Համընդհանուր ներառական կրթության ներքո - Mediamax.am

Համընդհանուր ներառական կրթության ներքո
14858 դիտում

Համընդհանուր ներառական կրթության ներքո


Որքան ուրախալի է, որ վերջին տասնամյակում մեր պետական մարմիններն ու հասարակական կազմակերպություններն ակտիվորեն զբաղվում են ներառական կրթության շուրջ հասարակական կարծիքի ձեւավորմամբ, խնդիրների վերլուծությամբ, լուծումների որոնումներով եւ համապատասխան օրենքների մշակմամբ:

Հայաստանը` որպես նորանկախ երկիր, դեռեւս ձեւավորման փուլում է: Օրենքներ մշակելիս հաճախակի որդեգրվում են մոտեցումներ այլ երկրների անցած փորձի լույսի ներքո: Կրթությունը, լինելով պետության կառուցման հիմնական կռվաններից մեկը, անմասն չի մնում այս գործընթացներից: Ուսումնական հաստատությունների ինստիտուտն արդիականացնելու նպատակով իրականացվող ներառական կրթությունը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնեցնում մեր կրթական համակարգը, դասական մոտեցումները: Բնական է, որ դա կարող է դժգոհությունների առիթ տալ:
   
Ներառական կրթություն… Ի՞նչ է դա, ինչո՞ւ են այսքան հակասական կարծիքներ հնչում այս գործընթացի շուրջ:

Ներառական կրթությունը մի գործընթաց է, որն ուղղված է եւ արձագանքում է յուրաքանչյուր սովորողի կարիքներին` դպրոցներում ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ ամեն մի աշակերտ արժեւորվում է իր առանձնահատկություններով: Ներառական կրթությունը երեխայի նկատմամբ ցանկացած խտրականություն բացառելու գաղափարախոսությունն է, յուրաքանչյուրին իր առանձնահատկություններով եւ եզակիությամբ ընդունելու մոտեցում: Ի լրացում ասեմ, որ ներառական կրթությունն ուղղված է հոգալու ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական կարիքները. խտրականության կարող են ենթարկվել նաեւ որոշակի սոցիալական խավի, ազգային փոքրամասնության եւ այլ անհատական առանձնահատկություններ ունեցող երեխաներ:

Պարբերաբար առնչվելով ներառական կրթություն իրականացնող դպրոցների հետ` նկատել եմ, որ ներառական կրթության մոդելը մեր դպրոցներում ընկալվում է մասնակիորեն: Նախ` ներառական կրթությունն ասոցացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, իսկ վերջիններիս կարիքները բնութագրելու համար հաճախակի գործածվող “ներառականի երեխա” կամ “կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա” սահմանումներն արդեն ենթադրում են առանձնացում եւ պիտակավորում: Արդյունքում այդ երեխաների հնարավորությունների նկատմամբ ուսուցիչների սպասելիքներն ու ակնկալիքները ի սկզբանե ավելի ցածր են լինում: Սա իր հերթին հանգեցնում է նրան, որ այդ երեխաների կարողություններն ու հնարավորությունները ամբողջությամբ չեն բացահայտվում եւ զարգանում:

ՀՀ Ազգային ժողովում համընդհանուր ներառական կրթության շուրջ լսումներն առիթ հանդիսացան մտորելու այս ուղղությամբ: Շատ մարդկանց, այդ թվում` ինձ համար մեծ նշանակություն կունենա այդ օրենքի ընդունումը, քանի որ դա նոր հնարավորությունների առիթ կընձեռի “կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող” երեխաներին: Սակայն ունեմ որոշակի մտավախություններ` որքանո՞վ են մեր դպրոցները պատրաստ նմանատիպ փոփոխությունների:

Միայն բարի ցանկությունը բավարար չէ, պետք է իրատես լինել: Մեծ քանակությամբ դպրոցների շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս դպրոցում ընդգրկել հատուկ կարիքներ ունեցող երեխաների: Բացի այդ, ներառական կրթության գործադրումն հիմնովի ընկնում է ուսուցիչների ուսերին: Դպրոցների ուսուցչական կազմի պատրաստակամությունն ու նվիրումը բավարար չեն ներառական կրթությունը կայացնելու համար, նրանց անհրաժեշտ են նեղ մասնագիտական գիտելիքներ, որոնց իմացության դեպքում միայն կարելի է ճիշտ կողմորոշվել հատուկ կարիքով երեխաների հետ աշխատանքում:

Ներկայումս Երեւանի մանկավարժական համալսարանն իր բոլոր ուսանողների համար պարտադիր է դարձել “Ներառական կրթություն” առարկան, ինչը ապագա ուսուցիչներին հնարավորություն կտա ավելի լավ զինվելու ոլորտում աշխատելու համար: Սակայն կա մեկ այլ մտավախություն: Մեր կրթական համակարգում առկա խնդիրներից մեկը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ներառական կրթության իրագործման համար: Ոլորտի ցածր աշխատավարձերը գրավիչ չեն դարձնում այն որակյալ մասնագետների համար:

Մեկ այլ կարեւոր խնդիր է հասարակության լայն շերտերի գիտակցության ձեւավորումը այս հարցի շուրջ. հասարակական կարծիքը միատեսակ չէ: Ներառական կրթությունը բախվում է ոչ միայն կազմակերպչական դժվարություններին, այլեւ ուսուցիչների եւ ծնողների դժգոհություններին, քանի որ նրանցից շատերի համար ընդունելի չէ հատուկ կարիքներով երեխաների ընդրկումը հանրակրթական դպրոցներում: Ճիշտ գիտակցության ձեւավորումը տվյալ հարցում թերեւս նույն չափ կարեւոր է, որքան օրենսդրական եւ կազմակերպչական փոփոխությունները:

Մնում է ակնկալել եւ հուսալ, որ կայացվելիք որոշումը նպատակ չունի դառնալու պետական հերթական պլանի կատարում, իսկ ներառական կրթության ինստիտուտը կդառնա այն առաջին քայլը, որը կապահովի հատուկ կարիքներով անձանց լիիրավ ինտեգրումը հասարակությանը:

Լիլյա Կարապետյանը «Հույսի կամուրջ» ՀԿ ծնողական կապի համակարգողն է:


Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Մի քարի պատմություն

Տեր կանգնեք ձեր հողին
Մեր ընտրանին