Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք - Mediamax.am

Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք
16176 դիտում

Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք


Մենք նայում ենք ընտրապայքարին առանց հավատի` չնայած ընտրություններին մասնակցող ուժերից շատերը, դատելով կարգախոսներից, այդ հավատի կարիքը շատ ունեն: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանը դեպի լավն է փոխվում, սակայն դա տեղի է ունենում այնքան դանդաղ, որ մենք ափսոսում ենք մեր լավագույն տարիները: Մենք հասկանում ենք, որ անկախ այս ընտրությունների արդյունքներից հայեցակարգային առումով Հայաստանում շատ բան չի փոխվելու:

Ո՞վ ենք մենք: 30-ից 40 տարեկան մարդիկ ենք, ում կարելի է տարբեր կերպ անվանել` «միջին խավ», «ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող», «ֆեյսբուկահայություն» եւ այլն: Բնորոշումը կարեւոր չէ, վստահ եմ, որ ընթերցողներից շատերը իրենց այդ «մենք»-ի մեջ արդեն ճանաչեցին:

Խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մեր հասարակության մի քանի շերտերի արանքում: Թվարկեմ այդ շերտերից մի քանիսը:

Մարդիկ, որոնց համար ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի տարբերությունը միայն հապավումների առաջին տառն է: Նրանց համար կարեւոր է ունենալ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կրծքանշան, ամրացնել այն բաճկոնի վրա եւ դեմքի լուրջ արտահայտությամբ «աշխատել» ամենուրեք բացված նախընտրական շտաբներում: Ընդ որում, «աշխատանքն» այս դեպքում հիմնականում վերաբերվում է ոչ թե գաղափարների քարոզին, այլ բազմաթիվ մանր ու միջին մանիպուլյատիվ գործողություններին, որոնք պետք է որոշակի «լիգիտիմություն» ապահովեն հնարավոր ընտրախախտումներին: Իհարկե, այս շերտին մենք մաս կազմել չենք կարող:

Մարդիկ, ում համար Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն «հեղափոխության» ազդանշան դարձավ: Նրանք մտքերում պատկերացնում էին այն հեղափոխությունը, որը անում էին ուսանողները Փարիզի փողոցներում 1960-ականների վերջում: Նրանք մտածում էին Խուլիո Կորտասարի մասին, ով սուրճ էր խմում Լատինական թաղամասի սրճարաններում ու մտածում մարդկության ներկայի ու ապագայի մասին: Նրանք գրում էին մշակութային մանիֆեստներ, հավատալով, որ իշխանության գալով, կյանքի են կոչելու դրանք: Այդ ամենի մասին մենք ել ենք ժամանակին մտածել ու երազել: Հետո ժամանակները փոխվեցին ու մենք սկսեցինք զբաղվել շատ ավելի առօրեական ու ոչ ռոմանտիկ բաներով: Իսկ այս շերտի անդամների մի մասը, կարծես, ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ իր իսկ երեւակայության կողմից ստեղծված «հեղափոխական ռոմանտիկայի» ազդեցության տակից: Իհարկե, կասկած անգամ չի կարող լինել այն մասին, որ այս շերտի մարդիկ մեզ շատ ավելի հոգեհարազատ են, քան նախորդ պարբերությունում նկարագրվածները: Բայց ոչ մի կերպ չենք կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս այդ մարդիկ չեն կարողանում ընդունել պարզ ճշմարտությունները: Օրինակ, այն, որ ընտրությունները Հայաստանում սկսեցին կեղծել 1995 թվականին, իսկ 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում չհաղթեց առաջին փուլում: Կամ, ինչպե՞ս կարող է մարդու իրավունքներից խոսել Գագիկ Ջհանգիրյանը, ում զինդատախազ եղած ժամանակ բանակում խաղաղ պայմաններում եւս բազմաթիվ զինվորներ էին զոհվում, իսկ մեղավորները անպատիժ էին մնում:

«Հեղափոխությունը» սիրում են նաեւ մեկ այլ, ավելի երիտասարդ շերտի ներկայացուցիչներ` օրինակ «Չենք լռելու» նախաձեռնությունը, որն, ի դեպ, վերջերս ավելի շատ լռում է: Նախորդ տարվա սեպտեմբերին սյունակ գրեցի նրանց մասին եւ ասացի, որ ուզում եմ հավատալ նրանց անկեղծությանը: Ցավով պետք է ասեմ, որ այլեւս չեմ հավատում: Առաջին անգամ հավատքս սասանվեց, երբ նրանք փորձեցին «խաղալ» պաշտպանության երկու փոխնախարարների` իրենց իսկ կողմից «բեմադրված» հակասությունների վրա: Երկրորդ անգամ հիասթափվեցի, երբ «Չենք լռելու» ներքաշեց իրեն դերասանուհի Անժելա Սարգսյանի հայտնի պատմության մեջ: Ու ցավով հասկացա, որ Չե Գեվառայի, Դոն Կիխոտի ու Ռոբին Հուդի հավաքական կերպարի հետ համեմատությունը հաճույքով ընդունող երիտասարդները պարզապես «խաղ են անում»` որեւէ պատասխանատվություն չկրելով իրենց գործողությունների համար: Մենք առնվազն ավելի հասուն ենք, որպեսզի այս շերտի մաս կազմենք:

Շերտերն իրականում շատ են, ու դրանց բոլորի նկարագրությունը շատ ժամանակ կպահանջի: Կարող է տպավորություն ստեղծվել, որ մեզ համարում եմ լավագույն եւ անբիծ շերտը: Ոչ, այդպես չէ: Ընդհակառակը, կարծում եմ, որ բոլոր շերտերի մեջ մենք ամենախոցելին ենք: Բավական կրթված ու խելացի ենք, որպեսզի աչք փակենք մեր շուրջը կատարվող բացասական երեւույթների վրա: Քննադատում ենք, մեր ուժերի սահմաններում փորձում ենք ինչ-որ բան անել` երբեմն ստացվում է, երբեմն` ոչ: Բայց երբ մեզ առաջարկում են «ամբողջ հասակով» մտնել գործի մեջ, վճռական քայլից խուսափում ենք: Երբեմն պարզապես վախենում ենք: Բայց հիմնականում հրաժարվում ենք, որովհետեւ գիտենք, որ մեկ, երկու, երեք հոգով փոփոխությունների չենք հասնի, «մերոնցից» տասնյակներ ու հարյուրներ են պետք: Բայց, քանի որ այդ տասնյակներն ու հարյուրները եւս մտածում են, որ ընդամենը մեկը կամ երկուսն են լինելու, օղակը փակվում է եւ բան չի փոխվում:

Ու քանի դեռ այդ վճռական քայլին չենք դիմում, ավելանում է երկու շերտերի անդամների քանակը: Առաջինը կուսակցական կրծքանշանները ֆետիշ դարձրածների շերտն է: Իսկ մյուսը կոչվում է Կանադա: Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ընկերներ կամ ծանոթներ ունի, որոնք կամ արդեն մեկնում են Կանադա, կամ պատրաստվում են անել դա առաջիկա 1-2 տարիներին:

Մենք, ըստ էության, ընտրություն չունենք` կամ դառնում ենք նոր ու վճռական շերտ, կամ էլ գնում ենք Կանադա: Եկեք բոլորս մտածենք այս երկընտրանքի մասին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին