Հայաստան եւ Թուրքիա. 2015-ը սկսվում է այսօր - Mediamax.am

Հայաստան եւ Թուրքիա. 2015-ը սկսվում է այսօր
8854 դիտում

Հայաստան եւ Թուրքիա. 2015-ը սկսվում է այսօր


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Հայկական հարցի» վերաբերյալ հայտարարությունն ավելի հեռուն է գնում, քան մինչեւ այս թուրք առաջնորդների կողմից երբեւէ արված այլ հայտարարությունները:

Երբեւէ թուրք առաջնորդը չէր հայտնել իր ցավակցությունը Օսմանյան հայերի ժառանգներին: Էրդողանն ասում է, որ ինքն ու իր կառավարությունը «ցանկանում են, որպեսզի հայերը, ովքեր կորցրել են իրենց կյանքը XX դարի սկզբին, հանգչեն խաղաղությամբ» եւ իր ցավակցությունն է հայտնում նրանց թոռներին:

Բայց, իհարկե, շատ քչերն են կարդում այս բառերը, բառեր, որոնք շատ լավ տեղավորվում են թուրքական պատմության համատեքստում: Բավական է միայն, որ մարդիկ նայեն հայտարարության հեղինակի անվանը եւ այդ հայտարարությունն անելու օրվան` 2014 թ.-ի ապրիլի 23. Հայոց եղեռնի զոհերի հիշատակի օրվանից մեկ օր առաջ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ:
 
Արդյո՞ք Էրդողանի հայտարարությունը Թուրքիայում փոփոխության նշան է, թե՞ այն հաշվարկված քաղաքական քայլ է:

Երկուսը միաժամանակ: Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հայերի համար ավելին է արել, քան ցանկացած այլ թուրքական կառավարություն վերջին 50 տարիների ընթացքում: Այն հանել է 1915 թ.-ի դեպքերի շուրջ ազատ քննարկումներ ծավալելու տաբուն, թույլ է տվել շարքային թուրքերին օգտագործել «ցեղասպանություն» բառը եւ վերաբացել Թուրքիայում հայկական եկեղեցիները:
  
Թեեւ սա  Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած մեծ ողբերգության ճանաչման սկիզբն է միայն, սակայն թուրք վարչապետի գնահատականների հնչերանգները վկայում են, որ նա ցանկանում է սրանով վերջ դնել այս հարցին: Եվ, իհարկե, հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ:

Ցավալի ճշմարտություն է, բայց պետք է ընդունել, որ Հայոց ողբերգության վերաբերյալ ամեն տարի ապրիլի 24-ին արվող հայտարարությունների շարքն այլեւս արժեզրկված է: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Էրդողանի հայտարարությունն անվանել է «սառը եւ ցինիկ թակարդ» , քանի որ վերջինս կիրառել է «ընդհանուր ցավ» արտահայտությունը եւ չի արտաբերել «ցեղասպանություն» բառը: 

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը բաց թողեց առավել մանրամասն հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը  ճիշտ այնպես, ինչպես 2009 թ.-ին, երբ նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությունն անվանեց «Թուրքիայի սպառնալիքների դիմաց եւս մեկ ամոթալի ընկրկում» միայն այն պատճառով, որ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը:

Պարադոքսալ է, որ հայկական կազմակերպությունները, որոնք բարձրաձայնում են 1915 թ.-ի հայերի ջադերի մասին, ապրիլի 24-ը վերածում են ոչ թե սգո, այլ զայրույթի եւ քաղաքականության օրվա:

Բոլորի համար միանշանակ ավելի լավ կլիներ պարզապես խուսափել ապրիլի 24-ին հայտարարություններ անելուցեւ կենտրոնանալ իրական խնդիրների վրա, թե ինչպես հարգել հայ նահատակների հիշատակը, ինչ անել Թուրքիայում հայկական ճարտարապետական ժառանգության հետ, վերախմբագրել Թուրքիայի պատմության դասագրքերը եւ ամենակարեւորը, կարգավորել հայ-թուրքական հարաբերություններն ու բացել փակ սահմանը: 

2015 թ.-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ շատ հավանական է, որ մենք ականատես կլինենք ավելի շատ հռետորաբանության եւ ավելի քիչ գործողությունների: Սակայն թուրք վարչապետի հայտարարությունը հնարավորություն էր խրախուսելու իրեն եւ իր կառավարությանը` ձեռնարկելու իրական քայլեր եւ հարգելու բոլոր հայերին` ողջ, թե մահացած: 

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:

Մեկնաբանությունը գրվել է Մոսկվայի Կարնեգիի կենտրոնի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին