Վրաստան. անհանգստացեք ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի համար - Mediamax.am

Վրաստան. անհանգստացեք ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի համար
16186 դիտում

Վրաստան. անհանգստացեք ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի համար


Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում «ռուսական հարցը» հիմնականներից մեկն էր: Դա բացատրելի է, քանի որ նոր վարչապետի մասին հանրությանը հայտնի քիչ փաստերից մեկն այն էր, որ Բիձինա Իվանիշվիլին իր ունեցվածքի մեծ մասը Ռուսաստանում էր վաստակել: 

Սակայն փորձագետներն անհանգստանում են սխալ հարեւանի համար: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում շոշափելի փոփոխություն տեղի չի ունենա, մինչդեռ ավելի շատ հիմքեր կան անհանգստանալու  Թբիլիսիի եւ Թուրքիայի հարաբերությունների ապագայի համար:

Երբ Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթանակ տարավ Միխայիլ Սահակաշվիլիի իշխող կուսակցության հանդեպ, կարելի էր նմանօրինակ վերնագրեր տեսնել՝ «Ռուսաստանի հաղթանակը Վրաստանի խորհրդարանական ընտրություններում»:

Իվանիշվիլին քաղաքականություն եկավ գրեթե մաքուր էջից: Որպես իր քաղաքական համախոհներ նա ընտրեց երկու արեւմտամետ կուսակցություններ եւ հայտարարեց, որ կառավարությունը կշարունակի արեւմտամետ քաղաքականություն վարել: Նրա արտաքին գործերի նոր նախարարն ասել է, որ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանություններ կան:

Վրաց ընտրողների մեծամասնությունն ավելի շատ անհանգստանում է տնտեսության համար, չնայած միաժամանակ չի ցանկանում որեւէ փոխզիջում տեսնել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում: Սակայն վրացիների մեծամասնությունը նաեւ ակնկալում է Ռուսաստանի հետ առեւտրի վերականգնում, այդ թվում՝ ռուսաստանյան շուկա գինիների եւ հանքային ջրերի վերադարձ: Այսինքն, այն, ինչը, հավանաբար, տեղի կունենա ամեն դեպքում, քանի որ այս տարի Ռուսաստանը միացավ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: 

Ռուսաստանի հետ վերջին 20 տարիների դառը քաղաքական հակամարտությունների ետեւում ավելի խորը պատմական իրականություն է թաքնված. սովորական վրացիները ռուսների հետ ավելի մեծ մտերմություն են զգում, քան բազում այլ ազգերի, այդ թվում՝ ամերիկացիների հետ: Ավելի խորը ուսումնասիրելով՝ կարելի է գտնել վրացական մշակութային կողմնորոշման ավելի հին «օտարներին»` թուրքերին, այլ ոչ թե ռուսներին: Պատմության ընթացքում թուրքերն ավելի շատ են սպառնացել վրաց պետականությանը, քան ռուսները: Ռուսները մի անգամ չէ, որ պաշտպանել են քրիստոնյա Վրաստանը պարսիկ մահմեդականներից եւ թուրքերից:

Հետազոտությունների եւ ռեսուրսների կովկասյան Կենտրոնի կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ վրացիները ավելի հանդուրժող ռուսների հետ վրաց կանանց ամուսնություններին (41%` կողմ,  53%` դեմ), քան թուրքերի հետ (21%` կողմ, 74%` դեմ): Նույնատիպ պատասխաններ են տրվում նաեւ այն հարցին, թե ո՞ւմ հետ վրացիները կցականային բիզնես վարել: 

Սահակաշվիլիի կառավարությունը`իր պատվին, լրջորեն պայքարում էր հակաթուրքական այս կարծրատիպերի դեմ եւ ավելի լավ հարաբերություններ էր սերմանում իր հիմնականում արեւմտամետ հարեւանի հետ: Այս տարի երկու երկրներն առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին համաձայնագիր ստորագրեցին, որը թույլ է տալիս սահմանը հատել անձը հաստատող ներքին փաստաթղթերով: Թուրքիան Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերը դարձավ` 2012 թվականի երեք եռամսյակներում երկու պետությունների միջեւ առեւտրի ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը: 

Թուրքական փողերը եւ վրացական քաղաքականությունը միախառնվեցին Բաթումիում: Այդ քաղաքը Սահակաշվիլիի «զավակն» է, նա շինարարական բում նախաձեռնեց, ինչի շնորհիվ Բաթումiում հայտնվեցին Hilton, Sheraton, Radisson հյուրանոցները եւ կազինոների շարանը:

Սակայն այդ ամենը բումերանգի էֆեկտ ունեցավ: Մինչեւ 1878 թվականը Բաթումին Օսմանյան կայսրության մաս էր կազմում, եւ հարեւանությամբ մինչ այժմ մեծաթիվ մահմեդական բնակչություն է ապրում: Տեղացի ազգայնական քաղաքական գործիչները` հենվելով Վրաց ուղղափառ եկեղեցու վրա, սկսեցին կարծիքներ հայտնել երկրում նեո-օսմանյան էքսպանսիոնիզմի, վրացիների աշխատատեղերը խլող թուրքերի եւ մահմեդականների կողմից քրիստոնյաների հետապնդման մասին: Ստալինի ժամանակ քանդված Օսմանյան դարաշրջանի մզկիթի վերականգնման ծրագրերը ավելի սրեցին այդ տրամադրությունները: Տեղացի քաղաքական գործիչ Մուրման Դումբաձեն ասել էր, որ եթե մզկիթը վերակառուցվի, նա կցանկանա այն բուլդոզերով քանդված տեսնել:  

Եթե Թբիլիսիում Իվանիշվիլիի համախոհները ժողովրդավարական իմիջ ունեին, ապա Բաթումիում հենց այդ ազգայնականներն էին «Վրացական երազանքի» առաջին շարքերում: Կուսակցությունն անցավ խորհրդարանմ իսկ Դումբաձեն տեղ ստացավ խորհրդարանում` ընտրվելով Բաթումիում:

Հիմա թուրքական ներգաղթի եւ Թուրքիայի հետ առեւտրի սահմանափակման կոչեր կսկսվեն: Սխալ կլինի, եթե Վրաստանի նոր կառավարությունը թույլ տա իր ազգայնական թեւին խնդիրներ ստեղծել ամենաբարեկամ հարեւանի հետ: Հենց այդ հարցը, այլ ոչ թե Ռուսաստանը, կարող է Իվանիշվիլիի համար արտաքին քաղաքական առաջին մարտահրավերը դառնալ:

Թոմաս դե Վաալը Կարնեգիի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող է:


Մեկնաբանությունը գրվել է National Interest-ի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին