Օրենքի եւ իրական կյանքի միջեւ - Mediamax.am

Օրենքի եւ իրական կյանքի միջեւ
11533 դիտում

Օրենքի եւ իրական կյանքի միջեւ


Ինչպես ամեն տարի, այս տարի էլ դեկտեմբերը հագեցած էր պետական կառույցների, ընկերությունների, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված բազմաթիվ միջոցառումներով, ծրագրերով, որոնց նպատակն էր ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերը եւ ցուցադրել «հավատարմությունը» ոլորտի խնդիրներին:

Միջոցառումներն ու համաժողովներն ավարտվեցին, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ինչպես կային, այնպես էլ մնացին…. Եվ նորից կսկսվեն մշակվել նոր ծրագրեր` հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում դրանք բարձրաձայնելու եւ մասամբ իրականացնելու ակնկալիքով:

Ինչո՞ւ ՞ է ստացվում այնպես, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն արդիական են դառնում հիմնականում դեկտեմբեր ամսին:

Մեր օրենսդրության մեջ ամրագրված են շատ կարեւոր դրույթներ, որոնցով երկիրը պարտավորվում է «աջակցել, պաշտպանել եւ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու ազատությունները» (22.10. 2010-ին վավերացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան»): Երբ կարդում էի օրենքի ընդհանուր սկզբունքները, մի պահ ուզեցի հավատալ, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ եւ հաշմանդամություն ունեցող անձինք մեր երկրում օրենքով պաշտպանված են: Բայց քանի որ անմիջական առնչություն ունեմ խնդրին` ինքս ինձ վայր իջեցրեցի պատրանքների Օլիմպից: Ցավոք, իրական պատկերը շատ հեռու է օրենքում ամրագրված սկզբունքներից, իսկ դրանց իրականացման մեխանիզմներն ու որակը` ոչ հուսադրող:

Մի քանի պարզ օրինակ. վերջին ժամանակներս անընդմեջ խոսվում է ներառական կրթության մասին ու, չգիտես ինչու, շեշտը դրվում է հիմնականում դպրոցների վրա, իսկ նախադպրոցական հաստատությունները, կարծես, դուրս են մնացել այս գործընթացից: Այդ մասին խոսում են, բայց, ցավոք, ոչ մի փոփոխություն ու լուրջ քայլեր չեն ձեռնարկվում:

Երեւանում գործող 161 մանկապարտեզներից միայն 10-ում է իրականացվում ներառական կրթություն, ընդ որում` 12 վարչական շրջաններից միայն 6-ում: Էլ չեմ խոսում մարզերի մասին...

Այդ մանկապարտեզներն էլ իրենց հերթին այնքան «հագեցած են», որ երեխաների ծնողները ստիպված են լինում տարով սպասել, մինչեւ գա իրենց երեխայի կարգը: Մինչ այդ անցնում է այն կարեւոր ժամանակը, որն անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող երեխայի սոցիալիզացմանը: Նորություն չէ. որքան վաղ տարիքում է սկսում հատուկ կարիքով երեխայի ինտեգրումը, այնքան ավելի վաղ տարիքում է բացահայտվում խնդիրը եւ արդյունավետ է լինում դպրոցում նրա հետ հետագա աշխատանքը: Ո՞ւր է տրամաբանությունը. կառուցել ամուր շենք` խնայողություն անելով հիմքի վրա...

Մեկ այլ կարեւոր խնդիր, որին չեմ կարող չանդրադառնալ:

Թե որքանով են մեր շենքերը, փողոցները, տրանսպորտը հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, գիտեն միայն խնդրին անմիջականորեն առնչվողները: Չծավալվելու համար բերեմ միայն մեկ օրինակ` եթե անվասայլակով տեղաշարժվող մեկը որոշի վերջ դնել իր մեկուսացմանը եւ դուրս գալ ժամանցային վայր` թատրոն, կինո, համերգասրահ, սրճարան, ակումբ, փողոց, հետաքրքիր է, ինչպե՞ս է նա անելու դա…

Երեկ զրույցի էի բռնվել մի ծնողի հետ, ում երեխան տեղաշարժվում է անվասայլակով: Խոսում էինք մեր երեխաների ցանկությունների մասին: Նրա պատասխանը միաժամանակ հուզեց եւ բարկացրեց ինձ.

- Իմ աղջիկն արդեն քանի տարի է երազում է մետրոն տեսնել....խոստացել եմ այս տարի տանել, միայն թե չեմ պատկերացնում, թե ինչպես եմ անելու դա...

Անմիջապես մտածեցի այն բոլոր լույսերի, զարդարանքների մասին, որոնցով բոլորս հիանում ենք այս տարի եւ որոնց համար քաղաքապետարանը կարողացել է միջոցներ տրամադրել, իսկ անվասայլակով տեղաշարժվող երեխայի ու նրա նման շատ ու շատ երեխաների երազանքը կատարելու համար միջոցներ չկան, չէ որ այդ լույսերը վառվում են նաեւ նրանց համար...

Մենք ապրում ենք աղետների, ապականված էկոլոգիայի, հակամարտությունների շրջանում եւ մեզանից ոչ ոք երաշխավորված չէ հաշմանդամությունից. մի օր յուրաքանչյուր ոք կարող է դառնալ խնդրի անմիջական կրողը: Իսկ եթե ոմանք չեն ուզում նկատել նման «տխուր բաներ», դա դեռ չի նշանակում, որ դրանք չկան:

Լիլյա Կարապետյանը «Հույսի կամուրջ» ՀԿ ծնողական կապի համակարգողն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին