Աշխարհին համակած ալիքը եւ Թուրքիան - Mediamax.am

Աշխարհին համակած ալիքը եւ Թուրքիան
3446 դիտում

Աշխարհին համակած ալիքը եւ Թուրքիան


Ապրիլի 12-ին Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում տեղի ունեցած եկեղեցական արարողությունը եւ հնչած չորս ուղերձները քրիստոնեական աշխարհի միակամության դրսեւորումն էր: Անկասկած է, որ այդ պատմական օրվա կայացման գործում մեծ թվով հաստատություններ ու անհատներ էին ներգրավված։ Հատուկ ուշադրության են արժանի Հայ կաթողիկե եկեղեցին, Իտալիայում եւ հատկապես Վատիկանում Հայաստանի դեսպանատների գործադրած ջանքերը։ Հատկապես վերջիններիս կողմից կատարված հսկայածավալ ու հետեւողական աշխատանքի շնորհիվ վերջին օրերին եւ՜ Ապենինյան թերակղզին, եւ՜ կաթոլիկ աշխարհը ողողված էր հայկական ոգեղենությամբ:

Սբ․ Աթոռում հնչած ուղերձներից րոպեներ անց Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը հանդես եկավ իրարահաջորդ հայտարարություններով։ Իրականում դրանցում հիշարժան ոչինչ չկար. փոխարինենք Անկարայի պաշտոնական հայտարարություններում նշված «Ֆրանցիսկոս պապ», «Սբ․ Աթոռ», «պապ» բառերը ցեղասպանությունը դատապարտած այլ երկրների կողմից ընդունված բանաձեւերին հաջորդած արձագանքների հետ եւ կստանանք գրեթե նույն պատկերը: Հատկապես 100-ամյակի նախօրեին Թուրքիայի ժխտողականության պարզունակ թեզերն առավել խղճուկ եւ անբովանդակ են հնչում: Թուրքիայի ղեկավարությունն ամենայն հավանականությամբ գիտակցում է, որ ժխտողականության դեմ պայքարում նոր, առավել բարձր նշաձող է սահմանված, hետեւաբար, թարմացված, սակայն բարոյապես մաշված նախկին թեզերի վերափաթեթավորումը ժամանակի ու ռեսուրսների վատնում է:

Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին խոսելիս մենք ականատես ենք լինում միայն ելույթներին ու դատապարտող հայտարարություններին, մինչդեռ իրականում ժխտողականությունը դա համակարգ է։ Այն ունի իր տեսանելի եւ թաքնված դրսեւորումները։ Որեւէ երկրում ցեղասպանության մասին բանաձեւի կամ հայտարարության ընդունման առաջին իսկ ակնարկի դեպքում Թուրքիայի քաղաքական համակարգը եւ դիվանագիտական ներկայացուցչությունները լծվում են բացատրական աշխատանքների գործին։ Եթե առաջին փուլում արդյունքները տեսանելի չեն, ապա հաջորդում է ահաբեկումների եւ սպառնալիքների փուլը, իսկ եթե դա էլ չի հաջողվում, ապա գործի են դրվում տարբեր դիվանագիտական խողովակներով ներազդելու ջանքերը։ Կախված երկրի կարեւորությունից եւ միջազգային հարաբերություններում ունեցած կշռից, այդ պայքարը շարունակվում է ընդհուպ մինչեւ տվյալ երկրի օրենսդիր մարմնում հերթական բանաձեւի կամ հայտարարության քննարկումը, որի ընթացքում էլ, երբեմն, գործի են դրվում նաեւ տեղի թուրքական, իսկ որոշ դեպքերում էլ ադրբեջանական համայնքային կառույցները։ Իսկ եթե ամեն դեպքում գործադրված ջանքերը արդյունք չեն տալիս եւ հայտարարությունը կամ բանաձեւը ընդունվում է, ապա նախ Թուրքիայի ԱԳՆ-ն, ապա վարչապետը, իսկ հետո էլ նախագահը հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով։ Հայտարարության տարածումը կրկին ուղեկցվում է կուլիսային ճնշման փորձերով, որպեսզի տվյալ երկրի խորհրդարանը կամ գործադիր իշխանությունը հանդես գան ինչ-որ հայտարարությամբ, որը կմեղմի վնասը։

Թուրքիան գրեթե նույնատիպ մեխանիզմով է աշխատել նաեւ Վատիկանի հետ՝ քաջ գիտակցելով, որ Հռոմի Ֆրանսցիսկոս պապի կողմից Ցեղասպանության մասին հիշատակումը մեծ ալիք կբարձրացնի քրիստոնեական աշխարհում։ Դատելով թուրքական արձագանքից, ընդհուպ մինչեւ վերջին պահը նրանք լիահույս էին, որ կաթոլիկ աշխարհի քահանայապետը չի օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Թուրքական դիվանագիտությունը հաճախ մոռանում է, որ չափազանց մեծ ճնշումները հակառակ ազդեցությունն են գործում, իսկ նրանց պնդումները թե Հռոմի պապը խոստացել էր չօգտագործել «ցեղասպանություն» բառը, աշխարհին մոլորեցնելու պարզամիտ փորձ է։ Ֆրանցիսկոս պապի հեղինակությունը կաթոլիկ աշխարհում օրեցօր աճում է, չկա մի շաբաթ, որ նրա մասին չգրի համաշխարհային մամուլը։ Ուստի, դժվար է հավատալ թուրքական քարոզչական հնարին, թե Հռոմի պապը խոստացել է մեկ բան, իսկ կատարել է ճիշտ հակառակը։

Ֆրանցիսկոսը Հռոմի պապի աթոռում ընտրվեց երկու տարի առաջ՝ մարտին, իսկ մեկ ամիս անց էլ Սբ․ Աթոռում ՀՀ ունեցավ առաջին ռեզիդենտ դեսպանը։ Այն ժամանակ շատերն էին քննարկում այդ նշանակման կարեւորությունը եւ նպատակահարմարությունը։ Թե՜ անցած 24 ամիսների ընթացքում, թե՜ ապրիլի 12-ին ականատես եղանք, որ կաթոլիկ աշխարհի մեծ հեղինակություն վայելող առաջնորդի կողքին հարկավոր էր ունենալ դինամիկ ու նախաձեռնող դիվանագիտական ներկայացուցչություն, որը կունենար սեփական օրակարգը եւ դրա իրագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը։

Ապրիլի 12-ին տեղի ունեցածը ցույց տվեց, որ միջեկեղեցական համագործակցության, համայնքային կառույցների եւ դիվանագիտական աշխատանքի գործադրման ու համադրման շնորհիվ հնարավոր եղավ պատմական քայլ կատարել։ Ժխտողականության դեմ պայքարը շարունակվում է։

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Համակարգն ընդդեմ անհատների
Մեր ընտրանին