Երեկ մահացավ Ջոն Լորդը` Deep Purple խմբի հիմնադիրը: Մի մարդ, ով հսկայական դեր խաղաց տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքում: Եթե 1968 թվականին նա չստեղծեր Deep Purple-ը, իմ կյանքը հաստատ այլ կերպ կընթանար` վստահ եմ, որ նույն կերպ կարող են ասել ընթերցողներից շատերը:
Ես երջանիկ մարդ եմ, քանի որ 2010թ. հոկտեմբերին գրեթե մի ամբողջ օր եմ անցկացրել Ջոն Լորդի հետ: Արդեն գրել էի այս մասին, թե ինչպես ներկա գտնվեցի WhoCares սուպերխմբի Out of My Mind երգի ձայնագրությանը, որին մասնակցում էր նաեւ Ջոն Լորդը: Այսօր մի փոքր կմանրամասնեմ:
Մինչեւ երաժիշտների ժամանելը զրուցում էինք Իէն Գիլանի մենեջերի` Ֆիլ Բէնֆիլդի հետ: Նա ինձ ասաց.
- Հիմա կգա Ջոն Լորդը ու դու կտեսնես, թե ինչ ասել է` իսկական ջենթլմեն:
Out of My Mind երգը գրեթե պատրաստ էր, եւ այդ օրը Լոնդոնի Sarm Studios-ում պետք է ձայնագրվեին Ջոն Լորդի եւ Iron Maiden-ի հարվածային գործիքներ նվագող Նիքո Մքբրեյնի մասերը: Երգի «սեւագիր» տարբերակին ծանոթ էի ու չէի պատկերացնում, թե դրանում ինչպե՞ս է «իր տեղը գտնելու» Ջոն Լորդը: Ֆիլ Բէնֆիլդն ասաց, որ Իէն Գիլանը Լորդին խնդրել էր մասնակցել ձայնագրությանը դեռ վաղուց, երբ ապագա երգը գաղափար էր միայն.
- Ես էլ եմ մտածում, որ այս երգում Ջոնը ծավալվելու շատ տեղ չունի: Բայց արի սպասենք, տեսնենք:
Ջոն Լորդը եկավ, երբ իր լեգենդար Hammond էլեկտրոնային երգեհոնը արդեն տեղադրված էր ստուդիայում: Նա միանգամից գերեց բոլորիս իր վեհությամբ ու պարզությամբ: Հաճախ չէ պատահում, որ այդ երկու հատկանիշները այդքան բնական ձեւով համատեղված լինեն մի մարդու մեջ: Իր հետ բերել էր երգի նոտաները. նստեց Hammond-ի մոտ, հագավ ականջակալները ու սկսեց աշխատել: Ամբողջությամբ մտավ երաժշտության մեջ` սենյակում էր միայն ֆիզիկապես:
Խնդիրն իսկապես բարդ էր` պատրաստի երգում Ջոն Լորդը պետք է իր հետքն այնպես թողներ, որ, մի կողմից, շատ չշեշտադրեր իր ներկայությունը, մյուս կողմից` աննկատ չմնար:
Մի քանի ժամ աշխատելուց հետո Ջոն Լորդն արեց այն, ինչ արեց: Լսեք այս երգը ու պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ այն առանց Ջոն Լորդի.
Ընդմիջման ժամանակ Գիլանը ու Լորդը զրուցում էին սուրճի շուրջ, հիշում էին հին ժամանակները: Բավական երկար ժամանակ չէին հանդիպել ու զգացվում էր, որ կարոտել են միմյանց:
Գիլանը մի պահ դադար տվեց ու ինձ ներկայացրեց Լորդին.
- Ծանոթացիր, Արան է, Հայաստանից է:
- Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ, ջենթլմեն, - ասաց նա, սեղմելով ձեռքս:
Կարծում եմ, կարիք չկա նկարագրելու զգացմունքներս…
Ջոն Լորդը երեկ գնաց: Ինչպես նշված է իր կայքում, «գնաց խավարից դեպի լույս»: Ինձ մոտ մնացել են Out of My Mind երգի իր ձեռքով գրված նոտաները, որոնք կպահեմ մինչեւ կյանքիս վերջը, որպես հիշատակ այն օրից, որն անցկացրեցի այն մարդկանց հետ, ովքեր իմ մանկության եւ պատանեկության հերոսներն են եղել:
Ցավալի է, բայց իրականությունն այն է, որ առաջիկա 5-10 տարիներին մենք ավելի հաճախ ենք հրաժեշտ տալու մեր հերոսներին: Ի՞նչ կարող ենք անել: Լսել նրանց երգերը ու նորից վերապրել բոլոր այն երջանիկ պահերը, որոնք մեզ պարգեւել է այդ երաժշտությունը: Այդ դեպքում նրանք հաստատ կգնան դեպի Լույս:
Գնաս բարով, Ջոն Լորդ: Դու Մեծ մարդ էիր ու Մեծ երաժիշտ: Արդեն օգոստոսին Գյումրիում սկսելու ենք թիվ 6 երաժշտական դպրոցի շինարարությունը, ինչը հնարավոր եղավ նաեւ քո ջանքերի շնորհիվ: Միգուցե այդ դպրոցի սաներից մեկը մեծ երաժիշտ ու հերոս դառնա միլիոնավոր մարդկանց համար: Գնաս բարով, Ջոն Լորդ:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: