Մեզ տարբեր կերպ են կոչում` “Generation Y”, “Millennials”, “Peter Pan Generation”, “Generation Next”:
Թվում է, թե մենք ժամանակից շուտ ենք մեծացել: Այսօր գրեթե ամբողջությամբ ձեւավորված մարդիկ ենք: Շատերս աշխատանք ունենք, մեծամասնությունը հասցրել է բարձրագույն կրթություն ստանալ: Մենք երիտասարդ ենք, հավակնոտ եւ լի եռանդով: Մենք բարձր ենք գնահատում անձնական ազատությունը եւ կյանք-աշխատանք բալանսը մեզ համար առանցքային սկզբունքներից մեկն է:
Մենք ռոմանտիկ ենք, բայց միաժամանակ բավականին ցինիկ: Դեռ իդեալիստ ենք, բայց արդեն կասկածամիտ: Մենք արդեն գիտենք, որ աշխարհում ամեն ինչ չէ, որ արդար է, բայց դեռ հավատում ենք, որ կարող ենք այն «մի փոքր ավելի լավը դարձնել»:
Ո՞վ ենք մենք: 80-ականների վերջին-90-ականների սկզբին ծնված մարդիկ ենք, ում մանկությունը համընկավ Հայաստանի նորագույն պատմության ամենածանր տարիների հետ: Իհարկե, գիտակցում ենք, որ մեր ծնողներին շատ ավելի դժվար էր, քան մեզ: Մենք հիշում ենք, թե ինչպես էինք 90-ականների սկզբին հեռանում Հայաստանից, իսկ հետո վերադառնում այն հույսով, որ կյանքը լավացել է:
Մենք այն սերնդի ներկայացուցիչներն ենք, ովքեր կարող էին անվերջ գնդակ «տշել» բակում, ժամերով ջրոցի խաղալ Վարդավառին, երկար վիճել թե ո՞վ է ավելի լավ խաղում 1998-ի աշխարհի առաջնությունը` Զիդանը թե Ռոնալդոն: Մենք դեռ հիշում ենք վինիլային սկավառակների աղմուկը եւ այն «անկրկնելի» ձայնը, որի շնորհիվ ռուսերեն թարգմանությամբ նայում էինք «Ռեմբո»-ն եւ «Տերմինատոր»-ը:
Մենք ապստամբներ ենք եւ կարող ենք անհրաժեշտության դեպքում գնալ «համակարգի դեմ»: Սիրում ենք ռոք լսել, չնայած հոգու խորքում կարծում ենք, որ վերջին սերունդն ենք, որը պաշտում է Pink Floyd-ը եւ հիանում է Ֆրեդի Մերքյուրիի վոկալով:
Երբեմն թվում է, որ մենք մի փոքր հնաձեւ ենք, բայց մեզ համար պատիվ եւ արժանապատվություն հասկացությունները դատարկ բառեր չեն: Մենք դեռ հավատում ենք իսկական սիրո եւ իսկական ընկերությանը եւ մեզ դժվար է ընդունել, որ հաշվարկը եւ սառը պրագմատիզմը ավելի շատ է, քան անկեղծությունը եւ ազնվությունը: Մեր մեջ զարմանալի կերպով զուգակցվում են սերը եւ ատելությունը մարդկություն հանդեպ: Մենք կարող ենք լինել ե՛ւ հումանիստ ե՛ւ մարդատյաց: Մեր մեջ ինչ-որ բան կա Չայլդ Հառոլդից եւ Դոն Ժուանից, Կոմս Մոնտե Քրիստոից եւ Դոն Քիհոթից, Հոլդեն Քոլֆիլդից եւ Ռեմարկի հերոսներից:
Մենք անկեղծ սիրում ենք մեր երկիրը, չնայած շատ ենք քննադատում այն: Մեզ դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ անարդարությունը մեր շուրջ շատ է դարձել: Մենք դուրս ենք գալիս բողոքի ցույցերի, փորձում ենք տարբեր կերպ պայքարել մեր իդեալների եւ սկզբունքների համար: Գուցե 60-ի երիտասարդների սերունդը չենք, որը փոխեց աշխարհը, սակայն մեծ ցանկություն եւ ներուժ ունենք, որպեսզի փոխենք գոնե մեր երկիրը:
Այո, մենք ցանկանում ենք հաստատվել, ուզում ենք ինքներս լինել մեր ճակատագրի տերը` չդավաճանելով մեր սկզբունքները: Ցանկանում ենք գնահատվել ըստ մեր արժանիքների եւ ունակությունների, այլ ոչ թե փողի կամ ծանոթությունների հաշվին: Ցանկանում ենք, որպեսզի մեր երկրի նախագահի հայտնի խոսքերն այն մասին, որ Հայաստանում անպատիժ մարդիկ չկան, իսկապես իրականություն դառնան:
Այսօր աշխարհը բաց է մեզ համար եւ մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ: Այսօր մենք ազատ ենք եւ պատասխանատվություն ենք կրում միայն ինքներս մեզ համար. վաղը կունենանք ընտանիք եւ հայրենասիրությունը կարող է զիջել երեխային նորմալ կյանք ապահովելու եւ կրթություն տալու անհրաժեշտությանը: Եթե զգանք, որ չենք կարող ապահովել այն այստեղ, առանց երկար մտածելու կմեկնենք ավելի լավ կյանքի հեռանկարների հետեւից: Թույլ մի տվեք, որ դա տեղի ունենա:
Մենք վաղուց ձերբազատվել ենք պատրանքներից, բայց դեռ չենք կորցրել հավատքը, որ կարող ենք դերակատարություն ունենալ մեր երկրի կայացման եւ կառուցման գործում, արժանապատիվ կյանք վայելել եւ պաշտպանված զգալ Հայաստանում: Մենք իսկապես արժանի ենք դրան: Մի զրկեք մեր սերունդը այդ հնարավորությունից:
Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակիցն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: