Ազգային օրհներգի հնչյունների ներքո - Mediamax.am

Ազգային օրհներգի հնչյունների ներքո
5302 դիտում

Ազգային օրհներգի հնչյունների ներքո


Ոտքի կանգնե՞լ, թե՞ ոչ քո երկրի ազգային օրհներգի կատարման ժամանակ: Առաջին հայացքից, թվում է, թե պարզունակ եւ տարօրինակ հարց է, որին հարկավոր չէ ուշադրություն սեւեռել: Սակայն մտածել այդ հարցի շուրջ ինձ ստիպեց մի տեսարան, որի ականատեսը դարձա մի քանի օր առաջ: 

Աշխատանքի բերումով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա էի ՀՀԿ համագումարին: Հաշվի առնելով, որ սրահում “ասեղ գցելու տեղ չկար”՝ լրագրողներին հատկացվել էր առանձին սրահ վերին հատվածում, եւ մենք հետեւում էինք ելույթների ուղիղ հեռարձակմանը մեծ էկրանի միջոցով: Համագումար լուսաբանելն առօրյա լրագրողական աշխատանք է: Հավաքվում են պատվիրակներ, հյուրեր, վերջինը սրահ է մտնում նախագահը, եւ համագումարը սկսում է իր աշխատանքը: Սակայն դրանից առաջ միշտ հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը: Այդպես եղավ նաեւ այս անգամ, հնչեց “Մեր հայրենիքը”…  

Ես իրոք զարմացած էի` տեսնելով, որ լրագրողներից շատերը իրենց տեղերից ոտքի չկանգնեցին օրհներգի կատարման ժամանակ: Չգիտեմ՝ որն է դրա պատճառը` այդ պահին գերծանրաբեռնվածությունը, այն հանգամանքը, որ գտնվում էինք ոչ թե 700-800 հոգանոց սրահում, այլ մի վայրում, որտեղ 40-50 հոգի են, եւ բոլորը “մերոնք են”, կամ էլ այլ մի բան:

Չեմ պատրաստվում որեւէ մեկին մեղադրել, վերջին հաշվով յուրաքանչյուր մարդ վարվում է այնպես, ինչպես հարկն է համարում: Խնդիրն այլ է: Ինձ համար միշտ աքսիոմա է եղել այն, որ պետականության խորհրդանիշների հանդեպ հարգանքը պետք է առկա լինի՝ անկախ քաղաքական հայացքներից կամ կուսակցական նախասիրություններից: Այլ բան է, երբ ոտքի չես կանգնում որեւէ կուսակցության օրհներգի ժամանակ: Լրագրողի համար դա նորմալ է: Սակայն, մի հարթակի վրա դնել կուսակցության օրհներգը եւ պետական օրհներգը այդքան էլ ճիշտ չէ, իսկ եթե պարզ խոսենք` արմատականորեն սխալ է: Չէ՞ որ քաղաքական հայացքները, համակրանքը եւ հակակրանքն այլ բան են, իսկ պետական օրհներգը եւ պետականության այլ պարագաները` բոլորովին այլ: 

“Օրհներգի մասին” օրենքում նշվում է, որ “ՀՀ օրհներգի նկատմամբ խորին հարգանքն յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է”: Կարծում եմ, սեփական երկրի հանդեպ հարգանքն յուրաքանչյուր ոք իր համար է որոշում: Եվ ինձ համար, որպես քաղաքացու, օրհներգի, դրոշի եւ զինանշանի հանդեպ հարգանքը սեփական երկիրը հարգելու չափանիշներից մեկն է: Ի վերջո, դժվար է պատկերացնել, որ մարդիկ, որոնք գնում են ֆուտբոլ դիտելու եւ համակրելու իրենց երկրի հավաքականին, օրհներգի հնչյունների ժամանակ իրենց տեղերում նստած մնային: Ոչ ոք չի մոռացել, թե դժգոհությունների ինչպիսի բարձր ալիք էր բարձրացել, երբ Բուրսայում Թուրքիայի հետ հայտնի խաղից առաջ թուրք երկրպագուները սուլեցին Հայաստանի օրհներգի կատարման ժամանակ: Այդ տրամաբանությունից ելնելով՝ ստացվում է, որ մենք բարկանում ենք, երբ մեր օրհներգի ժամանակ այլոք սուլում են, իսկ մյուս կողմից կարծում ենք, որ մեր հարկի տակ դա մի աննշան բան է, ինչը նման մեծ ուշադրության եւ հարգանքի արժանի չէ, որպեսզի ոտքի կանգնել դրա հնչյունների ներքո:

Անշուշտ, մենք` լրագրողներս, քաղաքացիների մի քիչ այլ խումբ ենք: Որեւէ մեկից ոչ լավ, ոչ էլ վատ, ուղղակի մեր աշխատանքից ելնելով` մենք երբեմն ավելի թերահավատ, կասկածամիտ եւ անգամ ցինիկ կերպով ենք վերաբերվում իրադարձություններին, առավել եւս, երբ խոսքը գնում է քաղաքականության մասին: Սակայն շատ կցանկանայի, որպեսզի նաեւ մեզ մոտ, ինչպես բոլոր այլ քաղաքացիների, եւս մեկ անգամ կրկնեմ` անկախ իշխանությունների, կուսակցությունների, կամ առանձին քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքից պահպանվեր մեր երկրի հանդեպ սերը, եւ հարգանքը մեր պետականության խորհրդանիշների հանդեպ: Քանի որ այդ զգացողությունը վեր է թե իշխանությունից, թե կուսակցություններից, եւ թե քաղաքական գործիչներից: Վերջ ի վերջո, եթե մենք ինքներս չսիրենք եւ չհարգենք մեր երկիրը, ոչ մեկ դա չի անի ոչ մեր փոխարեն:

Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակիցն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Զավեշտից դեպի ֆարս

Generation Y

Ռոքը երբեք չի մահանա
Մեր ընտրանին