Նախօրեին «Քամպ Նոու» մարզադաշտում պատմություն էր կերտվում: «Չելսի»-ի եւ «Բարսելոնա»-ի դիմակայությունը վերջին 7-8 տարիներին դարձել էր գրեթե դասական: Այդ խաղերում երկրպագուները տեսել էին ամեն ինչ` գոլեր վերջին րոպեներին, Ռոնալդինյոի հզորությունն եւ Ջոն Թերրիի նվիրվածությունը, մարզիչների հանճարեղությունն ու մրցավարների կոպիտ սխալները, հաղթանակի ուրախությունն ու պարտվողների արցունքները: Սակայն, նույնիսկ այս շարքում միշտ կառանձնանա երկու խաղ` դարակազմիկ կիսաեզրափակիչ ճակատամարտը «Սթեմֆորդ Բրիջում» 2009թ. մայիսին եւ երեկվա խաղը:
Որեւէ կասկած չկա, որ 2009 թ-ին «Չելսին» մի քանի անգամ ավելի ուժեղ էր, քան այսօրվանը: Իրենց կարիերայի գագաթնակետում էին գտնվում Ջոն Թերրին, Ֆրենկ Լեմփարդը եւ Դիդյե Դրոգբան: Դրանից մեկ տարի առաջ միայն ցավալի պատահականությունը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտի սայթաքուն խոտածածկի տեսքով խանգարեց «ազնվականներին» բարձրացնել իրենց գլխավերեւում իրենց եւ Ռոման Աբրամովիչի համար այդքան ցանկալի Չեմպիոնների լիգայի գավաթը, եւ 2009թ. «Չելսին» շատ վճռական էր վրեժխնդիր լինել ճակատագրից այդ անհաջողություն համար: Այն ժամանակ հանրահայտ Գուս Հիդինկը 2 խաղում լիակատար տակտիկական հաղթանակ տարավ Գվարդիոլայի նկատմամբ, իսկ դաշտում «ազնվականներն» արեցին ամեն ինչ, որպեսզի անցնեն «Բարսելոնա»-ին, սակայն իրենց գլխավոր մրցակիցը դարձան ոչ թե կապտանռանագույն մարզաշապիկներով 11 խաղացնողները, այլ նորվեգացի մրցավար Թոմ Հեննինգ Էվրեբեն:
Անշուշտ, «Չելսիի» երկրպագուների մղձավանջներում բազմիցս փայլատակել է սափրված Էվրեբեի պատկերը, ով անխռով դեմքով չէր նշանակում մեկ տասնմեկ մետրանոց հարվածը մյուսի հետեւից: Կարծում եմ, փայլատակել է նաեւ Միխաել Բալակի պատկերը, ով մի կերպ էր զսպում իրեն, որ չապտակի մրցավարին, երբ ավելացված 4-րդ րոպեին իր հարվածից հետո գնդակը դիպչեց Սամյուել Էտոոի ձեռքին: Պատկեր Դիդյե Դրոգբայի մասնակցությամբ, երբ զայրացած իվուարցին գոռում էր տեսախցիկին. “This is a fucking business”: Հենց այդ խաղը «Սթեմֆորդ Բրիջում» դարձավ այն մեկնակետը, որից հետո “Բարսելոնա”-ի ներկայիս սերունդն անցավ ուժեղագույների դասից մեծերի դաս: Հենց այդ խաղը դարձավ ներկայիս “Բարսելոնա”-ի “ալֆան”:
2009թ. «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում Գվարդիոլայի “Բարսելոնան” արեց իր նախավերջին քայլը դեպի վեհություն: Հենց այդ ժամանակ, խփելով գոլ 93-րդ րոպեին (ի դեպ, դա եղավ “Բարսա”-ի խաղացողների առաջին եւ վերջին հարվածը դարպասին), “Բարսելոնա”-ն դուրս եկավ եզրափակիչ, որտեղ առանց մեծ խնդիրների հաղթեց “Մանչեսթեր”-ին եւ 3 տարով դարձավ անհասանելի դոմինանտ միջազգային ֆուտբոլում: Հենց «Սթեմֆորդ Բրիջից» սկսվեց Խավիի, Ինյեստայի, Պույոլի եւ Մեսսիի լեգենդը: Հենց «Սթեմֆորդ Բրիջից» հետո Եվրոպայի ուժեղագույն թիմերի մարզիչները գլուխ էին ջարդում այն հարցի շուրջ, թե ինչպես դիմակայել “Բարսելոնա”-ին, եւ մեծ հաշվով այս 3 տարիների ընթացքում այդ խնդիրը կարողացավ լուծել միայն հանճարեղ Ժոզե Մոուրինյոն, որը մեկ տարի անց իր “Ինտերի” հետ կանգնեց “Բարսելոնա”-ի` դեպի եզրափակիչ ճանապարհին: Հենց «Սթեմֆորդ Բրիջից» ողջ աշխարհում սկսվեց տոտալ “բարսամանիան”, երբ գրեթե իմաստազրկվեց “ո՞ւմ ես երկրպագում” հարցը, եւ Երեւանում, ինչպես նաեւ, վստահաբար, շատ եւ շատ այլ քաղաքներում բացվեց “Բարսելոնա” սրճարանը:
Նախօրեին տեղի ունեցավ ավելին, քան պարզապես «Բարսելոնա»-ի պարտությունն ու եզրափակիչ դուրս չգալը: Նախօրեին “Քամպ Նոու”-ում ավարտվեց ԱՅՍ “Բարսելոնա”-ի լեգենդը: Եվ բանն ոչ մի դեպքում ոչ չհաջողվելու, ոչ չօգտագործված պահերի, եւ ոչ էլ Մեսսիի կողմից չիրացված 11-մետրանոց հարվածի մեջ չէ: Դա միայն ընդհանուր բովանդակությունն ընդգծող մասնակի բաներ են: Այս աշխարհում ոչինչ հավերժ չէ, եւ ֆուտբոլում այդ օրենքը գործում է 100 տոկոսով:
Ամենահանճարեղ խմբերը, որոնք բավականին շատ են եղել ֆուտբոլի պատմության մեջ, հասնում էին իրենց վերջնակետին եւ կամաց-կամաց “սառչում”: Երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ այս “Բարսելոնա”-ի դարը վերջացավ, եւ եկել է ժամանակը նոր թիմ կառուցելու համար, մի թիմ, որտեղ գլխավոր դերերում էլ չեն լինի Խավին, Ինյեստան, ոչ էլ Պույոլը: Իրականում, ով կարող է ասել, ե՞րբ վերջին անգամ Գվարդիոլայի “Բարսա”-ն չի հաղթել իրար ետեւից երեք խաղում: Կամ էլ, ե՞րբ է “Բարսա”-ն չխփած 11-մետրանոցից հետո այդքան տխուր տպավորություն թողել` կենտրոնական պաշտպանի հեռացումից հետո խաղալով փոքրամասնությունում գտնվող մրցակցի դեմ, այն դեպքում, երբ թիմը միայն մեկ գոլի կարիք ուներ: Վստահ եմ, որ այն տպավորությունը, որ “Բարսելոնա”-ն դատապարտված է Մեսսիի չիրականացրած 11 մետրանոցից հետո, միայն ինձ մոտ չէր: Պատահականություն, կասեք դուք: Օրինաչափություն, կպատասխանեմ ես:
Այլ “Բարսելոնա” չի նշանակում թիմի ամբողջական փոփոխություն: 2006 եւ 2009թթ. Չեմպիոնների լիգայում “Բարսա”-ի հաղթանակների միջեւ միայն 3 տարի էր ընկած, սակայն տիտղոսը հաղթել են տարբեր թիմեր, տարբեր մրցավարների եւ առաջնորդների հետ: Երեկ ուշ երեկոյան վերջնականապես պարզ դարձավ, որ “Բարսելոնա”-ի փոփոխությունն անշրջելի է դարձել: Սա նորմալ է, վաղ թե ուշ սա պիտի տեղի ունենար, քանի որ անհնար է միշտ հաղթել, եւ բնական է, որ պիտի առաջանար մոտիվացիայի բացակայություն: Կարծում եմ, «Բարսելոնա»-ին մի քանի տարի կպահանջվի, որպեսզի սերնդափոխություն տեղի ունենա եւ ստեղծվի նոր թիմ:
Նախօրերին “Քամպ Նոու”-ում պատմություն էր կերտվում: Եվ բանն այստեղ անգամ “Չելսի”-ի մեջ չէ: Դա այդքան “ազնվականների” հաղթանակը չէր, որքան “Բարսելոնա”-ի պարտությունը: Պարտությունը առաջին հերթին ինքն իրեն: Իսկ ինչ վերաբերում է “արիստոկրատներին”, ով ինչ ուզում է ասի, Դրոգբան, Լեմփարդը եւ Թերրին իրավունք ստացան (նվաճեցին, խփեցին, կրծեցին` ով ինչպես ցանկանա) վերջին անգամ դաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակչում` իրենց կարիերայի ամենակարեւոր խաղում: Ճակատագիրն իրենց վերադարձրել է երեք տարվա “էվրեբե” կոչվող մայիսյան սարսափի պարտքը: Պատահականություն, կասեք դուք: Բարձրագույն արդարություն` կպատասխանեմ ես:
Նախօրերին “Քամփ Նոու”-ում պատմություն էր կերտվում: “Չելսի”-ի հետ խաղը երեք տարի առաջ դարձավ ներկա “Բարսելոնա”-ի “ալֆան”: Երեկվա խաղը դարձավ ներկայիս “Բարսելոնա”-ի “օմեգան”: Շրջանակը փակվեց: Սիմվոլիզմ` կասեք դուք: Իր վեհություն Ֆուտբոլ, կպատասխանեմ ես:
Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակից է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: