Ինչպես եւ խոստացել էի նախորդ սյունակում, այսօր ուզում եմ պատմել կյանքիս այն տարիների մասին, երբ հորս մի քանի ժամ տեսնելու համար ստիպված էինք հազարավոր կիլոմետրեր հաղթահարել:
Հորս մասին հաջորդ յոթ տարիների հիշողություններս կապված են Պերմի ճամբարում նրա հետ տեսակցությունների եւ նամակների հետ, որոնք դարձել են ինձ համար մեծագույն գանձերը:
Աշոտ, Անուշ եւ Հասմիկ Նավասարդյանները, 1979թ.
Եվ այսպես, հորս դատապարտեցին 8 տարվա ազատազրկման եւ 3 տարվա աքսորի՝ ճանաչելով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ, սահմանված պատժի առաջին 3 տարին թողնելով կրելու բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը՝ հատուկ ուղղիչ-աշխատանքային գաղութներում:
Եթե հորս ձերբակալումն իր իսկ համար սպասելի էր, ապա մորս համար՝ մեծ անակնկալ, ոչ այն իմաստով, որ հայրս երբեւէ կարող էր հրաժարվել իր գաղափարներից, այլ այն, որ մայրս մտածում էր, որ մանկահասակ երեխաների գոյությունը գոնե ժամանակավորապես կարող էր զերծ պահել հորս ակտիվ քարոզչական կամ քաղաքական գործողություններից: Սակայն եղավ այն, ինչ եղավ (ձերբակալման նախապատմության եւ դրդապատճառների մասին կխոսեմ ավելի հարմար պահի): Ինչեւէ, հորս տարան, նրա հետ մեր կյանքից անհետացան նաեւ շատ «բարեկամներ», «հարազատներ» եւ «ընկերներ»՝ վախենալով «հայրենիքի դավաճանի» ընտանիքի հետ ընկերությունից (նրանց չեմ մեղադրում. ՊԱԿ-ը հետապնդում էր քաղբանտարկյալների եւ նրանց ընտանիքների հետ շփվող բոլոր անձանց): Հորս ընկերներից մեզ հյուր էր գալիս միայն մեր քավոր Գագիկը՝ իր ընտանիքով. թեեւ մենք դեռեւս կնքված չէինք, սակայն հայրս եւ Գագիկը որոշել էին, որ հենց ինքն է լինելու մեր քավորը. Գագիկ Հովսեփյանը նույնպես ԱՄԿ անդամ էր:
Հիշում եմ նաեւ, որ 1982 կամ 1983 թվի երեւի թե ամռանը, երբ մենք բնակվում էինք Էրեբունի օդանավակայանի հարեւանությամբ, եւ մեր տան դուռը միշտ բաց էր, քանզի ապրում էինք առաջին հարկում եւ մեծ բակ ունեինք, մի օր ես ու քույրս խաղում էինք պատշգամբում, երբ բակում անսպասելիորեն շատ կարճ մազերով մի մարդ հայտվեց: Նա ուշադիր նայեց ինձ եւ ասաց. «Անուշը դո՞ւ ես»: «Այո»,- ասացի ես: «Գիտես, հայրիկդ քեզ բարեւում էր»,- ասաց նա: Տղամարդու ձայն լսելով՝ մայրս դուրս թռավ խոհանոցից, եւ նրա աչքերից անմիջապես արցունքներ թափվեցին. «Վայ, Պարույր ջան, դո՞ւ ես»: Պարույր Հայրիկյանն էր, ում մի քանի օրով կալանավայրից բերել էին Երեւան…
Երբ հորս տարան Պերմ, մայրս այլեւս չէր կարող վայելել երեխայի համար տրամադրվող իրեն հասանելիք արձակուրդը, ուստի մեզ՝ ինձ ու մեկ տարեկան Արուսիկին տանելով մսուր-մանկապարտեզ՝ անհապաղ անցավ աշխատանքի: Աշխատում էր 2-3 տեղ՝ Պարենի կամ հացամթերումների մինիստրությունում (այն ժամանակ այդպես էր կոչվում), դպրոցում էր դասավանդում էր, ինչպես նաեւ ինչ-որ տնայնագործական հանձնարարություններ էր կատարում՝ վիճակագրական հաշվետվություններ էր կազմում եւ այլն: Պետք էր պահել երեխաներին եւ տարին մեկ անգամ անպայման տեսակցել ամուսնուն:
Հաճախ եմ կրկնում՝ այն, որ հայրս հերոս էր, ինչ-որ տեղ օրինաչափ է՝ հաշվի առնելով այն գաղափարները եւ ընտրած ուղին, որին հավատարմության երդում էր տվել դեռեւս 1968-ին Ծիծեռնակաբերդի կամարների տակ: Բայց որ մայրս էլ զորեղ կին է, եւս փաստ է: Նա անբացատրելի ուժի, նվիրումի եւ աննկարագրելի սիրո տեր մարդ է, որին միշտ չէ, որ հասկացել եմ:
Աշոտ Նավասարդյանի տանը խուզարկության որոշումը, 1981թ.
Քաղբանտարկյալների հետ տեսակցությունը թույլատրված էր տարին մեկ անգամ, այն էլ եթե նրանք չէին խախտել ճամբարի ռեժիմը եւ ենթարկվել էին բոլոր հրահանգներին: Հորս տեսակցելու համար պետք է մի քանի ինքնաթիռ փոխեինք: Նախ պետք է թռչեինք Երեւանից Մոսկվա կամ Սարատով, ապա՝ Պերմի պարզ, իսկ հետո՝ գնացքով կամ ավտոբուսով՝ գյուղ Կուչինո, որտեղ էլ գտնվում էր «Պերմ 36» ճամբարը: Տեսակցության գնում էինք հիմնականում ամռանը: Պերմի մարզի ամառը շատ հեռու էր մեր պատկերացրած ամռանից: Այնտեղ շատ ցուրտ էր, եւ հունիս-հուլիս ամիսները նման էին մեր նոյեմբեր ամսին: Արդեն ասել եմ, որ հորս հետ միասին ազատազրկված էր նաեւ հորաքրոջս ամուսինը՝ Ազատ Արշակյանը: Եվ մենք, որպես կանոն, հորաքրոջս եւ նրա տղայի հետ միասին էինք գնում: Թեեւ մեզ այն ժամանակ ամեն ինչ արկածներով ու հետաքրքիր էր թվում, բայց հիմա սարսափով եմ պատկերացնում, թե ինչպես էին մայրս ու հորաքույրս երկու մանկահասակ երեխաների հետ անցնում այդ տանջալից ճանապարհը՝ հաճախ օդանավակայաններում եւ գնացքի կայարաններում սպասելիս՝ անքուն կամ մեզ գրկած՝ չհաշված տաք հագուստի կամ սննդի ծանրոցները, որ տանում էին իրենց ամուսիններին:
Հիշողությանս մեջ հատկապես տպավորվել են գնացքի կայարանները, որտեղ ամբողջ գիշեր ես ու Պարույրը զարմացած նայում էինք գնչուների թափառախմբերին, որոնք գրեթե ապրում էին կայարաններում՝ իրենց կենցաղով, աղմուկով, վեճերով եւ այլն: Մեր ծնողները ուշի-ուշով հետեւում էին, որ այս ու այն կողմ վազվզող գնչու երեխաները որեւէ բան «չթռցնեին»:
Մերոնք Պերմում մի հյուրանոց էին «գտել», ու ամեն տարի սովորույթի համաձայն այնտեղ էինք գնում, որտեղ մեզ նույնիսկ արդեն ճանաչում էին: Բայց մի տարի, երբ գիշերվա կեսին քնաթաթախ մի կերպ կայարանից ավտոբուսով հասանք հյուրանոց, հայտնվեցինք փակ դռների առջեւ: Հյուրանոցը վերանորոգվում էր, ու մենք ստիպված էինք գիշերակացի նոր տեղ փնտրել:
Առաջին երեք տարիներին, որոնք, ինչպես վերեւում նշեցի, բանտային ռեժիմի էին, տեսակցությունը թույլատրվում էր միայն ապակու հետեւից՝ 1-2 ժամ: Այսինքն` մենք, անցնելով այդ հսկայական ու արկածներով լի ճանապարհը, նստում էինք ապակու հակառակ կողմերում՝ տեսուչի հսկողության տակ, եւ հպումը միմյանց խստիվ արգելվում էր: Ու քանի որ տեսուչն ազգությամբ ռուս էր եւ հայերեն չէր հասկանում, ապա մենք ստիպված էին միմյանց հետ խոսել միայն իրեն հասկանալի լեզվով, այսինքն՝ ռուսերեն: Մերոնց երկար խնդրելուց հետո ինձ թույլ տվեցին մի քանի րոպե անցնել հորս կողմը, գրկել նրան եւ ցույց տալ իմ ոսկյա ականջօղները…
Տեղեկանք կալանավայրից ազատվելու մասին, 1987թ.
Հաջորդ տարիներին թույլ էին տալիս տեսակցել արդեն 2-3 օրով, ինչպես մերոնք էին ասում՝ «սուտկայով»: Տեսակցության վայրը գտնվում էր կալանավայրից մի քանի մետր հեռավորության վրա՝ առանձնացված շինություն էր, թեեւ գրեթե չեր տարբերվում բուն բանտից: Էլի ճաղավանդակներ, երկաթյա դռներ, բազմաթիվ հսկիչներ եւ այլն: Ավտոբուսը կանգնում էր Կուչինոյի գյուղական խանութներից մեկի հարեւանությամբ: Դրանից դեպի տեսակցության շենք ընդամենը 50 մետր էր, որն անցնելու համար մի տարի ստիպված եղանք մտնել այդ խանութից ռետինե երկարաճիթ կոշիկներ գնելու՝ ճանապարհն ասֆալտապատ չէր, եւ ամենուրեք ցեխ էր ու ջրափոսեր: Հարեւանությամբ մեծ գետ էր հոսում, որտեղ ես առաջին անգամ տեսա, թե ինչպես են հսկայական գերաններ լողում գետնիվար: Կուչինոյում կյանքումս առաջին անգամ ես տեսա նաեւ հարբած մարդկանց՝ քնած խանութի պատի տակ, ցեխի մեջ՝ ձեռքերին գարեջրի կամ օղու շիշ:
Տեսակցության շենքի մոտ մի հին վաննա էր դրված, մեջը՝ ջուր ու ավել, որպեսզի լվանայինք մեր կոշիկները՝ երկաթյա «դղյակը» մտնելուց առաջ: Հսկիչների ուղեկցությամբ ներս էինք մտնում ու անցնում բազմաթիվ ճաղավանդակ դռներով, որոնք անպայման փակվում էին ներս մտնելուց անմիջապես հետո: 3-4 դուռ անցնելուց հետո հասնում էինք ստուգման սենյակ, որտեղ ստուգում էին այն ամենը, ինչ թույլատրվելու էր տանել տեսակցության: Հանվում էին կոնֆետի թղթերը, ծխախոտի տուփը, ուսումնասիրվում էին մրգերը, բանջարեղենը, կիսվում էր հացը: Մի տարի հորս նվեր «մատրյոշկա» էի տարել ու մեջը կոնֆետ էի դրել, նույնիսկ դա բացեցին ու թղթերը հանեցին: Իսկ վերջում մեզ մերկացնում էին, ստուգում, հետո նոր ներս թողնում: Մորս շպարման պարագաները նույնպես թույլ չէին տալիս ներս տանել. դրանք առավոտյան բերում էին, իրենց ներկայությամբ մայրս շպարվում էր ու վերադարձնում: Մեզ տանում էին տեսակցության սենյակ, որն իրենից ներկայացնում էր նախասրահ, մեկ սենյակ, խոհանոց, զուգարան, որը, որպես կանոն, խցանվում էր՝ կարծես դիտավորյալ խաթարելու մեր տեսակցությունը: Հորս բերում էին տարօրինակ հագուստով՝ գրպանում իր ատամի խոզանակը: Երկու օրում փորձում էինք լրացնել տարիների բացը, թեեւ պատկերացնում եք, թե ինչպես էր դա հնարավոր այդքան աչքերի հսկողության ներքո:
1985 թ-ին փոքր քրոջս՝ արդեն 5 տարեկան Արուսիկին էլ էինք տարել մեզ հետ (նախորդ մասում ասել էի, որ երբ հորս տարան, նա ընդամենը 8 ամսական էր եւ փաստորեն գրեթե չէր տեսել հորը): Ճանապարհից հոգնած քույրս քնել էր տեսակցության սենյակում, երբ հորս ներս բերեցին: Հայրս մահճակալին նստած՝ երկար նայում էր քնած Արուսիկին, կարծես փորձում էր երեւակայությամբ պատկերացնել այն անցած 5 տարիները, որոնց ներկա չէր եղել: Վերջապես Արուսն արթնացավ, բացեց աչքերը, տեսավ հորն ու ասաց. «Պապ, դո՞ւ ես»: Հայրս ու մայրս այլեւս չկարողացան զսպել իրենց արցունքները, իսկ ես ու Արուսը զարմացած նրանց էինք նայում՝ հասկանալով, որ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել…
Նման հուզական պահեր շատ են եղել, սակայն մեկ այլ հրաշալի պատմություն են հորս՝ մեզ գրած նամակները: Ասեմ, որ անվանական նամակներ էր գրում յուրաքանչյուրիս, ընդ որում գրում էր շատ խնամքով, գեղեցիկ բովանդակությամբ: Նամակները գրում էր շատ սիրուն բացիկների վրա (մորս ուղղված նամակներում տարիներ առաջ տեսա, որ նա խնդրում էր իրեն նամակ ուղարկելիս մի քանի չգրված գեղեցիկ բացիկներ ուղարկել):
Հատկապես ուզում եմ առանձնացնել այդ նամակներից մի քանիսը: Ստորեւ կարող եք տեսնել դրանցից մեկը:
Մեր տանը երբեք չէին խոսում այն մասին, որ հայրս բանտում է: Ծնողներս մի պատմություն էին հորինել, թե իբր հայրս գնացել է հեռավոր նավարկության, ծովը սառել է, եւ երբ արեւը հալեցնի սառույցը, հայրս հետ կվերադառնա: Հետաքրքիր է, որ երբ գնում էինք տեսակցության, շատ լավ հասկանում էի, թե ուր եմ գնում, բայց թույլ էի տալիս ինձ խաբել՝ ավելորդ հարցեր չտալով:
Աշոտ Նավասարդյանի նամակը դստերը, 1982թ.
Ցանկանում եմ ներկայացնել նաեւ ինձ ուղղված այս բանաստեղծությունը.
«-Սիրուն ծաղիկներ,
Քնքուշ թերթիկներ
Այդ ո՞ր հովիկը
Ձեզ ինձ մոտ բերեց,
Այդ որ ծիտիկը
Ինձ մոտ թռցրեց:
Ցուրտ չէր ձեր ճամփան,
Մութ չէր ձեր ճամփան...
- Սիրունիկ աղջիկ,
Հայրդ է մեզ ճամփել
Տաքուկ կարոտի
Հովն է մեզ բերել,
Հայրիկիդ հույսի
Ծիտն է մեզ բերել:
Նրա թեւերին
Մենք տաքուկ բազմած
Արեւի լույսով
Մենք քեզ մոտ հասանք,
Որ ուրախանաս
Դու մեր գույներով,
Որ չմոռանաս
Նրան հեռավոր...
Անուշուկ բալիկիս
Քո պապա»:
Անուշ Նավասարդյանը Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: