Երեկ հայրենական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ներում տարածված` օրվա ամենահետաքրքրական լուրը «ԱՊՀ երկրների երիտասարդական միություն» ՀԿ-ի հաղորդագրությունն էր այն մասին, որ փետրվարի 2-ին Հայաստանում կսկսի գործել «Պուտին» ակումբը, որի գլխավոր նպատակն է Վլադիմիր Պուտինի «գաղափարների ժողովրդականացումը»:
Շուտով Հայաստանում Վլադիմիր Պուտինի «երկրպագուները» կկարողանան «օգտվել Վլադիմիր Պուտինի մասին պատմող գրականությունից, դիտել վավերագրական ֆիլմեր Վլադիմիր Պուտինի մասին եւ քննարկումներ անցկացնել Վլադիմիր Պուտինի գաղափարների, սկզբունքների եւ ծրագրերի շուրջ»:
Այս նախաձեռնությանը, պարզվում է, հեղինակել է Հայաստանի երիտասարդությունը, որի շահերը որոշել է բավարարել միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Պարզվում է, որ Ռուսաստանի նախկին եւ ապագա նախագահը Հայաստանում ունի երկրպագուների մի այնպիսի մեծ բանակ, որոնց համար էլ պրն. Նիկողոսյանը որոշել է նման քայլի դիմել: Երկու հարց է առաջանում: Առաջինը` մի՞թե պրն. Նիկողոսյանն անկեղծորեն կարծում է, որ խելամիտ մարդը կարող է հավատալ նման անհեթեթ թեզին: Երկրորդը` ովքե՞ր են այդ երիտասարդները, որոնց նա դիմում է: Մի՞ գուցե այն «տեղեկատվական կայքերի» աշխատակիցները, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել այս նախագծին եւ որոնք «շատ պատահական ձեւով» պատկանում են պրն. Նիկողոսյանին: Այն կայքերը, որոնցից մեկը պրն. Նիկողոսյանին ամենայն լրջությամբ անվանում է «ԱՊՀ երկրների նոր Չե Գեւառը»: Նկատեք, անգամ ոչ թե Չե Գեւառա, այլ «Չե Գեւառ»:
Ենթադրում եմ, որ Անդրանիկ Նիկողոսյանն օգտվում է սոցիալական ցանցերից եւ չի կարող չիմանալ, որ երեկվա լուրն, իսկապես, դարձել էր հայաստանյան ցանցերի թիվ 1 նորությունը: Շտապեմ հիասթափեցնել պրն. Նիկողոսյանին, եթե նա դեռ տեղյակ չէ: Հայ օգտատերերն, որոնց ճնշող մեծամասնությունը հենց երիտասարդներ են, ընդունել են այս հաղորդագրությունը ժպիտով, հեգնանքով եւ թունոտ սարկազմով: Իսկ նրանք, ովքեր կողմ էին «Պուտինի» ակումբի բացման նախաձեռնությանը, մեղմ ասած, շատ սակավաթիվ էին:
Որոշեցի փնտրել, արդյո՞ք որեւէ տեղ կա «Պուտինի» ակումբ: Պարզվում է, կա: Եվ, երեւի թե, տարօրինակ չէր, որ այդ «ֆան-ակումբը» գտնվում է այնտեղ, որտեղ «պուտինիզացիան» հասել է գագաթնակետին` Չեչնիայում: Գրոզնու «Պուտինի հայրենասիրական ակումբը» բացվել է 2010-ին, այն ունի ինտերնետ կայք, եւ, ըստ էության, շատ հաջող գործունեություն է ծավալում: Մի՞ գուցե, պրն. Նիկողոսյանի որոշման վրա ազդել է Չեչնիայի փորձը:
Ռուսաստանի վարչապետի գաղափարների ինչպիսի՞ ժողովրդականացման մասին է խոսում պրն. Նիկողոսյանը: Այո, Հայաստանում կան մարդիկ, ովքեր Պուտինին համարում են իրենց կուռքը: Բայց նրանց համար դժվարություն չի ներկայացնում Պուտինի կյանքի կամ գործունեության մասին պատմող գիրք կամ ֆիլմ գտնել կամ հոլովակ փնտրել Youtube-ում, որտեղ Ռուսաստանի վարչապետը երգում է “Blueberry Hill”: Թեզը այն մասին, որ հայաստանցի երիտասարդները պետք է հավաքվեն, օրինակ` Արտաշատում, կլոր սեղանի շուրջ եւ «քննարկումներ անեն Վլադիմիր Պուտինի գաղափարների շուրջ», պարզապես ծիծաղելի է:
Սակայն երեկվա լուրն ուներ նաեւ դրական կողմեր: Համացանցից օգտվողներից շատերը պատրաստակամություն հայտնեցին զանգվածաբար հաճախել «Պուտին» ակումբի նիստերին եւ ֆլեշմոբ կազմակերպել այնտեղ: Կարծում եմ, որ պրն. Նիկողոսյանի շահերից բխում է գաղտի պահել ակումբի նիստերի անցկացման վայրը եւ ժամանակը, հակառակ դեպքում Վլադիմիր Պուտինի «գաղափարների քննարկումը» կվերածվի մի բանի, որն այնքան էլ դուր չի գա գաղափարի հովանավորներին:
Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակից է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: