Ի՞նչ եք ուզում, պարոն Հովհաննիսյան - Mediamax.am

Ի՞նչ եք ուզում, պարոն Հովհաննիսյան
19442 դիտում

Ի՞նչ եք ուզում, պարոն Հովհաննիսյան


Հարգելի պարոն Րաֆֆի Հովհաննիսյան.

Երեւի, հիշում եք, որ ընտրություններից մի քանի օր առաջ` պատահական տեսնելով ինձ սրճարաններից մեկում, ասացիք. «Ես քո քննադատության կարիքն ունեմ»: Անկեղծ ասած, լավ չհասկացա` կատա՞կ էիք անուն, թե լուրջ էիք ասում, բայց այսօր որոշեցի հետեւել Ձեր հորդորին, քանի որ ավելի ու ավելի դժվար է դառնում հասկանալ Ձեր գործողությունների տրամաբանությունը:

Ի՞նչ եք ուզում անել, պարոն Հովհաննիսյան: Ի՞նչ էիք երեկ անում: Քանի անգամ իրարամերժ բաներ ասացիք, քանի անգամ երթուղիներ փոխեցիք: Ի՞նչ նպատակ ուներ երեկ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր գնալը: Թե՞ իրական նպատակը նախագահի նստավայրի մոտ գնալն էր, իսկ Ծիծեռնակաբերդը օգտագործեցիք որպես այդ երթը «լեգիտիմացնելու» միջոց: Ինչո՞ւ էիք օրվա ընթացքում մարդկանց այստեղ ու այնտեղ տանում ու բերում` նրանց չներկայացնելով գործողությունների եւ ոչ մի ծրագիր: Որքան կարելի է քայլել այստեղ ու այնտեղ` շրջապատված ընտանիքի անդամներով ու անհասկանալի, անբովանդակ ճառեր ասելով:

Ո՞ր «Նոր Հայաստանի» մասին եք խոսում: Ի՞նչն է փոխվել: Միթե՞ Ձեզ համար պարզ չէ, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իշխանությունը Ձեզ հանձնել: Եթե իսկապես համոզված եք, որ Դուք Հայաստանի «չորրորդ նախագահն» եք, ուրեմն պետք է հեղափոխություն անեք: Հեղափոխություն իր բոլոր դաժան դրսեւորումներով` մարդկային զոհերով ու արյամբ: Կամ էլ պետք է որոշակի համաձայնության գաք Սերժ Սարգսյանի հետ ու քննարկեք նրա առաջարկները:

Երրորդ ուղին չկա: Անվերջ ու անհասկանալի խոստումներ տալը ուղի չէ, դա անհարգալից վերաբերմունք է մարդկանց հանդեպ: Բացատրեք ինձ, եթե ապրիլի 9-ին Ձեր ղեկավարած «շարժումը» հասավ գագաթնակետին, ապա ինչո՞ւ եք հաջորդ հանրահավաքն անում ոչ թե այսօր, այլ ապրիլի 12-ին: Ասելիք չունե՞ք: Միթե այդ ասելիքը պետք է երկու օրում առաջանա:

Պարոն Հովհաննիսյան,

Արդեն երկու ամիս է խոստանում եք գործողությունների ծրագիր ներկայացնել ու չեք ներկայացնում: Ընդհանուր բառեր եք ասում, օրինակ, որ «իրավատեր» եք: Ու ի՞նչ: Ի՞նչ է փոխվում: Հացադուլ եք անում, մեկ էլ մի օր այդ հացադուլը ստանում է «ծոմ» բնորոշումը ու ավարտվում է: Ասում եք, որ հրապարակից չեք հեռանա մինչեւ ձեր պահանջները չկատարվեն, բայց հետո հեռանում եք:

Մարտի 2-ին երկար ու հպարտ հաղորդագրություն տարածեցիք այն մասին, որ 3 ժամանոց հանդիպում եք ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ ի՞նչ: Ի՞նչ տվեց Ձեր պայքարին այդ հանդիպումը: Ձեզ չի՞ զարմացնում այն փաստը, որ թեեւ ԲՀԿ նախագահը ապրիլի 9-ին չմասնակցեց նախագահի երդմնակալության արարողությանը, բայց դա արեցին ԲՀԿ շատ անդամներ: Նմանություն չե՞ք տեսնում ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու ԲՀԿ պահվածքի հետ:

Մարտի 5-ին ասացիք. «ով ասում է, թե իմ խոսքերի մեջ ծրագիր չի տեսնում, մարտի 10-ին այդ ծրագրի բեկումը կտեսնի»: Մարտի 11-ին էլ ասացիք, որ մինչեւ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանին ինքնաբացարկ հայտարարելու հնարավորություն եք տալիս: «Մինչեւ ապրիլի 9-ը բեկումնային փոփոխություններ պետք է լինեն, ես վստահեցնում եմ ձեզ», - ասացիք դուք:

Արդեն ապրիլի 10-ն է, պարոն Հովհաննիսյան, ուր է ծրագիրը, ի՞նչ բեկման մասին եք խոսում:

Կասեք, թե ձայնս «տաք տեղից է գալիս», նստած` Ձեզ խորհուրդներ եմ տալիս: Բայց Ձեզ են 500 հազար մարդիկ ձայն տվել ու նրանցից շատերը ուզում են հասկանալ` Դուք ի՞նչ եք պատրաստվում անել եւ ինչպե՞ս:

Այդ մարդկանց մի մասին էլ երեկ առաջնորդեցիք Բաղրամյան պողոտա ու այնտեղ, ըստ էության, անպաշտպան թողնելով նրանց ոստիկանների հետ դեմ առ դեմ, Սարյան փողոցով գնացիք դեպի Ծիծեռնակաբերդ: Իմաստը ո՞րն էր, պարոն Հովհաննիսյան:

Էլ չեմ խոսում այն մասին, որ մինչեւ հիմա հստակ բացատրություն չտվեցիք մարդկանց` ինչո՞ւ նախորդ տարվա ԱԺ ընտրություններում այդքան անհասկանալի ցուցակ կազմեցիք: Ինչո՞ւ «դաշինք» կնքեցիք «Ազատ դեմոկրատների» հետ: Ինչո՞ւ Ձեր մանդատից հրաժարվեցիք:

Միթե՞ պարզ չէ, որ, եթե ուզում եք բան փոխել, պետք է բոլոր ուժերը կենտրոնացնեք մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրությունների վրա: Ինչո՞ւ այս մեկ ամսում չհավաքագրել վստահված անձանց ու դիտորդների պատրաստված ու կուռ թիմ` խախտումները նվազագույնի հասցնելու համար: Իրական շանս ունեք Երեւանում իշխանություն վերցնելու, բայց զբաղվում եք անհասկանալի բաներով` շատ-շատերին հիասթափեցնելով:

Բարեւ տալն ու ժպտալը քիչ է Ձեր հռչակած «Նոր Հայաստան» կառուցելու համար, պարոն Հովհաննիսյան: Շատ քիչ է: Ունեք վերջին շանսը` պայքարել Երեւանի ավագանու ընտրություններում: Հասկացեք, որ եթե ձախողեք, ապա անփառունակ կերպով կհեռանաք Հայաստանի քաղաքական դաշտից:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքս-ի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին