Թուրքիան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են ապրիլի 24-ի ուղերձները - Mediamax.am

Թուրքիան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են ապրիլի 24-ի ուղերձները
3096 դիտում

Թուրքիան եւ ԱՄՆ-ը համաձայնեցրել են ապրիլի 24-ի ուղերձները


Թեեւ զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:

Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:

Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, եւ նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից...

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին եւ այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:
 
Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին եւ վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:

Քահրամանը նաեւ բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձեւը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:

«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետեւում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի  խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:
 
Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները Թուրքիայից երեք առանձին ուղղություններով` «իրավական, քաղաքական եւ հասարակական կարծիք»:

Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ, որից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ եւ կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրենին:

«Այդինլիքը» նաեւ հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն, Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը`  նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ:

Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով  որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը, անտեղյակ հանրության առաջ, գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:

Մինչ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են խաղում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը մաս էր կազմում թուրքական քարոզարշավի` խոչընդոտելու Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանն ուղղված հայկական ջանքերը:

Վերջապես, բոլոր նրանց, որոնք սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից եւ ոչնչացվեցին....»:

Հարութ Սասունյանը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն է եւ խմբագիրը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին