«Ինչո՞ւ ազդակները տեղ չեն հասնում» - Mediamax.am

«Ինչո՞ւ ազդակները տեղ չեն հասնում»
6686 դիտում

«Ինչո՞ւ ազդակները տեղ չեն հասնում»


Մարտի 14-ին Հայաստանի նախագահը ելույթ ունեցավ Ոստիկանության կոլեգիայի նիստին եւ սպաներին ու գեներալներին ասաց. «Ես ձեր փոխարեն ամաչում եմ»:

Երկրի ղեկավարն ամաչեց նրա համար, որ հաճախ ոստիկանը փողոցում տեսնում է իրավախախտում, սակայն մեջքով է շրջվում: Նրա համար, որ, իմանալով մարդասպանության կոնկրետ հեղինակներին, ոստիկանները հաճախ պատժում են անմեղ մարդկանց: Երեւի այս ցուցակը կարելի է երկար շարունակել, քանի որ արարքների պակաս, որոնց համար ոստիկանները պետք է ամաչեն, կարծես թե չի զգացվում:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ ճանապարհային ոստիկանության մասին:

«Մենք շատ հաճախ ենք անդրադառնում ճանապարհային ոստիկանության խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրում ենք փոփոխություններ, հետո ժամանակի ընթացքում դիտարկում հետընթաց: Սա, կարծես, սովորական է դարձել»,- նշեց երկրի ղեկավարը:

Եկեք երկու տարով հետ գնանք եւ վերհիշենք այն հարցն ու պատասխանը, որոնք հնչեցին 2009 թվականի ապրիլի 10-ին` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին տարվան նվիրված մամլո ասուլիսում.

- Պարոն նախագահ, չե՞ք կարծում, որ իշխանությունների ամենամեծ խնդիրներից մեկը ոչ հետեւողական լինելն է։ Մոտ մեկ տարի առաջ ոստիկանության նոր ղեկավարն ու նրա ենթակաները հայտարարեցին, որ կարգազանց, անձեռնմխելի վարորդներ եւ մեքենաներ այլեւս չեն լինի։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Հիմա ամենուր կարելի է հանդիպել երեւույթների, երբ կարգազանց վարորդը զանգում է իրեն հովանավորող ինչ–որ մեկի, եւ դրանից հետո մենք ականատես չենք լինում համապատասխան պատժի։ Չե՞ք կարծում, որ հենց նման երեւույթներն են, որ իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահությունը վերացնում են։

- Ես չեմ կիսում Ձեր կարծիքն այն մասով, որ այսօր հայտնվել են շատ մարդիկ, ովքեր անձեռնմխելի են։ Ամեն օր Երեւանի փողոցներում կարելի է ականատես լինել, թե ինչպես են շքեղ մեքենաներ տարվում տուգանային հրապարակ, թե ինչպես են տուգանքի ենթարկվում, եւ այլն։ Մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ եթե հեշտ լիներ կարճ ժամանակում այդ խնդիրը հաղթահարել, ապա վաղուց արդեն այն հաղթահարված կլիներ։ Սա ոչ միայն մեր երկրի, այլեւ բոլոր երկրների խնդիրն է, եւ մանավանդ զարգացող ժողովրդավարությամբ երկրների պրոբլեմն է։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը նաեւ այն մասով, որ իշխանությունները կամ ես հետեւողական չենք։ Կարող էիք ինձ մեղադրել անհետեւողականության մեջ, եթե ես իմ ազդակները փոխեի, եթե ես ամեն անգամ ազդակ չուղարկեի ոստիկանությանը, որ պետք է խիստ լինել, որ պետք է գործել օրենքին հարիր, օրենքի տառին համապատասխան, որ պետք է կաշառակերներին ձերբակալել, որ պետք է խախտողներին տուգանել, եւ այլն։ Եթե ես դա մշտապես չանեի, կասեիք՝ անհետեւողական եք, խոսեի ուրիշ բաների մասին։ Բայց պետք է հասկանանք, որ ծանր պրոցեսներ են, որ շատ մեծ, տեւական ժամանակ է պետք, պետք է հասկանանք, որ համակարգերում «ավանդույթներ» են ձեւավորվել, եւ դրանք ջարդելը ծանրագույն խնդիր է։ Կարեւորն այն է, որ մենք մեր հույսը չկորցնենք, որ մենք մեր պայքարը շարունակենք։ Մեզ չի հաջողվի՝ ուրիշներին կհաջողվի։ Բայց մենք մեր լուման պիտի ներդնենք։ Արդար չէ անհետեւողականության մեջ մեղադրելը։

Անցել է երկու տարի եւ, դատելով մարտի 14-ի ՀՀ նախագահի բավականին խիստ ելույթից, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկվող ազդակները ցանկալի արդյունք չեն տալիս: Ո՞րն է պատճառը: Կարծում եմ, այն շատ պարզ է. դա հենց այն անհետեւողականությունն է, որի մասին նախագահին հարցրեց լրագրողն երկու տարի առաջ: Եթե հետեւողականության պակաս չլիներ, նախագահը ստիպված չէր լինի այսօր թվարկել բոլոր այն արատավոր երեւույթները, որոնք կան ոստիկանությունում:

Փաստորեն, այս երկու տարվա ընթացքում ոստիկանության աշխատանքում էական փոփոխություն չի գրանցվել: Հասկանալի է, որ բարեփոխումների համար տեւական ժամանակ է պետք: Սակայն այստեղ է թաքնվում մյուս խնդիրը. երբ որեւէ գործընթաց չունի հստակ սահմանված վերջնաժամկետ, այն կարող է գրեթե անվերջ տեւել:

Եթե խոսում ենք ճանապարհային ոստիկանների մասին, ապա վստահ եմ, որ տեսուչները բոլորից շատ են շահագրգռված, որպեսզի բոլոր կարգազանց վարորդները պատժվեն ամենայն խստությամբ: Կամ գոնե տեսուչների մեծ մասը: Չէ՞ որ այդ կարգազանց վարորդները առաջին հերթին դիպչում են հենց տեսուչների մարդկային արժանապատվությանը` ցույց տալով, որ վերադասի հեռախոսահամարը պարունակող բջջայինը վեր է թե օրենքից, թե սպայի պատվից:

Իհարկե, ինչպես ասաց նախագահը, պետք է տեղադրել տեսախցիկներ` կարգազանց վարորդների հետ առավել արդյունավետ պայքարելու համար: Սակայն եկեք ինքներս մեզ գոնե այս անգամ չխաբենք. այդ տեսախցիկները «կախարդական փայտիկ» չեն դառնա: Եթե այսօր ոստիկանը թեքում է երեսը, որպեսզի չնկատի ակնհայտ ու լկտի խախտումը, վաղը նա կամովի, կամ էլ իր կամքին հակառակ ստիպված է լինելու ջնջել այդ խախտումը արձանագրած տեսաերիզը: Եվ ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կան անձեռնմխելի մարդիկ իրենց անձեռնմխելի թիկնապահներով կամ «օգնականներով»: Իսկ որ նրանք քիչ չեն, գիտեն բոլորը. պետք է ընդամենը դուրս գալ փողոց եւ հետեւել երթեւեկությանը Երեւանի կենտրոնում գոնե մեկ ժամվա ընթացքում:

Ոստիկանությունը իրոք դրական իմիջի կարիք ունի: Սակայն Ոստիկանության ղեկավարները պետք է հասկանան, որ դրական իմիջը ստեղծվում է իրական կյանքի, ոստիկանական իրական սխրագործությունների, այլ ոչ թե "Ոստիկաններ" սերիալի միջոցով, որի նկարահանման համար ծախսվում են պատկառելի միջոցներ:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին