Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 1 - Mediamax.am

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 1
13102 դիտում

Հայկական դպրոցի առասպելներն ու իրականությունը. մաս 1


Որքա՞ն կարեւոր է կրթությունը: Եթե այդ հարցը տանք Հայաստանում, գրեթե բոլորը կասեն, որ շատ կարեւոր է: Սակայն եթե խորը մտածենք, մեր հասարակությունը քիչ է ուշադրություն դարձնում դպրոցական կրթությանը, եթե չհաշվենք սեփական երեխաների կրթությունը: Այսինքն, կարծես թե բոլորը գիտակցում են, որ հենց դպրոցում է ձեւավորվում երկրի ապագան, որ հենց այստեղ եւ այսօր է կերտվում այն, ինչը 20 տարի հետո դառնալու է հասարակություն եւ երկիր: Բայց միեւնույն ժամանակ, մեծամասնությունը փորձում է լուծել բացառապես «իր» խնդիրները: Հաճախ այսպես է լինում. երբ դպրոցում կաշառք են վերցնում, մայրն ու հայրը այդ խնդիրը լուծում են երեխային այլ դպրոց տեղափոխելով: Այսինքն, խնդիրը լուծվում է այնպես, ինչպես մաքրության հարցը երեւանյան բազմաթիվ մուտքերում. տանը մաքուր է, իսկ շեմից այն կողմ՝ աղբակույտեր: 

Մի խոսքով, դպրոցը կարծես թե կարեւոր է մեզ համար, բայց մյուս կողմից այդ կարեւորությունն առասպելական բնույթ է կրում: Հայ հասարակության մեջ կրթության վերաբերյալ կան նաեւ այլ առասպելներ:
 
Առասպել համար 1. Ինչպե՞ս կարելի է ունենալ նորմալ դպրոց, եթե ուսուցիչները ստանում են չնչին աշխատավարձ:

Ուսուցիչների աղքատիկ աշխատավարձը շատ վատ երեւույթ է: Սակայն խնդիրն այն է, որ ժամանակակից հայ հասարակության չափազանց նյութապաշտ լինելը ծնել է բացարձակ սխալ աքսիոմներն այն մասին, որ այս կամ այն ոլորտի բոլոր խնդիրները կապված են ֆինանսների բացակայության հետ:

Իրականում դա անհեթեթություն է: Ընդ որում, շատ վտանգավոր անհեթեթություն. երբ դրան հավատում են, այն սկսում է գործել՝ աննկատ դառնալով հաստատուն  իրականություն: Բանն այն է, որ հատկապես մտավոր գործունեությամբ զբաղվող մարդու աշխատանքի որակը ուղղակիորեն կապված է իր գործից ստացած բավարարվածության, ստեղծագործ անհատականություն լինելու հնարավորության, ինչպես նաեւ իր մասնագիտության սոցիալական կարգավիճակի հետ: Այսօր Հայաստանում ուսուցչի սոցիալական կարգավիճակը չափազանց ցածր է. եթե մարդն աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ, նրան խղճում են՝ ինչպես անձրեւի տակ ընկած ճնճղուկին: Կյանքիս կեսը դասավանդում եմ դպրոցում, եւ երբ այդ մասին ինչ-որ մեկն իմանում է, հաճախ աչքերը կլորացնում է եւ մոտավորապես այսպես արտահայտվում. «ինչպե՞ս ես այդ քայլին գնացել, ինչպե՞ս ես մտել դրա մեջ»:

Ինչ վերաբերում է ստեղծագործ անհատականություն լինելուն, այստեղ եւս խնդիրները քիչ չեն: Ժամերի բաշխման համակարգը, երբ ամբողջական դրույքի համար մեկ ուսուցչին տալիս են չափազանց շատ դասաժամեր երբեմն բացարձակ տարբեր առարկաներից, դասագրքերի հարկադիր բաժանումն առանց ընտրության հնարավորության,- այս ամենը ուսուցչին մեծապես կախյալ է դարձնում ծրագրից եւ քիչ տեղ թողնում ստեղծագործելու համար:

Առասպել համար 2. Խորհրդային դպրոցը կատարյալ էր, իսկ այսօրվանը բանի պետք չէ:


Խորհրդային դպրոցի վերաբերյալ շատ դժվար է վիճել. դրա երկրպագուները եւ պախարակողները պատրաստ չեն փաստարկներ լսել: Փաստարկելու առանձնապես ոչինչ էլ չկա. այսօրվա դպրոցը մասնագետների պատրաստման, ծրագրերով աշխատելու, դասագրքերի տեսակների եւ այլ հարցերում քիչ է տարբերվում խորհրդայինից: Փոխվել են միայն որոշ գործոններ. պետությունը դպրոցի նկատմամբ ուղղակի քարոզչական պահանջներ չունի եւ կոնկրետ պատվեր չի տալիս՝ դաստիարակել ֆիզիկոսներ կամ տիեզերագնացներ: Ահա եւ լղոզվում է հին խորհրդային համակարգը, դրա մեջ բավականին անկանոն մտնում են հոսանքներ մանկավարժական այլ համակարգերից, սակայն կրթության ձեւավորված հայեցակարգ մենք առայժմ չունենք: Այնպիսի հայեցակարգ, որը հասկանալի կլինի ոչ միայն պաշտոնյաների, այլեւ ուսուցիչների ու ծնողների համար:

Շարունակելի:

Սամվել Մարտիրոսյանը մեդիա-փորձագետ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին