: Բացի այդ, պարզ չէր, թե ինչից
պետք է սկսել:

Պալո Ալտոյում ուսմանս առաջին իսկ օրը նշանավորվեց 6-բալանոց երկրաշարժով: Հենց այդ ժամանակ էլ Սթենֆորդի պրոֆեսորը մի նշանակալից խոսք ասաց. «Never play another man’s game»: Դե արի ու դրանից հետո մի հավատա նշաններին:

Այստեղ հարկավոր է նշել, որ ինձ համար ամենասիրելի եւ կարեւոր բրենդը «ԱրԱրԱտ»-ն է, որի հետ ես աշխատել եմ 12 տարի ու որն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում մինչ այժմ: Որոշ առումով դա նաեւ կապված է Արա Գրիգորյանի անձի հետ, որն ինձ համար մեծ հեղինակություն է: Լեգենդար կոնյակի հայրենիքն արդեն մի քանի անգամ վճռական դեր էր խաղացել իմ կյանքում:   «ԱրԱրԱտ» բրենդի մարկետինգով զբաղվելիս ես մշտապես զգում էի, որ դա հենց իմ խաղն է: Այլ միջազգային բրենդները, որոնց հետ ես գործ եմ ունեցել, նման զգացողություն չէին առաջացնում:

Լավ է, Սիլիկոնյան հովիտն էլ չցնցվեց մինչեւ մեր դասընթացի ավարտը: Սակայն իմ գիտակցությունը շարունակ ցնցումների մեջ էր… Սեփական նախագիծ սկսելու մասին ներքին որոշումը կայացված էր, մնում էր ամենադժվարը. ընտրել ստարտափի առարկան: Բայց ոչ մի գաղափար չէր գալիս… Պետք էր սպասել հերթական նշաններին եւ անցնել գործի:

Եվ ահա մի օր առավոտյան` Մոսկվա վերադառնալուց մի քանի շաբաթ անց, ես հերթական ողջույնը ստացա սիրելի Հայաստանից` մեղր, որը հավաքել էին Լոռվա դաշտերի բարի մեղուները: Հայաստանը, իհարկե, կոնյակի, ծիրանի, Սարյանի, Ազնավուրի ու դուդուկի հայրենիքն է, սակայն մեղրն այս շղթային տրամաբանական շարունակությունը չէր: Վեց տարիների ընթացքում Հայաստան կատարած բազմաթիվ այցերի ժամանակ ինձ երբեւէ չէին պատահել հայկական մեղրի հետ կապված հետաքրքիր բրենդներ կամ պատմություններ, թերեւս միայն հանրահայտ «Մի կաթիլ մեղրի» մասին հեքիաթը:
   
Եվ ահա, երկու շաբաթ անց եկավ նաեւ Լոռվա մեղրի ժամանակը: Իհարկե, կասկածներից վեր է, որ հայկական ամեն բան լավագույնն է. եթե կոնյակ, ապա «ԱրԱրԱտ», եթե թեյ, ապա ուրցով, եթե ջուր, ապա միայն «Դիլիջան»-ում: Հայկական մեղրը համտեսելուց հետո ամուսինս շատ զարմացած էր, թե ինչու մենք մինչ այս չէինք համտեսել այսպիսի մեղր: Դե, չէինք համտեսել, քանի որ ոչ ոք այն չէր բերում մեզ համար: Վաճառքում այն նույնպես չկար, էլ չեմ ասում, որ երբեւիցե լսած չկայի հայկական մեղրի մասին:

Սկսեցի հետաքրքրվել Արմանից, որի ընտանիքը 40 տարուց ավելի է` մեղվաբուծարան ուներ Լոռիում, թե որն է հայկական մեղրի գաղտնիքը, եւ ինչու է այն այդքան անհայտ մեզ մոտ: Պարզվեց, ալպիական դաշտերի լայնության վրա գտնվելու եւ լեռնային լանդշաֆտի շնորհիվ հայկական մեղրը եզակի է իր համային հատկանիշներով: Իսկ անհայտ լինելը պայմանավորված էր շուկայում առաջխաղացման բացակայությամբ:

Բավականին լավ պատկերացում ունենալով հայկական շուկայի եւ տեղական բրենդների մասին` որոշեցի մտածել, թե ինչպիսին կարող է լինել արտահանվող հայկական մեղրի բրենդը, եւ ինչ արտասովոր բան է կարելի ստեղծել, երբ տվյալ ոլորտը լիովին ազատ է:

Պարզվեց` ամուսինս, լինելով Տիմիրյազեւի անվան գյուղատնտեսական ակադեմիայի շրջանավարտ, լավ տեղեկացված էր մեղուների ու մեղրի մասին: Ես սկսեցի ուսումնասիրել թեման եւ մի քանի ամսից պարզապես տարվեցի այդ թեմայով. փեթակների հստակ ենթակարգություն եւ մենեջմենթ, ընտանիքի կենսաձեւ, մեղրի անկրկնելի հատկություններ, տեսակներ, մեղվաբուծության հիման վրա ստեղծված արտադրանքներ եւ մեղրային էպոս:

Այդ պահին բիզնես դպրոցում ուսումս արդեն ավարտել էի: Իսկ երբ կա դիպլոմ, հարկավոր է նաեւ ստարտափ: Մեղրի թեման տանը հավանության արժանացավ: Աստիճանաբար հասունանում էր բիբլիական Արարատի տեսարաններով ընտանեկան բիզնեսը:

Սեփական փորձից գիտեմ, որ որակյալ ապրանքներ ու բրենդներ ստեղծելու համար անհրաժեշտ է լավ տիրապետել թեմային: Հետևաբար` ինձ պետք էր ուսումնասիրել տեսությունը եւ ծանոթանալ համապատասխան մասնագետների հետ: Դրա համար էլ շարունակելով ընտանեկան ավանդույթը` ես գնացի Տիմիրյազեւի ակադեմիա՝ մեղվաբուծության դասընթացների:

Պարզվեց, «Տիմիրյազեւկա»-ն պետություն է պետության մեջ: Առաջին իսկ դասընթացին մեզ պատմեցին, որ տարածքում ամբիոնին կից գործում է վիվարիում, անցկացվում են տնկիների պատվաստման դասընթացներ, ինչպես նաեւ կա մեղվանոց այցելելու հնարավորություն:

Ոչ մի խոսք մենեջմենթի տեսության մասին, սակայն դրա փոխարեն լսարանում կային մեղուներով իրազննական պիտույքներ, գերբարիումներ եւ տարատեսակ փեթակներ, որոնցից մեկը մուլտֆիլմների խոսող փչակներն էր հիշեցնում:

Հարեւանս թոշակի անցած` այլընտրանքային տեսք ունեցող ծովային հետեւակ էր, որը 20 փեթակի ու ընտիր հումորի տեր էր: Շուտով պարզ դարձավ, որ բոլոր 50 ուսանողներից հենց նա է ամենափորձառուն:

Ինչպես մեզ սովորեցրել են, լավ ուսուցիչը բիզնեսում հաջողության հասնելու գրավականներից է:

Չորս ամսվա ինտենսիվ դասընթացներից հետո տեսության պակաս էլ չէր զգացվում, արդեն ժամանակն էր տեղում պարզելու` Հայաստանը պատրա՞ստ է ընդունել ռուսաստանցի ներդրողների:

Այդ ժամանակ ես արդեն գիտեի, թե մենք ինչ ենք արտադրելու. մեղրային ապրանքների շարք` չրերով ու բույսերով:

Ես ակտիվ նամակագրական կապի մեջ է եվրոպական սարքավորումների մատակարարների հետ, խորհրդակցում էի մեղր արտադրողների հետ, այցելում էի թեմատիկ ցուցահանդեսներ, ապրանքների բաղադրատոմսեր էի մշակում, արդեն կազմել էի մեր բրենդի զարգացման պլանը եւ ֆինանսական մոդելի մի քանի տարբերակներ:

Հայեցակարգ մշակելիս ես ոգեշնչվում էի հայկական մշակույթով, պատմութամբ, ավանդական խորհրդանիշներով ու գեղազարդերով, ինչպես նաեւ հմայիչ Ժիրայր Ավանյանի ստեղծած երեւանյան «Դոլմամա»-ի ոճով:

Հետագա խնդիրներն էին` գտնել մեղվաբույծներ ու ֆերմերներ, պետական կառավարման այն մարմինները, որոնք զբաղվում են մեղվաբուծության հետ կապված հարցերով, ընտրել արտադրամասի համար շենք եւ այլն:

Մոսկվայում ես իմ մեղրային գաղափարի մասին պատմեցի «Տրոյկա»-ից իմ առաջին ղեկավարին` ընկերության կրեատիվ շարժիչ ուժ հանդիսացող Գոռ Նահապետյանին, որն ինձ «կանաչ լույս» եւ մի քանի օգտակար խորհուրդներ տվեց, այնուհետ` մարտի վերջին, ես գնացի Երեւան: Փորձի ճշգրտության ու խնդիրը բարդացնելու նպատակով որոշեցի չօգտվել հին կապերից եւ ամեն բան զրոյից սկսել:

Երեւանն ինձ դիմավորեց ոչ գարնանային, ամպամած երկնքով: Սկզբում ստարտափը չէր ստացվում. նախկին կոշիկի արտադրամասը վկայում էր տեխնոգեն վթարի մասին, իսկ գործակալը պնդում էր, որ քաղաքի տարածքում դա միակ տարբերակն է: Փոխարենը, ստանդարտացման մարմին կատարած առաջին իսկ այցելությունը, որի ընթացքում քննարկում էինք մեղվաբուծական ապրանքների արտադրության կառավարումը, ավարտվեց ճաշի հրավերով: Հայաստանը սկսեց հյուրընկալություն դրսեւորել Մոսկվայից ժամանած  գործարարների հանդեպ:

Հայաստանում բնակվող` «Սկոլկովո»-ի կառավարման դպրոցի շրջանավարտների հետ հանդիպումից հետո ստարտափը սկսեց ստացվել: Շաբաթվա վերջին ես արդեն ունեի կատարյալ արտադրամաս, հաշվապահ, իրավաբան, 5 մեղվաբույծների ու ֆերմերների կոնտակտներ, այցելել էի Արարատին նայող օրգանական մեղվաբուծարան, հանդիպել էի գյուղնախարարի տեղակալի ու հանրահայտ «Թումո» կենտրոնի դիզայներական ստուդիայի տաղանդավոր երիտասարդների հետ, գտել էի սեփական տաքսիստ, ունեի քաղաքի լավագույն ոճաբանի հեռախոսահամարն ու բնակարան էի ընտրել:

Ինչպես պարզվեց, Երեւանն արժանիորեն իր տեղն է զբաղեցնում բիզնեսի համար լավ հնարավորություններ ընձեռնող քաղաքների հնգյակում. ռուսական անձնագրով ես ու ամուսինս կարողացանք գրանցել ընկերությունը ու 4 ժամվա ընթացքում ստացանք փաստաթղթերը:

Մեկ շաբաթվա առաջադրանքները կատարված էին, եւ, այցելելով այն մեղվաբուծարանը, որտեղից մեզ մոտ էր եկել պատմական մեղրը, մենք մեկնեցինք Մոսկվա՝ պատրաստվելու իմ հետագա տեղափոխությանը:

Եվ այդպես, Սիլիկոնյան հովտի բեկումնային ցնցումից հետո ես ստեղծեցի սեփական բրենդի հայեցակարգը, դրեցի մի նախագծի սկիզբ, որին մասնակցում էի ամուսնուս հետ, եւ տեղափոխվեցի վարդագույն տուֆի քաղաք:

Կյանքի ընթացքում հաճախ հայտնվում ենք խաչմերուկում եւ ստիպված ենք ընտրել ուղղություններից մեկը: Գլխավորը` չվախենալ նոր ուղի ընտրելուց, նույնիսկ եթե այն ոմանց համար պարզ չի թվում, հավատալ սեփական երազանքին ու աշխատել այն իրականացնելու ուղղությամբ: Փաստորեն, Բրենսոնը ճիշտ էր:

Մարիա Սոբոլեւան B’arev Honey բրենդի հիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին