Զավեշտից դեպի ֆարս - Mediamax.am

Զավեշտից դեպի ֆարս
7515 դիտում

Զավեշտից դեպի ֆարս


Մինչ բոլորս վայելում էինք ամանորյա արձակուրդը, հայտնի դարձան նախագահական ընտրությունների գրեթե բոլոր մասնակիցները: Բացի գործող նախագահից եւ լայն հասարակությանը հայտնի մի քանի քաղաքական գործիչներից, մյուս ինքնառաջադրված թեկնածուների անունները գրեթե ոչինչ չեն ասում ոչ միայն շարքային քաղաքացուն, այլեւ լրագրողներին ու քաղաքագետներին: Փորձենք կանգ առնել այդ թեկնածուներից մի քանիսի վրա:

ՀՀ նախագահի թեկնածու. Իր գլխավոր նպատակն է համարում երկրորդ ԽՍՀՄ-ի ստեղծումը: Վստահ է, որ ոչ միայն ՀՀ քաղաքացիների 80%-ը սոցիալիզմի կողմնակից են, այլեւ «սոցիալիզմը յուրաքանչյուր մարդու արյան մեջ է»: Իր քաղաքական կուռքը սովետական երեխաների լավագույն ընկեր Իոսիֆ Ստալինն է: Բաց տեքստով իշխող կուսակցությունից գումար էր խնդրում, որպեսզի կարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու:

ՀՀ նախագահի թեկնածու. Էպոսների եւ տիեզերական արդարության մեծ մասնագետ: Վստահ է, որ կհավաքի ձայների 81%-ը: Հաղթանակի դեպքում պատրաստվում է Հայաստանին միացնել Ջավախքը եւ հետագայում ցամաքային կապ հաստատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Ընտրվելու դեպքում պատրաստվում է իր մոտ որպես «ավագ-խորհրդականներ» հրավիրել ՀՀ երեք նախագահներին:

ՀՀ նախագահի թեկնածու. Տեղեկությունը նրա մասին հասանելի է հայկական Wikipedia-ում, որը, սակայն, հին սպարտացիների պես լակոնիկ է ՝ «ծնվել է…», «առաջադրվել է…», «չի աշխատում»: Ավելի ուշադիր փնտրտուքներից հետո, կարելի է մեկ այլ ուշագրավ տեղեկություն գտնել: Մի քանի օր առաջ ներկայացնելով իր փաստաթղթերը ԿԸՀ՝ պոտենցիալ թեկնածուն 8 միլիոն դրամի փոխարեն որոշել է սահմանափակվել 1 000 դրամով՝ թողնելով համապատասխան կանխավճարը Կենտրոնական բանկի հաշվեհամարում:

ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուներ. Ամոթալի շոուի վերածեցին ԿԸՀ-ի նիստը, հետապնդելով մեկ նպատակ՝ երեւալ եթերում:

Սկզբում այս ամենը զավեշտալի էր թվում: Սակայն, երբ թոշակառու, սոցիալապես անապահով, գործազուրկ, սուրենավանցի, էպոսագետ թեկնածուների թիվը սկսեց օրեցօր աճել, եւ նրանք իրենց իրավունք վերապահեցին լուրջ դեմքերով ասուլիսներ կազմակերպել, հարցազրույցներ տալ ու գնահատել իրենց շանսերը, դա վերածվեց ֆարսի՝ Կաֆկայի ու Դանիիլ Խարմսի անմահ ստեղծագործությունների ոգով: Իսկ դա արդեն ոչ թե ծիծաղ է առաջացնում, այլ զայրույթ:

Կարիք չկա հիշեցնելու, որ ցանկացած պետության համար նախագահական ընտրությունները կարեւորագույն իրադարձություն են, եւ պետք է ներկայանան որպես առողջ գաղափարների ու հայեցակարգերի մրցակցություն: Չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի անել այս աբսուրդի թատրոնի պայմաններում:

Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակիցն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Զավեշտից դեպի ֆարս

Generation Y

Ռոքը երբեք չի մահանա
Մեր ընտրանին