Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից - Mediamax.am

Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից
5780 դիտում

Հայաստանը նոր աջակցություն է ստացել Եվրախորհրդարանից


Նախորդ շաբաթը բարենպաստ էր Հայաստանի եւ ԵՄ-ի փոխհարաբերությունների համար: ԵՄ-ի հաճախ խճճված եւ անհասկանալի «մեքենան» նոր նշանակալի փաստաթուղթ պատրաստեց Հայաստանի համար: Այն վկայում է եվրոպական Արեւելքի, հատկապես Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը ԵՄ հավատարմության մասին: Դիտարկենք Եվրախորհրդարանի /ԵԽ/ նոր բանաձեւը Եվրոպական հարեւանության քաղաքականության վերաբերյալ եւ դրա նշանակությունը Հայաստանի համար: Այդպիսի փաստաթղթերի կշիռը հաճախ թերագնահատվում կամ գերագնահատվում է, եւ Բրյուսելից դուրս գտնվող մարդիկ հազվադեպ են հասկանում, թե ինչպես են ընդունվում այդպիսի տեքստերը:

Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավարի աշխատակազմի ղեկավար եղածս տարիներից հիշում եմ երեք սկզբունք, որոնք բնութագրում են ԵԽ աշխատանքն արտաքին հարաբերություններում. 1) Փորձել լինել արդար եւ հավասարակշռված; 2) Կենտրոնանալ ԵՄ արժեքների վրա ընտրազանգվածի տեսանկյունից; 3) Քաղաքականապես ավելի համարձակ լինել, քան ԵՄ պաշտոնական դիվանագիտությունը: Ահա թե ինչպես է դա վերածվում բանաձեւի եւ Հայաստանի հետ հարաբերությունների:

Բանաձեւը հաստատվել է պլենար նստաշրջանում, որին ներկա էին ԵԽ 736 անդամներ, ովքեր ընտրվել էին ԵՄ 27 անդամ երկրներից յուրաքանչյուրի ժողովրդի կողմից: Այդ ծավալն ու բազմազանությունը ստեղծում են հավասարակշռություն: Օրինակ, բանաձեւը ԵՄ-ին կոչ է անում ավելի սերտ հարաբերություններ հաստատել անջատված շրջանների հետ, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն չի հասնում ԼՂ իշխանությունների հետ պաշտոնապես աշխատելու կոչին: Առաջինը համարձակ եւ կարեւոր աջակցություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ կոչ` այդ ոլորտում ԵՄ ոչ մեծ գործունեության ընդլայնման մասին: Միաժամանակ, ԵԽ-ն ընդգծում է, որ ցանկանում է մնալ չեզոք, բոլոր կողմերի համար ընդունելի դերակատար, ահա թե ինչու նա որոշ չսադրել Ադրբեջանին եւ ԼՂ իշխանությունների հետ համագործակցելու կոչ չանել: Այդպիսի հաշվեկշիռը բնորոշ է ԵՄ-ին, քանի որ այնտեղ աշխատում են ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` ուլտրա-պահպանողականներից մինչեւ կանաչներ` աշխարհագրորեն տեղաբաշխված Ֆինլանդիայից մինչեւ Հունաստան:

Միաժամանակ, Եվրախորհրդարանի բոլոր անդամներն ընտրվում են ուղղակիորեն եւ կարող են ազատ ասել այն, ինչ ճիշտ են համարում, կամ այն, ինչ ընտրողներն են ակնկալում նրանցից: Ընտրողները հիմնականում ցանկանում են, որպեսզի ԵՄ-ն ավելի ակտիվ գործի, առաջ տանի եվրոպական արժեքներն ու լուծի խնդիրներ: Այսպիսով, ԵՄ-ն հաճախ մղում է եվրոպական այլ ինստիտուտներին, որոնք գործում են ավելի քիչ հրապարակայնորեն եւ սովորաբար պակաս համարձակ: Օրինակ, բանաձեւի տեքստում կոչ է պարունակվում Հարավային Կովկասում եւ Մոլդովայում ԵՄ նոր Հատուկ ներկայացուցչի ինստիտուտի հիմնադրման մասին: Այդ պահանջը դուրս է գալիս ԵՄ այլ ինստիտուտների ներկայիս քաղաքականության շրջանակներից, սակայն դա անհրաժեշտ է, եթե Եվրամիությունը ցանկանում է հասնել իր նպատակներին ձգձգվող հակամարտությունների լուծման հարցում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ԵԽ-ն նաեւ պահանջում է կոնկրետ առաջխաղացումներ վիզային ռեժիմի պարզեցման ոլորտում, ինչը կրկին շահավետ է Հայաստանի համար եւ ավելի համարձակ է, քան ԵՄ այլ ինստիտուտների մինչ օրս արած հրապարակային հայտարարությունները: ԵՄ արժեքների առաջխաղացման օրինակ կարող է ծառայել Եվրոպական հարեւանության քաղաքականության բոլոր անդամ երկրներին ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետագա բարելավման վերաբերյալ պարզ ազդանշանը: Մյուս օրինակն այն է, որ ԵԽ-ն ցանկանում է, որպեսզի ձգձգվող հակամարտությունները լուծվեն երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: ԵԽ-ն առաջին անգամ է առաջարկում այդ մոտեցումը կիրառել բոլոր հակամարտությունների, այլ ոչ միայն ԼՂ նկատմամբ:

Եղել են դեպքեր, երբ ԵԽ բանաձեւերը պարունակել են Հայաստանի համար խնդրահարույց ձեւակերպումներ` հիմնականում, երբ ԵԽ առանձին պատգամավորներին հաջողվել է ազդել տեքստի վրա առանց լայն քննարկումների: Սակայն երկար տարիներ Եվրախորհրդարանը եղել է Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների բարելավման հիմնական շարժիչ ուժը: ԵԽ բանաձեւերը պարտադիր ուժ չունեն, սակայն շատ հաճախ եվրոպական քաղաքական գործիչները սկսում են գործել` հետեւելով Եվրախորհրդարանի կոչերին: ԵՄ բոլոր դերակատարները պետք է հաշվետու լինեն ԵԽ առջեւ եւ պատասխանեն հասարակության հարցերին: Եվրախորհրդարանը նաեւ հաստատում կամ մերժում է Հանձնակատարների նշանակումը, օրինակ, Քեթրին Էշթոնի կամ Ստեֆան Ֆյուլեի դեպքում, եւ կարող է նույնիսկ ազատել Հանձնակատարին վատ աշխատանքի համար: Ի վերջո, ԵԽ-ն որոշում է ԵՄ բյուջեի հարցերը, ինչը նրան զգալի իշխանություն է տալիս ԵՄ կոնկրետ աշխատանքի նկատմամբ: Եվրախորհրդարանը գիտակցում է իր այդ անուղղակի, սակայն զգալի իշխանությունը: Առավել կարեւոր են կոնկրետ պահանջները, պակաս կարեւոր են տեքստում առկա հանգամանալից ձեւակերպումները, թեեւ դրանք կարող են զգայուն թվալ Հայաստանի համար: Դեպքերի մեծամասնությունում լավագույն փաստարկները հաղթում են քվեարկության ժամանակ: Դա լավ է Հայաստանի համար, քանի որ մի շարք հարցերի շուրջ մենք ունենք շատ լավ փաստարկներ, միաժամանակ, մենք հուսալի գործընկեր ենք ԵՄ-ի համար:

Մայքլ Քամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Էրդողանի հիստերիան

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Մեր ընտրանին