Վանո Սիրադեղյանի հետ այս հարցազրույցը արել ենք 1994 թվականին, երբ աշխատում էինք «Մաքսիմում» թերթում, որը հիմնել էին «Բրավո» թերթից ողջ ստեղծագործական կազմով դուրս գալուց հետո:
«Մաքսիմում»-ում ունեինք «Политик как человек» խորագիրը (թերթը ռուսալեզու էր), որում քաղաքական գործիչների հետ խոսում էինք ամեն ինչի մասին` քաղաքականությունից բացի: Հենց այդ խորագրի «իրավահաջորդն է» մեր կայքի Persona բաժինը:
Վանո Սիրադեղյանի մոտ հարցազրույցի գնալուց շատ էինք հուզվում: 18-ամյա անփորձ լրագրողներ էինք, իսկ ամենակարող ՆԳ նախարարի մասին լեգենդներ էին պտտվում ու չգիտեինք, թե ինչպես է արձագանքելու իրեն «անկեղծացնելու» մեր փորձերին: Իհարկե, եթե չլիներ Նիկոլայ Գրիգորյանը, ով այն ժամանակ ՆԳՆ մամուլի քարտուղարն էր, այդ հարցազրույցը երբեք տեղի չէր ունենա: Նա էր ներկայացրել մեր խնդրանքը նախարարին ու զգացվում էր, որ իրեն էլ է շատ հետաքրքրում հարցազրույցի այս ձեւը: Երբեք չեմ մոռանա, երբ նյութը տպագրվելուց հետո պարոն Գրիգորյանն ինձ ասաց, որ այն Վանո Սիրադեղյանի լավագույն հարցազրույցն է` երիտասարդ լրագրողի համար դրանք շատ կարեւոր խոսքեր էին:
Հուզմունքն էլ ավելի էր մեծացնում այն փաստը, որ Վանո Սիրադեղյանի հետ շփումը պետք է լիներ իմ առաջին հանդիպումը իշխանավորի հետ ու առաջին մուտքը բարձրաստիճան մարդու կաբինետ` բառիս բուն իմաստով: Ի դեպ, դեպի նախարարի սենյակ մեզ ուղեկցեցին բավական խորհրդավոր ճանապարհով. շենք մտանք ՆԳՆ Մշակույթի տան մուտքից, ապա երկար գնացինք մութ ու երկար աստիճանով ու միջանցքով: Այս ամենը եւս լրացուցիչ լարվածություն էր առաջացնում:
Նախարարը, սակայն, մեզ շատ ջերմ ու սիրալիր ընդունեց: Չեմ կարող ասել, որ մեր հուզմունքը միանգամից վերացավ, բայց մի 10-15 րոպե հետո մեզ արդեն բավական հանգիստ էինք զգում: Իսկ Վանոյի հետ զրուցելը իրոք շատ հետաքրքիր էր: Այսօր, տպագրության պատրաստելով հարցազրույցը, նորից կարդացի այն ու մեծ հաճույք ստացա: Վանո Սիրադեղյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, սակայն անհերքելի է, որ նա վառ անհատականություն էր, ում խարիզման գրավում էր` քո կամքից անկախ: Կարծում եմ, որ հարցազրույցի ընթացքում նա բավական անկեղծ էր ու կարողացանք իր կերպարը ներկայացնել հնարավորինս ամբողջական:
Հարցազրույցի ընթացքում զանգեց հատուկ կապի հեռախոսը: Վանո Սիրադեղյանը վերցրեց խոսափողը, մեզ ասաց` «Վազգենն է» ու մի 2-3 րոպե զրուցեց: Ես ու Աստղիկ Իսաբեկյանը միմյանց նայեցինք ու երկուսիս աչքերում էլ նույն «հպարտությունն էր». մենք, երիտասարդ լրագրող լինելով, ներկա ենք «հզորների» խոսակցությանը: Տարիների ընթացքում, իհարկե, նման բաները դարձան սովորական, բայց այն ժամանակ այդ ամենն իրոք իրադարձություն էր մեր համար:
Անցել են տասնամյակներ ու Հայաստանում արդեն կա սերունդ, որի ներկայացուցիչները կամ ընդհանրապես չգիտեն, թե ով է Վանո Սիրադեղյանը, կամ էլ շատ մշուշոտ պատկերացումներ ունեն: Վստահ եմ, որ մենք մեր նորագույն պատմությունը ուսումնասիրելու խնդիր ունենք: Ու անկախ նրանից` սիրում ենք Վանոյին, թե չենք սիրում, նրա մտքերից շատերը, կարծում եմ, արդիական են նաեւ այսօր:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: