Ինչպես մի անգամ ջղայնացրեցի Պրիմակովին - Mediamax.am

Ինչպես մի անգամ ջղայնացրեցի Պրիմակովին
12686 դիտում

Ինչպես մի անգամ ջղայնացրեցի Պրիմակովին


1997 թվականի սեպտեմբերին “Московские новости” թերթը, որի սեփական թղթակիցն էի Հայաստանում, ինձ հրավիրեց Մոսկվա` ստաժավորման: Շատ ոգեւորված էի այդ հեռանկարից` մոտ 10 օր պետք է աշխատեի խմբագրությունում ռուսաստանցի լրագրողների հետ կողք կողքի: Օրինակ, Մոսկվայում գտնվելուս օրերին ինձ հանձնարարեցին լուսաբանել Նիկիտա Միխալկովի ու ամերիկյան պաշտոնաթող նահանգապետի համատեղ ասուլիսը` ինտերնետային ամսագրի ռուսերեն տարբերակն էին ներկայացնում:

Մինչ Մոսկվա մեկնելը Լեռնային Ղարաբաղում էի` նախագահական ընտրությունները լուսաբանելու նպատակով: Նաեւ հարցազրույց վերցրեցի ԼՂՀ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանից: Հարցազրույցը անելուց հետո, սակայն, ամենեւին վստահ չէի, որ այն կտպագրվի “Московские новости”-ում, որովհետեւ Սամվել Բաբայանը խոսել էր բավական կոշտ եւ անգամ իմ խմբագրական շտկումներից հետո հարցազրույցը այնքան էլ չէր տեղավորվում քաղաքական կոռեկտության սահմաններում:

Բայց, որքան էլ անսպասելի էր, հարցազրույցը տպագրվեց ու գրեթե առանց փոփոխությունների: Մի հատված ներկայացնեմ.

- Даже если сегодня мы получим статус отдельного государства, разговоры о Кельбаджаре бессмысленны. Хотя, я уверен, Баку будет продолжать капризничать по поводу Лачина и Кельбаджара, прекрасно понимая, что армяне их не отдадут. Азербайджан будет также давить на нас с помощью посредников: сегодня Алиев просит мировое сообщество завершить урегулирование уже в этом году. Девять лет не могут решить проблему, а сейчас хотят сделать это за 4 месяца. Это абсурд.

Այն տարիներին նման բովանդակությամբ հարցազրույց տպագրելը իրոք մեծ հաջողություն էր` քարոզչական տեսակետից: Ես էլ շատ երիտասարդ էի եւ, իհարկե, հպարտանում էի դրանով:

Մոսկվա ժամանելուց մի երկու օր հետո արդեն ծանոթացել էի խմբագրության մի քանի աշխատակիցների, մասնավորապես, Նիկիտա Խրուշչովի` ԽՍՀՄ նախկին ղեկավարի թոռան հետ: Նա խմբագրության տեղեկատվական ապահովման բաժնում էր աշխատում: Շատ բարի ու լավ մարդ էր, երբեք չեմ մոռանա, թե ինչպես ինձ համար «ուղեւորություն» կազմակերպեց պատմական Մոսկվայով` միասին քայլեցինք մի քանի ժամ, որոնց ընթացքում բազմաթիվ հետաքրքիր բաներ պատմեց քաղաքի մասին: Ցավոք սրտի, մի քանի տարի առաջ Նիկիտան մահացավ…

Մեր ծանոթության երկրորդ օրը Նիկիտան մոտեցավ ինձ ու ասաց.

- Բա չիմացար, թե Մոսկվա քո գալուց առաջ ինչ եղավ:

- Ի՞նչ եղավ, - անհանգստացա ես:

- Պրիմակովն (այն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարն էր) էր զանգել  գլխավորին. շատ դժգոհ էր Սամվել Բաբայանի հետ քո հարցազրույցից: Ասել էր, որ նման հրապարակումները ջղայնացնում են Ալիեւին եւ խոչընդոտում են Ռուսաստանի միջնորդական ջանքերին: Ու նրան հատկապես դուր չէր եկել капризничать բառը, ասել էր, այդ ի՞նչ լեքսիկոն եք օգտագործում:

Ինչ մեղքս թաքցնեմ, հոգու խորքում ինձ լավ զգացի: Կարծում եմ, լրագրող գործընկերներս ինձ կհասկանան:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին