Ամեն անգամ, երբ Երեւան-Գյումրի ճանապարհին տեսնում էի Աշնակ գյուղի ցուցանակը, սիրտս մի յուրահատուկ ջերմությամբ էր լցվում` գիտեի, որ Վրեժ Իսրայելյանի հայրենի գյուղն է: Երբեք չէի կարող մտածել, որ երեկ առաջին անգամ կլինեմ Աշնակում, որպեսզի հրաժեշտ տամ իմ սիրելի Վրեժ Իսրայելյանին…
Վրեժ Իսրայելյանի հետ ծանոթացա 1997 թվականի հունվարին: Հունիսին պետք է ավարտեի համալսարանը ու բանակ զորակոչվեի: Արդեն զբաղվում էի լրագրությամբ` «Մոսկովսկիե նովոստի» թերթի թղթակիցն էի Հայաստանում, ու ցանկանում էի հնարավորության դեպքում ծառայել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Հայ Զինվորում», որի գլխավոր խմբագիրը գրող Վրեժ Իսրայելյանն էր:
Ծանոթությունը կայացավ մեր ընտանիքին շատ մտերիմ մարդկանց արվեստանոցում, որոնք ընկերություն էին անում Վրեժի հետ: Ծանոթացանք` շատ պարզ ու հանգիստ մարդու տպավորություն թողեց: Ինձ ասաց.
«Կարդացել եմ քո հոդվածներից: Արի այսպես անենք. մինչեւ հունիս ամեն շաբաթ կգրես «Հայ Զինվորի» համար, եթե աշխատանքդ հավանեմ, կխոսեմ նախարարի (Վազգեն Սարգսյանի) հետ ու քեզ կվերցնենք մեզ մոտ»:
Այդպես էլ եղավ, հունիսին արդեն ծառայում է «Հայ Զինվոր» թերթում ու հրամանատարս Վրեժ Իսրայելյանն էր:
Մինչ այդ երբեք հնարավորություն չէի ունեցել ամեն օր շփվել «կենդանի գրողի» հետ: Սկզբում մի փոքր հիասթափված էի` պարոն Իսրայելյանը այնքան պարզ մարդ էր, որ հավատս չէր գալիս, թե նա «իսկական գրող է»: Մինչ այդ երբեք չէի շփվել «կենդանի սասունցու» հետ: Իսկական սասունցի էր` թե տպավորիչ ֆիդայական արտաքինով, թե հզոր ներքին ուժով ու հանգստությամբ:
Վրեժ Իսրայելյանն այնպիսին էր, ինչպիսին որ կար: Երբեք որեւէ դիմակ չէր հագնում ու երբեք չէր անում այն, ինչը սրտով չէր: Գիտեինք, որ նախարարությունում մի քանի մարդիկ կային, որոնց չէր սիրում: Սակայն նույնիսկ այդ մարդիկ հարգում էին նրան, որովհետեւ երբեք չէր խոսում թիկունքից:
Վրեժ Իսրայելյանը իսկական մտավորական էր, ով 1988-ի Շարժումը ընկալում էր որպես մտավորականության հաղթանակ: Հիշում եմ, թե որքան էր տխրել 1998 թվականի սկզբին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո: Վրեժը շատ մոտ էր Վազգեն Սարգսյանի հետ, ով այդ հրաժարականի «հեղինակներից» մեկն էր, սակայն մեր զրույցներում անկեղծ ասում էր, որ տեղի ունեցածը իր սրտով չէ: Կարծում եմ, նրան ամենից շատ մտահոգում էր այն փաստը, որ մտավորականության ներկայացուցիչը ստիպված էր զիջել «ուժայիններին»: Ու խնդիրը ոչ թե կոնկրետ անձինք էին, այլ երեւույթը, այն, ինչն ինքը ընկալում էր որպես մտավորականության պարտություն:
Երբ ծառայում էի «Հայ Զինվորում», Վրեժ Իսրայելյանը չէր գրում: Ասում էր, որ հոգնել է ու որոշել է անժամկետ դադար վերցնել: Մի քանի տարի անց հանդիպեցինք ու ինձ նվիրեց իր պատմվածքների նոր ժողովածուն` վերսկսել էր գրելը: Այս վերջին ամիսների ընթացքում շատ էի ուրախանում` թերթերում տեսնելով նրա նոր պատմվածքները: Մտածում էի` ուրեմն պարոն Իսրայելյանի մոտ ամեն ինչ կարգին է…
Ես նրան շատ-շատ էի սիրում: Չնայած վերջին տարիներին շատ քիչ էինք հանդիպում, գիտեի, որ մեր կողքին ապրում է լավ մարդ Վրեժ Իսրայելյանը, եւ այդ փաստը հոգիս ջերմությամբ էր լցնում: Գիտեի, որ երբ էլ հանդիպեինք, պետք է անկեղծ կարոտով ժպտանք միմյանց… Այսօր պարոն Իսրայելյանը չկա, բայց ես, միեւնույն է, նրան շատ եմ սիրում: Եվ միշտ կսիրեմ: Ու կցանկանամ, որ բոլորդ կյանքում այդպիսի մարդկանց հանդիպեք:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: