Մեր խտացված առօրյան - Mediamax.am

Մեր խտացված առօրյան
2792 դիտում

Մեր խտացված առօրյան


Վերջերս Զվարթնոցի տաճարում Տիգրան Համասյանի համերգն էր: Տեղ չհասած արդեն հասկանալի էր, որ սյուռեալիստիկ միջավայր պիտի լինի, որովհետեւ այդ կետն այդ երաժշտությամբ եւ լուսավորությամբ չէր կարող չհակադրվել մեր առօրյային:

Աստիճանաբար զիլ մարդկանց խտացումներն արդեն տեսանելի էին. ծանոթ ընկերներ, հեռու-մոտիկ բարեկամներ, երկար-բարակ բարեւ-բարլուսներ... քիչ հետո մթնեց եւ հեռվից լսվեց V-րդ դարի հայ հոգեւոր երաժշտությունը:

Սպասողական վիճակ էր: Սպասում էինք, որ ձայնը կշտկեն ու մենք էլ  կկարողանանք լսել այնպես, ինչպես առջեւում նստած հատուկ հրավիրյալները:

Լսելու համար կետ գտանք ու փորձեցինք կենտրոնանալ դեպի օդում պտտվող հնչյունները: Ինձ թվում էր` եկել ենք միայն Համասյանի համերգին, բայց քիչ հետո մեկնարկեց զուգահեռ երկրորդ «համերգը». մարդիկ, ովքեր այդպես էլ չփորձեցին գտնել իրենց կետերը, սկսեցին համերգից ավելի բարձր հեռվից հեռու գոռալով իրար բանավոր մեսիջներ ուղարկել: Ու կապ չունի, որ գոռացած բառերը գալիս խաչվում էին Մովսես Խորենացու հեղինակած երաժշտության հնչյուններին:

Ու հասկացանք, որ մենք նստած ենք մի տարօրինակ սահմանագծին. առջեւս սիրուն շարված աթոռներ` իրենց լուռ հրավիրյալներով, իսկ մեջքիս հետեւում` ինչ ուզես, ինչ թեմա ուզես ու ինչ տրամադրություն ուզես, որն որեւէ կապ չուներ տաճարից դուրս եկող միստիկ ձայների հետ:

Աղմկոտ համերգից հեռանալու փոխարեն, որոշեցինք շարունակել լսել երաժշտությունը հենց այդ տարօրինակ միքսով, քանի որ իրար չձուլվող այս մասնիկներն օդում ստեղծում էին մեր հասարակության տարբեր շերտերի քաղաքակրթական բախման մի մեծ պատկեր:

Իրականում երեկոն խտացված մեր առօրյան էր... միջավայր իր տարբեր քաղաքակրթական սահմաններով, որտեղ առաջին գծում VII-րդ դարի տաճարի ավերակների վրա մարդիկ աղոթական վիճակում են, երկրորդ գծում նստած են հիմնականում պլպլ հագնված հյուրեր, ովքեր կամ ամոթից կամ իրապես վայելում են ներկա սյուռեալիզմը, ետնամասում` իրենց «կետերը» գտած մարդիկ, ովքեր միեւնույն ժամանակ ներքին կոնֆլիկտի մեջ են եւ մի մեծ ամբոխ, որը բոլոր առումներով խզված է առաջին գծի հոգեւիճակից, բայց իրեն ստիպելով ապրում է նույն ֆիզիկական միջավայրում:

Ի դեպ, այս քաղաքակրթական սահմաններից վերեւ երկինքն այդ օրը ֆանտաստիկ աստղազարդ էր …

Նարեկ Աշուղաթոյանը «Ծիրանի մշակութային հանգոյցի» ղեկավարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Ծակող հարցերի ժամանակը
Մեր ընտրանին