Հայաստանի «էլեկտրականացումը». քաղված դասեր - Mediamax.am

Հայաստանի «էլեկտրականացումը». քաղված դասեր
1537 դիտում

Հայաստանի «էլեկտրականացումը». քաղված դասեր


Երբ տասն օր առաջ մի խումբ երիտասարդներ ինքնաբուխ կերպով հավաքվեցին Երեւանի Ազատության հրապարակում՝ դեմ արտահայտվելու էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացմանը, ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նրանց բողոքի ակցիան բուռն արձագանքի կարժանանա ամբողջ աշխարհում:
 
Ի զարմանս բոլորի, փոքր հավաքը սնկի պես աճեց մի քանի հազար, հիմնականում երիտասարդների հավաքի, որոնք երթով շարժվեցին ու գրավեցին մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը՝ Մարշալ Բաղրամյան պողոտան, որտեղ գտնվում են Նախագահի նստավայրը, Ազգային ժողովն ու Սահմանադրական դատարանը, եւ ամբողջ գիշեր նստացույց անցկացրեցին այնտեղ: Բողոքի ցույցերն արագորեն տարածվեցին ամբողջ Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներով: 
 
Քանի որ ցուցարարները հրաժարվեցին ազատել պողոտան, ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրեց նրանց՝ վիրավորելով տասնյակ ցուցարարների եւ ձերբակալելով նրանցից 237-ին, որոնք նույն գիշեր ազատ արձակվեցին: Ոստիկանությունը բերման ենթարկեց նաեւ մի քանի լրագրողների՝ վնասելով կամ առգրավելով նրանց տեսախցիկներն ու ձայնագրիչները:
 
Քանի որ այս առճակատումը պատկերասփռվում էր սոցիալական լրատվամիջոցների եւ տարբեր կայքերի միջոցով, հաջորդ օրը մի քանի հազարից ավելի ցուցարարներ հայտնվեցին՝ գրեթե անհնարին դարձնելով ամբոխի վերահսկողությունը: Հունիսի 29-ի երեկոյան, երբ գրում էի այս հոդվածը, Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներ դեռեւս գրավված էին ցուցարարների կողմից:

Ովքե՞ր են այս երիտասարդ տղաներն ու աղջիկները եւ ի՞նչ են ուզում: Նրանք կապ չունեն որեւէ կուսակցության կամ արտաքին ուժերի հետ, հակառակ բոլոր անհիմն մեղադրանքներին, եւ իրենց օրակարգում այլ խնդիր չունեն, քան պահանջը Հայաստանի կառավարությունից չեղյալ համարելու օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի գնի 17 տոկոս բարձրացումը: Այս ակտիվիստները կարծում են, որ իրենց կողմից քաղաքի փողոցների փակումը օրինական եւ բարոյական տեսանկյունից արդարացված է, քանի որ բողոքի ակցիան խաղաղ բնույթ է կրում եւ ինքնաբուխ է: Նրանք իրենց շարժումն անվանել են «Ո՛չ թալանին»:
 
Իշխանությունները մի քանի անգամ փորձեցին համոզել երիտասարդներին դադարեցնելու բողոքի ցույցը: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկեց հանդիպել նրանց հետ, ցուցարարները մերժեցին այդ խնդրանքը՝ պահանջելով հանդիպման ուղիղ հեռարձակում հանրության համար: Կառավարության առաջարկը՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց փոխհատուցում տալու 100 հազար անապահով ընտանիքներին, եւս մերժվեց: Վերջապես, Նախագահի որոշումը՝ սառեցնել սակագնի բարձրացումը մինչեւ միջազգային աուդիտորական ընկերության կողմից ռուսական էներգետիկ ընկերության «Հայաստանի էլեկտրական ցանցեր» դուստր ձեռնարկության ֆինանսական հաշվետվությունների ստուգումը՝ սակագնի բարձրացման հիմնավորված լինելու հանգամանքը պարզելու համար, եւս մերժվեց:
 
Լարված դիմակայության առաջին թուլացումը եղավ անցյալ կիրակի, երբ բողոքի ակցիայի կազմակերպիչներն ընդունեցին ոստիկանության առաջարկը եւ վերադարձան Ազատության հրապարակ՝ երկրորդ բախումից խուսափելու համար: Երկուշաբթի գիշերը նրանք հայտարարեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան եւ շուտով կորոշեն իրենց հետագա անելիքները: Սակայն, ցուցարարների մեծ մասը հրաժարվեց հետեւել նախաձեռնության ղեկավարներին՝ շարունակելով գիշերները անցկացնել Բաղրամյան պողոտայի մեջտեղում՝ վանկարկելով «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը:

Երիտասարդ տղաների ու աղջիկների այս նոր սերունդը խիստ հիասթափված է թե իշխանություններից, թե ընդդիմությունից: Սակայն, բողոքի ակցիայի կազմակերպիչները, հուսահատվելու եւ շատ շատերի նման երկիրը լքելու փոխարեն, դուրս են եկել փողոց պաշտպանելու ժողովրդի իրավունքները: Այս ակտիվիստները ցույց են տալիս, որ չնայած իրենք չունեն իշխանություն, հարստություն եւ պաշտոնական դիրքեր, սակայն ի զորու են անհրաժեշտության դեպքում ոտքի ելնել եւ իրենց շուրջը համախմբել զանգվածներին՝ ստիպելով իշխանություններին հաշվի նստել իրենց հետ... Կարելի է չհամաձայնվել ցուցարարների մարտավարությանը, սակայն հնարավոր չէ չհիանալ նրանց անկեղծության եւ հանձնառության վրա իրենց հայրենակիցների բարօրության հանդեպ...  
 
Ահա այն երեք կարեւոր դասերը, որ պետք է քաղել վերջին զարգացումներից.
 
1) Հայաստանի ապագան հուսալի ձեռքերում կլինի, քանի դեռ գալիք սերնդի մեջ կան երիտասարդներ, նման այն տղաներին ու աղջիկներին, որոնք անցյալ շաբաթ ինքնաբուխ կերպով դուրս եկան Երեւանի փողոցներ.
 
2) Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները մոտ ապագայում իշխանության գալու շատ քիչ հնարավորություն ունեն, քանի դեռ լիովին չեն վերանայել իրենց քաղաքականությունը՝ իրենց շարքերը ներգրավելով խելացի, նվիրված եւ նախաձեռնող երիտասարդ տղաների ու աղջիկների, եւ թույլ տալով նրանց ղեկավար դիրքեր զբաղեցնել.
 
3) Հայաստանի ժողովրդի մոտ խորը հիասթափություն կա իրար հաջորդող  կառավարությունների նկատմամբ, անկախացումից առաջ եւ հետո:  Իշխանության ղեկավարների առջեւ շատ ավելի լուրջ խնդիրներ են ծառացած, քան էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը: Հայաստանի համար գոյատեւման հրամայական է դարձել արդար եւ ժողովրդավարական հասարակարգի ստեղծումը, որտեղ քաղաքացիները կարող են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ եւ խաղաղ կյանքով: Հայ ժողովուրդը կարիք չի ունենա բողոքելու Երեւանի փողոցներում, եթե գոյություն ունենան արդյունավետ եւ վստահելի մեխանիզմներ, որոնց միջոցով մարդիկ կկարողանան պաշտպանել իրենց հիմնական քաղաքացիական իրավունքները եւ ապահովել իրենց բարեկեցությունը:
 
Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին