«Գագիկ Օսկանյան» թե՞ «Վարդան Ծառուկյան» - Mediamax.am

«Գագիկ Օսկանյան» թե՞ «Վարդան Ծառուկյան»
10088 դիտում

«Գագիկ Օսկանյան» թե՞ «Վարդան Ծառուկյան»


Վարդան Օսկանյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կանգնած են մեծ փոփոխությունների շեմին: Նախկին արտգործնախարարը պետք է մի կուսակցության անդամակցի, որի հիմնական, եթե ոչ միակ արժեքն ու գաղափարախոսությունը նրա առաջնորդն է` իր մեծածավալ ֆինանսական կարողություններով: ԲՀԿ-ն պետք է իր շարքերը ընդունի մի մարդու, որն արմատապես տարբերվում է կուսակցության ղեկավարի մերձավոր հատվածի այլ անդամներից:

Չափազանց հետաքրքիր է, թե ինչպե՞ս կընթանա այս ինտեգրումը: Կարծում եմ, որ եթե Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանն ընտրություն ունենային, ապա կանեին ամեն ինչ այս «միաձուլումից» խուսափելու համար` քանի որ այն անբնական է այդ մարդկանց տեսակների միջեւ եղած ահռելի տարբերության պատճառով:

Սակայն, երկուսի ընտրության հնարավորությունը, կարծես թե, այդքան էլ մեծ չէ:

Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ ԲՀԿ-ն իր այսօրվա տեսքով, երբ կուսակցության գոյատեւման միակ գրավականը իր ֆինանսական միջոցներն են ու ազդեցությունը, մեծ ապագա չունի: Դա առավել ցայտուն կերպով արտահայտվեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության որոշման մեջ, որն իր շարքերը ընդունեց ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին եւ Ժառանգությանը, սակայն փաստացի մերժեց ԲՀԿ-ին: Մեր սյունակագիր Մայքլ Կամբեկը այսպիսի բացատրություն էր տվել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին.

«Բարգավաճ Հայաստանը» մերժվել է հիմնականում այն պատճառով, որ ԵԺԿ-ում այն համարում են ոչ թե իրական կուսակցություն, այլ, ավելի շուտ, հարթակ կուսակցության առաջնորդ Ծառուկյանի համար: Տեղյակ լինելով առկա չափանիշներին, նման արձագանքը սպասելի էր: Եթե «Բարգավաճ Հայաստանն» ուզում էր միանալ ԵԺԿ-ին, ինչո՞ւ նրանք չանցկացրեցին «եվրոպական շեշտադրմամբ» համաժողով, ցուցադրելով իրենց ներքին ժողովրդավարությունը, եվրոպական օրակարգը, որը կապացուցեր, որ կուսակցությունը կշարունակի գոյություն ունենալ, անգամ եթե իր առաջնորդը մի օր որոշի լքել այն»: 

Հասկանալի է նաեւ, որ ԲՀԿ փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն Վարդան Օսկանյանի անդամակցությամբ: Ակնհայտ է, որ կուսակցություն պետք է գան նոր դեմքեր, այլապես Օսկանյանը հանդես կգա «սպիտակ ագռավի» դերում, ինչը չի օգնի փոխել ԲՀԿ-ի իմիջը: Նոր դեմքերի գալը կարող է խնդիրներ առաջացնել այն մարդկանց հետ, որոնք վերջին տարիներին պայքարում էին Գագիկ Ծառուկյանի ամենավստահելի կուսակցի դափնիների համար:

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի մոտալուտ անդամակցության իրական նախաձեռնողը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Եթե դա իրոք այդպես է, ապա կարելի է ենթադրել, որ Քոչարյանը Օսկանյանին տալիս է իրեն ինքնադրսեւորելու երկրորդ շանսը: Այսօր քչերն են հիշում այն մասին, որ 2006թ. ամռանը Վարդան Օսկանյանը ներկայացրեց ՀՀ գյուղական, հատկապես` սահմանամերձ համայնքների զարգացման ծրագիրը: Ըստ էության, ԱԳ նախարարը ծրագրի անմիջական համակարգողն էր, ու այն ժամանակ կարծիքներ հնչեցին, որ դրա միջոցով ՀՀ նախագահը ցանկանում է “փորձարկել” Վարդան Օսկանյանի ինքնուրույն գործելու կարողությունը: Դատելով նրանից, որ ծրագիրն, ընտ էության, մնաց թղթի վրա, կարելի է ասել, որ առաջին փորձը հաջող չէր:

Վերջին 4 տարիների ընթացքում Վարդան Օսկանյանը արտառոց քայլերով աչքի չընկավ: Այդ ընթացքում նա մի քանի անգամ հանդես եկավ իշխանությունների կոշտ քննադատությամբ, իսկ իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամը չդարձավ այն ազդեցիկ կառույցը, ինչպիսին կարող էր դառնալ` հաշվի առնելով Վարդան Օսկանյանի ներուժը եւ 10 տարի ԱԳՆ-ն ղեկավարելու ընթացքում ձեռքբերած հարուստ փորձը ու միջազգային կապերը:

Կարող է արդյո՞ք Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ում ստանձնել արտաքին աշխարհի համար ընդունելու եւ կանխատեսելի առաջնորդի դերը: Արդյո՞ք պատրաստ է Գագիկ Ծառուկյանը զիջել իր լիազորությունների մի մասը: Այս հարցերի շարքը կարելի է երկար շարունակել: Հասուն տարիքում մարդիկ չեն փոխվում, ու միամտություն կլինի մտածել, որ քաղաքական դաշնակիցներ դառնալով, Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը կհրաժարվեն իրենց բնորոշ արժեքներից, սովորություններից ու գործելաոճից: Միանշանակ է, սակայն, որ նրանցից մեկը պետք է առավել մեծ զիջումների գնա` սեփական ինքնասիրության հաշվին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին