«Ազատ մարդը պետք է ազատ մտածի, երբեք մի կաղապարվեք, հորդորում եմ երբեք փոքր սահմաններ չդնել ձեր համար, Աստված մարդուն ազատ է ստեղծել...»: Վերջերս կարդում էի ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի այս կոչը Խնկո Ապոր գրադարանում հավաքված դպրոցականներին եւ փորձում ընդհանուր եզրեր գտնել նրա ասածի եւ դպրոցներում տիրող ընդհանուր պատկերի միջեւ:
Ամեն օր երեխաներիս դպրոց տանելիս զրույցի եմ բռնվում մյուս ծնողների հետ եւ արդեն որերորդ անգամ լսում եմ. «Երեխաս առաջին դասարանում է եւ արդեն հրաժարվում է դպրոց գնալուց»...
Ստացվում է, որ երկրում մեծ թվով երեխաներ ամեն առավոտ գնում են իրենց համար անցանկալի մի վայր, եւ հասկանալի չէ, որո՞նք են նման վերաբերմունքի ձեւավորման պատճառները. դպրոցում համադասարանցիների հետ փոխհարաբերությունները, ուսուցիչների մոտեցումը, երեխաներին հետաքրքիր ձեւով չմատուցվող ուսումնական ծրագիրը, թե ընտրության բացակայությունը: Գուցե այս բոլոր հարցերը միասին վերցված կամ առանձին-առանձին իրենց դերն են խաղում դպրոցական երեխայի մոտ այս տեսակ մոտեցման ձեւավորման հարցում: Սակայն խնդիրն առկա է, եւ միայն կրթական ծրագրերի փոփոխություններով այն հնարավոր չէ լուծել: Խնդիրը սկսել է ազդել եւ, վախենում եմ, գնալով ավելի մեծ ծավալներով է ազդելու մեր գալիք սերնդի վրա:
Որպես ծնող փորձեմ իմ տեսակետը ներկայացնել ինձ բաժին հասած դպրոցական ծրագրի վերաբերյալ` տնային հանձնարարությունների:
Օրական քանի՞ ժամ է դպրոցական երեխան տրամադրում տնային աշխատանքին: Շատ ծնողներ կասեն, որ մինչեւ քնելը... Միջին հաշվարկով աշակերտի օրական ուսումնական ծանրաբեռնվածությունը` ներառյալ տնային հանձնարարությունները, կազմում է 8-12 ժամ` միջին եւ ավագ դպրոցներում: Ուսումնական նյութերի մեծ ծավալի հետ մեկտեղ նույնիսկ տարրական եւ միջին դասարաններում առկա է տնային հանձնարարությունների մեծ ծավալ, որը կատարելու համար երեխաները ստիպված են լինում մինչեւ ուշ երեկո դասապատրաստմամբ զբաղվել: Այս դեպքում ավելորդ է խոսել երեխայի լիարժեք քնի եւ հանգստի մասին: Բացասական հետեւանքները չեն սպասեցնում իրենց. երեխաների մոտ նկատվում եւ ավելի մեծ տարածում են գտնում նյարդահոգեբանական խանգարումները, սեփական ուժերի նկատմամբ ցածր ինքնագնահատականի ձեւավորումը, գերհոգնածությունը, դիմադրողականության անկումը, տեսողության վատթարացումը եւ այլ խանգարումներ:
Բացի այդ, ուսումնական ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է այլ` իմ կարծիքով, երեխաների համար ավելի անհրաժեշտ կարիքների զարգացմանը, ինչպիսիք են սոցիալիզացիան, ունակությունների եւ հմտությունների, ինքնուրույն մտածելակերպի ձեւավորումը: Այդ պատճառով էլ ուսումնական նյութերի մեծ ծավալը, որը պետք է յուրացնեն աշակերտները դպրոցական պահանջներին համապատասխանելու համար, չի նպաստում նրանց մոտ հմտությունների ձեւավորմանը, այլ հակառակը` խոչընդոտում է:
Եվ մի՞թե այս մրցավազքի մեջ երեխային ժամանակ է մնում իր նախասիրությունների համար` ընթերցանություն, նկարչություն, երաժշտություն, սպորտ եւ այլն:
Դժգոհում են ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ծնողները` կրթական ծրագրի ծանրաբեռնվածությունից, երեխաների տնային հանձնարարություններով «բեռնելուց», պայուսակների ծանրությունից, ուսուցիչները` երեխաների «բացթողի վիճակից», ծնողների` երեխաների հետ տանը բավարար չաշխատելուց: Ստացվում է, որ հիմնական կրթություն ստանալու անհրաժեշտությունը տարբեր խնդիրներ է առաջացնում բոլոր դերակատարների մոտ:
Եթե համակարգն իր չափորոշիչները կազմում է ուժեղ (այսպես ասած՝ գերազանցիկ, լավ սովորող) աշակերտների մակարդակով, ովքեր կազմում են աշակերտների ընդհանուր թվի 10-15%, համակարգում իրենց տեղը չեն գտնում կամ պարզապես ոտնատակ են լինում այն երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում յուրացնել դպրոցի կրթական ծրագիրը:
Տանը ծնողներն իրենց հերթին ճնշում են գործադրում երեխաների նկատմամբ` պահանջվող չափորոշիչներին համապատասխանելու համար, եւ արդյունքում լարվածություն է ստեղծվում երեխա-ծնող փոխհարաբերություններում:
Հետեւաբար, երեխաների մեծ տոկոսի համար պարտադիր ուսումնական ծրագիրն ուղեկցվում է հոգեբանական բռնությամբ ուսուցիչների եւ/կամ ծնողների կողմից (չհաշված երեխաների միջեւ առաջացող խնդիրները): Նման իրավիճակն երեխաներին դրդում է տարբեր ձեւերի բացահայտ եւ թաքնված սաբոտաժներ ձեռնարկել ուսումնական ծրագրի, ուսուցիչների եւ ծնողների դեմ, որոնք երբեմն ծայրահեղ դրսեւորումներ են ստանում՝ ընդհուպ մինչեւ իրավախախտումներ եւ ինքնասպանություններ.....
Այս տարի ընդունելության քննությունների ժամանակ բազմիցս նշվեց, որ նախորդ տարիների համեմատ նկատվում է շրջանավարտների գիտելիքների մակարդակի անկում: Կարծում եմ, դա ահազանգ է, որը մի քանի տարի հետո կվերածվի կրթական լուրջ ճգնաժամի:
Զարգացած երկրներում վաղուց եկել են այն համոզման, որ երեխաներին միայն տեղեկատվությամբ ծանրաբեռնելու փոխարեն ավելի արդյունավետ է զարգացնել նրանց այն հմտությունները, որոնք օգնում են ճկուն լինել ու արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում:
Ես` ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում մեր գալիք սերնդի հնարավորությունները, համոզված եմ, որ նրանք շատ խելացի, խորաթափանց եւ տաղանդավոր են, պարզապես նրանց պետք է օգնել ճիշտ օգտագործել իրենց հնարավորությունները: Այս առումով թե ծնողները, եւ թե կրթության նախարարությունը շատ անելիք ունեն:
Լիլյա Կարապետյանը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ծնողական կապի համակարգողն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: