Երկար դադարից հետո այսօր մեր ազգային հավաքականը դուրս կգա «Հանրապետական» մարզադաշտ, որպեսզի օգտագործի իր` Աշխարհի գավաթի եզրափակիչում հանդես գալու, մեծ հաշվով, վերջին հնարավորությունը: Ինչպես միշտ, բոլորս 90 րոպեով կմոռանանք ամեն ինչի մասին` միավորվելով մեկ գաղափարի շուրջ՝ մեր հավաքականի հաղթանակի:
…1999 թվականին 11 տարեկան էի: Այն ժամանակ Հայաստանում չէի ապրում, սակայն ամեն ամառ գալիս էի Երեւան: Ողջ տարին անհամբեր սպասում էի ամառային արձակուրդներին, որպեսզի կրկին միանամ ընկերներիս, որոնց հետ շատ մտերիմ էինք: Ամեն երեկո մինչեւ մութն ընկնելը բակում ֆուտբոլ էինք խաղում, իսկ դրանից հետո սկսվում էին անվերջ ֆուտբոլային քննարկումները: Ո՞վ է ավելի ուժեղ՝ «Յուվենթուս»-ը թե՞ «Ռեալ»-ը. ո՞ւմ տեխնիկան է ավելի բարձր՝ Զիդանի թե՞ Ռոնալդոի եւ այդպես շարունակ: Քանի որ ամառը հավաքականների համար արձակուրդային շրջան է, մինչեւ 1999 թվականը «Հրազդան» («Հանրապետական» մարզադաշտը դեռ վերակառուցված չէր) այցելելու հնարավորություն այդպես էլ չընձեռվեց:
Այդ տարի սեպտեմբերի 8-ին պետք է կայանար Հայաստան-Ֆրանսիա Եվրո-2000-ի ընտրական փուլի հանդիպումը: Քանի որ դասերը դպրոցում արդեն պետք է սկսված լինեին, ամենամեծ բարդությունը կայանում էր նրանում, որ կարողանամ մայրիկիս համոզել Երեւանում մնալ մի 10 օր ավել: Երկար «բանակցություններից» հետո ինձ, ի վերջո, հաջողվեց հասնել իմ նպատակին:
Ի՞նչ թաքցնեմ, մարզադաշտ առաջին հերթին ցանկանում էի գնալ, որպեսզի տեսնեի սիրածս խաղացողին՝ Զինեդին Զիդանին: Այն ժամանակ Ֆրանսիան աշխարհի ուժեղագույն թիմն էր, որը մեկ տարի առաջ նվաճեց աշխարհի գավաթը ՝ եզրափակիչում ջախջախելով Բրազիլիաին: Ֆրանսիաին մենք համարում էին կիսով չափ հարազատ, քանի որ թիմի կազմում հանդես էին գալիս Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Պողոսյանը: Տղերքով գնացինք ստադիոն եւ զբաղեցրեցինք մեր տեղերը՝ Ֆաբյեն Բարտեզի դարպասների հետեւում:
Երբ խաղի մեկնարկից ընդամենը 6 րոպե անց այսօր ծանր հիվանդությունից բուժվող Կարապետ Միքաելյանը` մեն-մենակ դուրս գալով Բարտեզի դեմ, գնդակն ուղարկեց դարպասը, ինձ թվաց, որ մեր տրիբունան կփլուզվի՝ այնքան մեծ էր մեր եւ բոլորի ուրախությունն ու ոգեւորությունը: Բավականին երկար ժամանակ մեզ հաջողվում էր պահել հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջում հենց Ջորկաեֆը 11-մետրանոցից գրավեց մեր դարպասը. 2-րդ խաղակեսում եւս երկու գնդակ բաց թողեցինք, որոնցից մեկը՝ Զիդանից: Կարծես թե, հանդիպումը հենց այդպես էլ պետք է ավարտվեր, բայց վերջին րոպեներին 11-մետրանոց նշանակվեց արդեն Ֆրանսիայի դարպասին, ու Արմեն Շահգելդյանը հաստատեց վերջնական հաշիվը՝ 2-3: Ասել, որ «Հրազդան»-ը լքում էինք երջանիկ, բոլորովին էլ չափազանցություն չի լինի` 2 գոլ խփեցինք աշխարհի չեմպիոններին: Իսկ երբ մեկ տարի անց Ֆրանսիան դարձավ նաեւ Եվրոպայի առաջնության հաղթող, մենք էլ ավելի հպարտացանք. փաստորեն կարողացանք ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ զիջել ոչ միայն աշխարհի, այլ նաեւ ապագա Եվրոպայի չեմպիոններին: Դրանից հետո երկար տարիներ պահում էի այդ խաղի տոմսը, որի հետեւում Միքաելյանի ու Շահգելդյանի անուններն էի գրել:
14 տարի առաջ, մենք՝ 10-12 տարեկան տղաներս, չէինք կարող անգամ երազել, որ կգա մի օր, երբ մենք ոչ թե կուրախանանք աշխարհի ուժեղագույն թիմերի դարպասը գրավելով, այլ իսկապես հավասար պայքար կմղենք ու անգամ հաղթանակներ կտոնենք նրանց նկատմամբ եւ մարզադաշտ կգնանք ոչ թե Զիդանին, Ռաուլին կամ Կլինսմանին տեսնելու համար, այլ դիտելու մեր հավաքականի փայլուն խաղը:
Մեր մանկության չհնչեցված երազանքը՝ ուժեղ ազգային հավաքական ունենալու մասին, այսօր իրականություն է դարձել: Եվ անկախ այսօրվա հանդիպման արդյունքից, շատ շնորհակալ եմ մեր հավաքականին, որն իր խաղով ու հաջողություններով ինձ թույլ տվեց տեսնել, թե որտե՞ղ կարող են տանել մանկության երազանքները:
Արամ Արարատյանը Մեդիամաքս-ի թղթակիցն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: