Իրական հեքիաթ ոստիկանների մասին - Mediamax.am

Իրական հեքիաթ ոստիկանների մասին
14434 դիտում

Իրական հեքիաթ ոստիկանների մասին


«Միլիցա-պեպելնիցա, ատամներդ քարից ա» արտահայտությունը փոքրուց ի վեր մեզ մոտ բացասական վերաբերմունք է ձեւավորում ոստիկանության աշխատակցի նկատմամբ: Նույնիսկ մեկի վատ նկարագրի մասին խոսելու համար ասում են` «հո դու միլիցա չես».....

Այս շարքը կարելի է երկար շարունակել եւ դժվար թե ինչ-որ մեկը կարողանա հայերենում մեկ դրական արտահայտություն գտնել ոստիկանության հասցեին:

Ես նույնպես զերծ չեմ մնացել այս նախապաշարումից, ու քանի որ վերջին օրերին անընդմեջ քար է նետվում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հասցեին, կուզենայի մի երկու բառ ասել:

Արդեն 5 տարի է, ինչ ավտոմեքենա եմ վարում ու պարբերաբար առնչվում ոստիկանության աշխատակիցների հետ: Այս հանգամանքը շատ չի խանդավառում ինձ, սակայն այդ հանդիպումներն անխուսափելի են լինում, քանի որ հաճախակի ստիպված եմ լինում կայանել արգելված վայրերում: Պատճառն ամենեւին երթեւեկության կանոնների լավ յուրացումը չէ, պարզապես աղջիկս` Անին, ինքնուրույն տեղաշարժվելու դժվարություն ունի, եւ ես ստիպված եմ լինում երբեմն խախտել օրենքի այդ բաժինը:

Առաջին տուգանքը վճարելու ժամանակ, երբ ոստիկանը իմացավ ինչի համար եմ տուգանվում, հրաժարվեց ընդունել տուգանքը: Հաջորդ անգամ, մեկ այլ ոստիկան տվեց հեռախոսահամար եւ խնդրեց, որ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես զանգեմ իրենց: Մեկ ուրիշը, տեսնելով, որ դժվարանում եմ երեխային նստեցնել ավտոմեքենա, մոտեցավ, գրկեց երեխային եւ ինքը նստեցրեց:

Իսկ ոստիկանների հետ վերջին հանդիպումս օգնեց փոփոխություններ իրականացնել ճանապարհային ոստիկանության օրենսգրքում:

Ընդամենը մի քանի ամիս առաջ տուգանվելուց հետո կրկին դիմեցի ոստիկանություն: Ի զարմանս ինձ, տեղեկանալով խնդրի էության մասին, ոստիկանության պաշտոնյան ոչ թե «ներեցեք, դա մեր խնդիրը չէ» բառերով դռանը ցույց տվեց, այլ մեծ սրտացավությամբ առաջարկեց, որպեսզի անպայման հետամուտ լինեմ այս խնդրին: Նա էլ իր հերթին ուղղություններ հուշեց, թե ինչպես կարելի է դա անել:

Ճանապարհային երթեւեկության կանոնների մեջ լուրջ բացթողում կար եւ ոչ ոք չէր անդրադարձել դրան, քանի որ մինչ օրս այս խնդիրը չէր բարձրացվել: Հաշմանդամության նշանը ունեցող ավտոմեքենաներին արտոնվում է կայանել որոշակի վայրերում: Սակայն այդ օրենքը նախատեսված չէ հաշմանդամություն ունեցող երեխաներ տեղափոխող ավտոմեքենաների համար: Բարձրացված հարցի արդյունքում վարչապետի հրահանգով օրենքի փոփոխություններ առաջարկվեցին, որոնք, հուսով եմ, շուտով կընդունվեն Ազգային Ժողովի կողմից եւ ուժի մեջ կմտնեն:

Ահա ոստիկանների մասին իմ պատմությունը. մի զարմացեք, սա թումանյանական հեքիաթներից չէ…

P.S. Ինչպես ասում է ժողովրդական առածը «մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»: Այս օրերին այսքան կշտամբանք կարդալով ոստիկանների հասցեին, մտածում էի, իսկ ո՞ր պետական գրասենյակի պաշտոնյան է բարեհամբյուր մոտեցում ցուցաբերում այցելուի նկատմամբ եւ պատշաճ կերպով ճանապարհ դնում:

Փառք Աստծո, որ ամեն տեղ «լավ մարդիկ» կան եւ այդ հույսը սրտում դիմում ենք տարբեր հաստատություններ: Ու խնդիրը ամենեւին էլ ոստիկանությունը չէ: Մեր ողջ հասարակական ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի. հարկ է ուշադրություն դարձնել ծառայությունների մատուցման ձեւին` զարգացնել հաճախորդամետության սկզբունքը:


Լիլյա Կարապետյանը «Հույսի կամուրջ» ՀԿ ծնողական կապի համակարգողն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին