«Ընդհանուր պետության» գաղափարի ծնունդը - Mediamax.am

«Ընդհանուր պետության» գաղափարի ծնունդը
20161 դիտում

«Ընդհանուր պետության» գաղափարի ծնունդը


1998թ. նախագահական ընտրություններից առաջ եւ հետո որոշ ժամանակ Քոչարյանը հաճախ էր բասկետբոլի խաղեր կազմակերպում: Բասկետբոլն իմ սիրած սպորտներից մեկն է, եւ ես մշտապես մասնակցում էի այդ խաղերին: Ուսանողական տարիներին Երեւանի Պոլիտեխնիկի թիմում էի խաղում, իսկ դրանից առաջ՝ Սիրիայի երիտասարդական ազգային հավաքականի կազմում:

1998թ. մայիսի 14-ին հերթական անգամ հավաքվել էինք Երեւանի Կարմիր խաչի հիվանդանոցի մարզասրահում բասկետբոլ խաղալու: Նոր էինք սկսել խաղը, երբ արագ դահլիճ մտավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Նա մեր բասկետբոլային խմբի մաս երբեւէ չէր եղել. Վազգենը ֆուտբոլ էր սիրում խաղալ: Ակնհայտ էր, որ ինչ-որ մի անսպասելի բան էր կատարվել, եւ նա ցանկանում էր այդ մասին խոսել Քոչարյանի հետ: Քոչարյանն ընդհատեց խաղը եւ մոտեցավ դաշտի եզրին` անհամբեր սպասող Վազգենին: Հազիվ երկու բառ էին փոխանակել, երբ նա ձեռքի շարժումով ինձ էլ կանչեց մասնակցելու զրույցին: «Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեեւը զանգահարեց եւ ասաց, որ արտաքին գործերի նախարար Պրիմակովը Օսկանյանին եւ ինձ հրավիրում է Մոսկվա` խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասաց Վազգենը: Մի պահ հապաղելուց հետո Քոչարյանը ասաց. «Խնդիր չեմ տեսնում,  գնացեք-տեսեք ինչ է ուզում»:

Մեր զրույցը խաղադաշտի եզրին շարունակվեց. հարցեր հնչեցին, թե ինչու այսքան հապճեպ, ինչու պաշտպանության նախարարների մասնակցությամբ, եւ արդյոք նման հրավեր ստացել է նաեւ ադրբեջանական կողմը: Այդ օրերին բանակցային գործընթաց չկար. միջնորդների կողմից վերջին առաջարկությունն արվել էր 1997թ. աշնանը` նրանց ներկայացրած փուլային տարբերակը, որից հետո արդեն քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվել էր: Մայիսի 15-ի երեկոյան Վազգենի հետ ուղեւորվեցինք Մոսկվա: Մայիսի 16-ին առավոտ շուտ մեկնեցինք Մոսկվայի մոտակայքում գտնվող պաշտպանության նախարարությանը պատկանող մի առանձնատուն: Երբ ներս մտանք, մեզ դիմավորեցին արտաքին գործերի նախարար Պրիմակովը, պաշտպանության նախարար Սերգեեւը եւ Ռուսաստանի Դաշնության հետախուզության պետը: Վազգենի եւ ինձ հետ էին նաեւ այդ օրերին Մոսկվայում մեր դեսպան Գագիկ Շահբազյանը եւ արտաքին գործերի նախարարության աշխատակից Արմեն Խարազյանը: Նա ուղեկցում էր ինձ եւ անհրաժեշտության դեպքում հայերենից ռուսերեն էր թարգմանում:  



Ելցինը Պրիմակովին արտաքին գործերի նախարար էր նշանակել 1996թ. հունվարին: Նա փորձառու ու ծանրակշիռ պետական գործիչ էր, որը հսկայական գիտելիքներ ուներ նաեւ իր գիտական անցյալի բերումով: Այդ օրերին Պրիմակովի եւ Քոչարյանի հարաբերությունները բավական լարված էին: 1996թ. նոյեմբերին, երբ Քոչարյանը ԼՂՀ նախագահն էր, Պրիմակովը այցելեց Ստեփանակերտ` միջնորդելու Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ գերիների փոխանակման հարցում: Քոչարյանը մերժեց Պրիմակովի այդ նախաձեռնությունը: Դա լուրջ նստվածք էր թողել Պրիմակովի մոտ: Իսկ 1998թ. ՀՀ նախագահական ընտրությունների նախաշեմին Պրիմակովը ինչ-որ մի պահ նախապատվություն էր հայտնել Կարեն Դեմիրճյանի թեկնածությանը:

Փոխադարձ նեղվածության հարցը որոշ ժամանակ անց բաց քննարկման առարկա դարձավ իմ եւ Պրիմակովի մի քանի առանձնազրույցների ժամանակ: Պրիմակովի եւ իմ միջեւ շատ արագ բավական ջերմ հարաբերություններ հաստատվեցին, որոնց հիմքերը դրվեցին հենց այդ` Մոսկվայի մոտակայքում կայացած առաջին հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեւեց ավելի քան երկու ժամ, եւ հիմնականում երկխոսություն էր իմ ու Պրիմակովի միջեւ:

Ողջույնի կարճ խոսքից հետո Պրիմակովը անմիջապես անցավ գործի բուն էությանը, ասելով, որ հանդիպման նպատակն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հայկական կողմին փոխանցի իր մոտեցումները ԼՂ հարցում առ այն, որ հակառակ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության, փուլային տարբերակը մնում է ուժի մեջ, եւ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին: «Իսկ ուժային նախարարների ներկայությունը,- ասաց Պրիմակովը,- անհրաժեշտ է, որպեսզի հայկական կողմը գիտակցի, որ սա Ռուսաստանի ընդանուր եւ միասնական դիրքրոշումն է, եւ որ հայկական կողմը հանկարծ չկարծի, թե ուժայինները կարող են այլ մոտեցումներ ունենալ, եւ փորձի խաղարկել այդ տարբերությունը»:

Մեզ համար դա, իհարկե, անակնկալ էր, եւ այդ պահին մենք մի փոքր շփոթված էինք: Վազգենը եւ ես իրար նայեցինք՝ յուրաքանչյուրս հույս ունենալով, որ մյուսը իր վրա կվերցնի Պրիմակովին պատասխանելու պատասխանատվությունը:

Բնականաբար, պատասխանողը ես պետք է լինեի նախ այն պատճառով, որ Ռուսաստանի կողմից խոսում էր Պրիմակովը, ինչպես նաեւ այն պատճառով, որեւ ես Քոչարյանի հետ արդեն քննարկել էի ԼՂ հարցում Հայաստանի նոր մոտեցումները: Նաեւ այն հանգամանքի բերումով, որ ես արդեն երկար տարիներ ԼՂ հարցերով բանագնաց հանդիսանալով, տիրապետում էի բանակցությունների մանրամասներին: Այդ օրը բախտս բերեց այն առումով, որ ինձ թարգմանում էր Արմեն Խարազյանը: Թեեւ Արմենը թարգմանիչ չէր, բայց նա խոսքս անթերի էր թարգմանում` ոչ միայն բովանդակության, այլեւ ոճի եւ արագության առումով: Նա թարգմանում էր գրեթե սինխրոն, ինչը ինձ թույլ էր տալիս չընդհատել խոսքս եւ չկորցնել մտքիս թելը:

Մտքումս արդեն շատ հստակ էին ԼՂ հարցում մեր մոտեցումները եւ մեր կողմից իրականացվող քաղաքականության հիմնական դրույթները: Այդ պահին իմ առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այն էր, որ ես կարողանայի համադրել դրանք մեր տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ: Ես գիտեի էի նաեւ Մոլդովայի եւ Մերձդնեստրի միջեւ ընթացող բանակցությունների բովանդակության եւ 1997թ. մայիսի 7-ին ստորագրված հուշագրի մասին, որը կառուցված էր Պրիմակովի առաջարկած «ընդհանուր պետության» գաղափարի վրա: Իմ պատասխանի մեջ ես հիմնականում ծանրացա երեք կետերի վրա. 

Առաջին, առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի լուծման կամ առնվազն դրա հստակեցման, ցանկացած, նույնիսկ մեկ տարածքի վերադարձը այնքան խոցելի կդարձնի Լեռնային Ղարաբաղը, եւ, հետեւաբար, կթուլացնի Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դիրքերը, որ բնականաբար կհանգեցնի Ռուսաստանի դիրքերի թուլացմանը Կովկասում:

Երկրորդ, հայկական կողմը` թեեւ մերժելով փուլային լուծման տարբերակը, չի պնդում, որ միակողմանի լուծումներ լինեն, այլ գտնում է եւ պատրաստ է, որ բանակցությունների միջոցով կարելի է համադրել ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել ոչ կոնվենցիոնալ մոտեցումներ: Ես ասացի, որ մեզ համար, օրինակ, ընդունելի կլիներ փաստացիորեն` de facto անկախ, իրավականորեն` de jure ոչ Ադրբեջանի կազմում կարգավիճակը, եւ այդ առումով արժե մտածել մերձդնեստրյան հակամարտության պարագայում առաջարկվող «ընդհանուր պետության» մեկ այլ տարբերակը կիրառելու մասին, որը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հորիզոնական հարաբերություններ կապահովի:

Այդ երկար հանդիպումից հետո մեր բոլորի տպավորությունն այն էր, որ ռուսական կողմի սկզբնական դիրքորոշման համեմատ ինչ-որ բան փոխվեց: Երկար սպասելու անհրաժեշտություն չեղավ, որ մեր այս ենթադրությունը հաստատվի. դրանից հետո Պրիմակովը մեկնեց Բաքու` Լեռնային Ղարաբաղի հարցով  բանակցելու: 1998թ. նոյեմբերին, Մինսկի խմբի համանախագահները կողմերին ներկայացրին «ընդհանուր պետության» առաջարկը:

Հայաստանն ու Ղարաբաղը նոր էին պատրաստվում կարծիք հայտնել փաստաթղթի առնչությամբ, երբ Ադրբեջանն այնպես հապճեպ ու կտրուկ մերժեց այն, որ արդեն անիմաստ էր ինչ-որ բան ասել: Իհարկե, «ընդհանուր պետության» վերաբերյալ փաստաթուղթը ընդունելի չէր նաեւ հայկական կողմի համար՝ չնայած, որ դրանում փորձ էր արվում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ զուտ հորիզոնական կապեր հաստատել, դրա մի քանի դրույթներ Ղարաբաղին լուրջ կախվածության մեջ էին դնում Ադրբեջանից: Սակայն, մեծ հաշվով, դա եւս մեկ կարեւորագույն քայլ էր` լիսաբոնյան ընկալումները եւ միջազգային հանրության կողմից տարածքային ամբողջականության գերակայության վերաբերյալ կարծրատիպը վերացնելու ճանապարհին:

Լուսանկարը՝ անձնական արխիվից:

Վարդան Օսկանյանը 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին