Ներշնչված Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխապտույտ ավարտից` փորձեցի վերհիշել ֆուտբոլային մեծ հաղթանակները վերջին 10-12 տարիների ընթացքում: Հաղթանակները, որոնց մասին տասնամյակներ անց դրանց մասնակիցներն եւ ֆուտբոլասերները պատմելու են իրենց երեխաներին ու թոռներին, եւ նրանք՝ իրենց հերթին, նախանձով մտածելու են. «Ափսոս, որ մենք չենք տեսել ԱՅՆ»:
«Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, 1999թ.
Մի ջերմ երեկո, մայիսի 26, 1999 թիվ, Կամպ Նոու մարզադաշտ, անկրկնելի Մոնսերատ Կաբալյեն եւ աշխարհահռչակ «ֆանտոմաս», մրցավար Պյեռլուիջի Կոլինան: Այս ամենը միայն չնչին ու աննշան ատրիբուտներն էին այդ խաղի, որը մինչ այսօր սարսափի զգացողություն է առաջացնում մյունխենյան «Բավարիայի» երկրպագուներին մոտ եւ փայլ մանկունիանցիների ֆանատների աչքերում:
Հայտնի Լոթար Մաթեուսը, Շտեֆան Էֆենբերգն եւ Օլիվեր Կանը ընդդեմ անկրկնելի Դեւիդ Բեքհեմի, Ռայան Գիգզի եւ Պետեր Շմեյխելի: Մարիո Բասլերի նուրբ գոլը տուգանային հարվածից խաղի 6-րդ րոպեին, «Բավարիայի» զգալի առավելությունն ամբողջ խաղի ընթացքում, հարվածներ դարպասաձողերին, որոնք, կարծես թե, աննկատելի հագել էին «կարմիր դեւերի» մարզաշապիկը: Մինչեւ 90-րդ րոպեն թվում էր, թե «Բավարիայի» հաղթանակը անխուսափելի է: Այն, ինչ եղավ հետո, երբեք չի ջնջվի այն մարդկանց հիշողությունից, ովքեր դիտում էին այդ խաղը: Երկու րոպե, որի ընթացքում փոխվեց ֆուտբոլի պատմությունը: Երկու րոպե, որոնք դարձան մղձավանջ ոմանց համար եւ կյանքի լավագույն րոպեները՝ մյուսների: Տարիներ անց պատմության մեջ կմնա միայն հաշիվը` 2-1 «Յունայթեդի» օգտին: Սակայն, մեր հիշողության մեջ կմնա նաեւ Լոթար Մաթեուսի պատկերը, որի աչքերի մեջ բացարձակ դատարկություն էր, գրեթե հիստերիայի մեջ գտնվող Սամյուել Կուֆուրի դեմքը եւ Պետեր Շմեյխելի ուրախության կուլբիտները:
Իտալիա – Հոլանդիա` Եվրո -2000-ի կիսաեզրափակիչ
Դաշտի տերերը, փայլուն հոլանդացիները` Բերգկամպի, Օվերմարսի, Կլույվերտի եւ Դե Բուր եղբայրների գլխավորությամբ, վճռական էին նվաճել տիտղոսն իրենց հարազատ վայրերում: Սուպերպաշտպանողական Դինո Ձոֆի «Սկուադրա Աձուրան» Կանավարոյի, Նեստայի եւ Մալդինիի գլխավորությամբ 10 հոգով հիմնական եւ լրացուցիչ 120 րոպե կռիվ էր տալիս հոլանդացիների դեմ: Ֆրանչեսկո Տոլդոն, որը դարձավ Իտալիայի հիմնական դարպասապահը միայն պատահականության շնորհիվ` Ջիջի Բուֆոնի ձեռքի վնասվածքի տեսքով, խաղում էր անհավատալի ոգեւորությամբ եւ նույնիսկ երկու 11 մետրանոց հարված իր դարպասին չէին կարող դառնալ խոչընդոտ իր մեծ ցանկությանը խաղալ եզրափակիչում: Իտալիան կկարողանա դիմակայել «նարնջագույնների» անդադար գրոհներին, իսկ 11-մետրանոց հարվածների սերիայում իր կյանքում լավագույն խաղը անցկացնող Տոլդոն չի թողնի հոլանդացիներին որեւէ հնարավորություն: Հաջորդ օրը թերթերը դուրս կգան «Քամած նարինջ» վերնագրերով, իսկ Հոլանդիայի պատմության մեջ լավագույն սերնդներից մեկն այդ կործանարար պարտությունից հետո այդպես էլ չի կարողանա վերադառնալ նույն մակարդակի եւ այդպես գեղեցիկ ու անթերի էլ երբեք չի լինի: Թվում էր, որ այդ փայլուն մրցաշրջանում ավելի դրամատիկ խաղ դժվար է պատկերացնել: Մի քանի օր անց Ռոտերդամում կայացած Եվրո-2000-ի եզրափակիչը ցույց տվեց, որ այս խաղը ընդամենը նախնական փորձ էր:
Իտալիա – Ֆրանսիա` Եվրո-2000-ի եզրափակիչ
Եվրո-2000-ի եզրափակիչը գրված էր ոչ միայն դրամատուրգիայի լավագույն ավանդույթներով, այն դարձավ տրիումֆ եւ ողբերգություն այդ բառերի ամբողջ խորությամբ: Անկրկնելի ֆրանսիացիները, այդ ժամանակաշրջանի լավագույն խաղացող Զինեդին Զիդանի գլխավորությամբ, գրեթե ոչինչ չէին կարողանում հակադրել շատ գրագետ կերպով պաշտպանվող Իտալիային, որը, ընդ որում, հաշվի մեջ առաջ անցավ 55-րդ րոպեին եւ հմտորեն սկսեց խաղալ հաշիվը պահելու վրա: Խաղի 94-րդ րոպեին տեսախցիկը ցույց կտա հաղթանակի սպասումով տարված իտալացի պահեստայիններին, որոնք միմյանց փաթաթված սպասում էին խաղի ավարտին եւ արդեն պատրաստ էին մի քանի վայրկյան անց դուրս թափել խաղադաշտ եւ երջանիկ ալեկոծվել, լավ եւ բարի իտալական գինու պես: Սակայն երբ շվեդ մրցավար Ֆրիսքի ժամացույցը կսկսի չափել ավելացված ժամանակի վերջին 10-15 վայրկյանները, ֆրանսիացի հարձակվող Սիլվեն Վիլտորդը հանկարծ կորոշի, որ իր մոտ կան այլ ծրագրեր այս ամենի վերաբերյալ: Դավաճանական կերպով սայթաքելով Տոլդոյի ձեռքի տակ՝ գնդակն նրա հարվածից հետո կհայտնվի դարպասի անկյունում՝ ցնցելով ուրախությունից Ելիսեյան դաշտերն եւ աֆեկտի մեջ գցելով ողջ Իտալիան: Լրացուցիչ ժամանակն մեծ հաշվով արդեն ֆորմալ էր, այնքան մեծ էր շոկն իտալացիների համար: Իտալիայի «պաշտպանողական» դագաղի մեջ վերջին մեխը կխփի Դավիթ Տրեզեգեն՝ ուղարկելով Դինո Ձոֆին իր կատենաչոյով հրաժարականի, իսկ սեփական հավաքականը գրեթե անհասանելի բարձրունքի, որի անունն է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն:
«Միլան» – «Լիվերպուլ»` Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2005թ.
You’ll Never Walk Alone: Հին եւ բարի 60-ների Gerry & The Pacemakers խմբի հենց այս երգն է հանդիսանում «Լիվերպուլ» ակումբի հիմնը: Հենց այդ երգն էին արդյունքներն աչքերին երգում մերսիսայդցիների երկրպագուները Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ընդմիջման ժամանակ՝ կոչ անելով իրենց սիրած խաղացողներին չհուսահատվել, չնայած անգամ նրան, որ հաշիվը 0-3 էր ի օգուտ «Միլանի»-ն: Ասում են, այսպես սիրով եւ կրքով նրանք երբեք չեն երգել ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո: «Լիվերպուլի» խաղացողներ Ջիմի Քարագերն եւ Սթիվեն Ջերարդը ավելի ուշ կխոստովանեն, որ երկրպագուների հենց այդ անհավատալի աջակցությունն ու սերն ուժ տվեցին իրենց: Այն, ինչ եղավ հետո, ընդմիշտ մտավ ֆուտբոլի պատմության մեջ. «Լիվերպուլը» դուրս կգա խաղադաշտ, երկրորդ կեսի 7-8 րոպեների ընթացքում հաշիվը կդարձնի 3-3, կհաղթի իտալացիներին 11-մետրանոց հարվածների սերիայում եւ կապացուցի, որ անհնարինը հնարավոր է:
Ուրուգվայ – Գանա` Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ 2010թ.
Նույնիսկ ամենախենթ երկրպագուները դժվար թե պատկերացնեին, որ երկու թիմերն ոչ միայն դուրս կգան քառորդ եզրափակիչ, այլեւ նրանց միջեւ խաղը կդառնա մրցաշարի զարդարանքը: Խաղի գլխավոր իրադարձությունները տեղի կունենան արդեն լրացուցիչ ժամանակում, նրա ավարտից մի քանի վայրկյան առաջ, երբ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ձեռքով կհանի գնդակը, որը գնում էր դեպի դարպասը: Տրամաբանական ավարտ` կարմիր քարտ եւ 11-մետրանոց ուրուգվայցիների դարպասին: Լուիս Սուարեսը, գլուխը խոնարհած եւ արդյունքներն աչքերին, լքում էր դաշտը, ակնհայտորեն զգալով, թե ոնց է իր շուրջ փլուզվում ամբողջ աշխարհը, իր բոլոր երազանքներով, ցանկություններով, սպասումներով եւ հույսերով: Մի քանի վայրկյան անց գանցի հարձակվող Ասամոա Գյանն ուժգին հարվածով կցնցի դարպասաձողը, եւ ողջ աշխարհում չի լինի ավելի երջանիկ մարդ, քան Սուարեսը: Տեսականորեն վթարված մարդն ակնթարթորեն կդառնա ոչ միայն Ուրուգվայի, այլեւ ողջ Լատինական Ամերիկայի փայլուն հերոսը: Այդ աննկարագրելի կուրաժի ներքո ուրուգվայցիները հաղթանակ կտանեն 11-մետրանոցների սիրիայում, իսկ անմխիթար գանցիներին չի մնա ուրիշ բան, քան հետեւել ուրուգվայցիների հրճվանքին ամենացավալի եւ միայնակ մտքով, որը գոյություն ունի այս աշխարհում. «Ո՞նց այդպես ստացվեց: Ախր, երջանկությունն այնքան մոտ էր…»:
«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» - 2011/2012 մրցաշրջան
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ չէ առաջին օրը, շատ թարմ է, պայծառ, հրաշալի եւ էմոցիոնալ, որպեսզի նկարագրվի: Երբ հաղթում ես այդքան երկար սպասված մրցաշրջանի ընթացքում որոշ ժամանակ այնքան մոտ, իսկ երբեմն այնքան հեռու թվացող տիտղոսը, խփելով երկու գնդակ լրացուցիչ ժամանակում, բառերը պարզապես ավելորդ են: «Մանչեսթեր Սիթի»-ն կարողացավ հերոսություն գործել, եւ ոչ ոք չի կարող նրան ինչ-որ բանի համար մեղադրել: Երկու անգամ հաղթելով իր գլխավոր մրցակցին ընդհանուր առմամբ 7-1 հաշվով, հաղթահարելով 8-միավորանոց նահանջը «Յունայթեդից»՝ «Սիթի»-ի խաղացողները ոսկե տառերով գրեցին իրենց անունները Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Տարիներ եւ տասնամյակներ անց «քաղաքացիների» երկրպագուներն իրենց մթքերում կվերադառնան այս ֆանտաստիկ մրցաշրջանին եւ դրա աննկարագրելի զգացմունքային հանգուցալուծմանը ու կպատմեն իրենց երեխաներին եւ թոռներին. «Ես տեսել եմ այդ խաղը: Դա փառահեղ հաղթանակ էր: Միգուցե այդպիսի բան էլ երբեք չկրկնվի…»:
Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակիցն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: