Քանի դեռ կիթառս մեղմ լալիս է - Mediamax.am

Քանի դեռ կիթառս մեղմ լալիս է
8469 դիտում

Քանի դեռ կիթառս մեղմ լալիս է


“Չեմ ուզում աստղ լինել, պարզապես ուզում եմ կիթառ նվագել”

Ուղիղ 10 տարի առաջ` 2001-ի նոյեմբերի 29-ին մեկընդմիշտ դադարեց «մեղմ լալ» ռոք-երաժշտության պատմության լավագույն կատարողներից մեկի` Beatles խմբի ամենակրտսեր երաժիշտ` լեգենդար Ջորջ Հարիսոնի կիթառը: Ասում են, որ մեծ երաժիշտն, ով արդեն վաղուց գիտեր, որ իր օրերն հաշված են, կյանքի վերջին վայրկային ասել է. «Սիրեք միմյանց»:

Ջորջ Հարիսոնը միշտ տարբերվում էր բոլորից: Նա տեսել էր ուրիշ մանկություն, որը նման չէր ոչ Ջոնի, ոչ Փոլի, ոչ էլ Ռինգոյի մանկությանը: Նա կյանքի նկատմամբ ուրիշ մոտեցում ուներ: Նա միակն էր, ով ծանր էր տանում Beatles-ի խելագար եւ անսանձ փառքը: Իհարկե, նա չուներ այնպիսի վառ խարիզմա եւ տաղանդ, ինչպես Լենոնը եւ Մակկարտնին: Կյանքում նա ավելի շատ նրանց հակապատկերն էր` լուռ եւ հավասարակշռված մարդ: Դեռ Beatles-ի օրերից նա չէր սիրում հարցազրույցներ տալ եւ չէր հանդուրժում, երբ մեկը փորձում էր ներխուժել իր անձնական կյանք: Ասում են, որ նա շանթարգելի նման մի բան էր, առանց ում երկու վառ արտահայտված առաջնորդներ ունեցող խումբը դեռեւս իր ժողովրդականության գագաթնակետին պարզապես կպայթեր ներսից: Ջորջի ստեղծած երաժշտությունն էլ մի փոքր տարբեր էր` թեթեւ անուշահոտի բուրմունք ունեցող կիսատխուր երանգով: Համոզվելու համար բավական է լսել նրա հայտնի I Me Mine-ը:

Այն, որ Beatles-ի երգերի ճնշող մեծամասնության հեղինակներ Ջոնն ու Փոլը մի փոքր վերեւից էին նայում Ջորջին, երեւում է հայտնի «The Beatles-ների անտոլոգիայում»: Քչերին է հայտնի, որ Ջոնն ու Փոլը սկզբում լուրջ չեն ընդունել հանրաճանաչ «While My Guitar Gently Weeps» /“Քանի դեռ կիթառս մեղմ լալիս է”/ ստեղծագործությանը, որը Ջորջը գրել է չինական “Փոփոխությունների գրքի” ազդեցության ներքո: “Նրանք լուրջ չընդունեցին այն, ես հույս չունեի, որ նրանք ընդհանրապես կհամաձայնեն ձայնագրել այն, դրա համար էլ այդ երեկո տուն վերադարձա ափսոսանքով, քանի որ գիտեի, որ հաջող երգ է”,- հիշում էր Ջորջը:

Հարիսոնին օգնեց իր մտերիմ ընկերներից մեկը` ռոք-երաժշտության մեկ այլ լեգենդ Էրիկ Քլեպթոնը, ով համաձայնվեց գնալ ստուդիա երգը ձայնագրելու համար եւ կատարեց կիթառի պարտիան, որը հետագայում դարձավ իր ամենահաջողված մենակատարություններից մեկը: Եթե չլիներ Էրիկը, հավանաբար, «While My Guitar Gently Weeps»-ն երբեք լույս չէր տեսնի: Հատկանշական է, որ  Քլեպթոնը թերեւս առաջինն էր, ով ասել էր այն մասին, որ Beatles-ները թույլ չեն տալիս դրսեւորվել Ջորջի անսովոր տաղանդին:

 “Մենք բոլորս` Ջոնը, Փոլը եւ ես, միշտ թերագնահատել ենք Ջորջին որպես կոմպոզիտոր: Բայց նա համառորեն աշխատում էր, եւ նրա երգերը գնալով լավանում էին, մինչեւ չդարձան չափազանց լավ: Նա չուներ համահեղինակներ, ինչպես Ջոնը եւ Փոլը: Ջորջը մարդ էր ինքն իր համար”, - ասում էր Beatles-ի պրոդյուսեր Ջորջ Մարթինը:

Ավելի ուշ Ռինգո Սթարը կասեր, որ  «Something» եւ «While My Guitar Gently Weeps» սիրո մասին երկու ամենահիանալի երգերն են, որոնք չեն զիջում Ջոնի, Փոլի եւ այդ ժամանակվա այլ երաժիշտների ստեղծագործություններին:

Ջորջը, ինչպես մնացած Beatles-ները, ուներ իր առանձնահատուկ դերը: Ժամանակին Ջորջին կոչում էին “լուռ բիթլ”: Եվ դա տեղին էր: Հարիսոնը մամուլի ասուլիսների ժամանակ երբեք չէր փայլում եւ չէր մտածում, ինչպես դասավորել կյանքը` դադարելով լինել Beatles-ներից մեկը, ինչպես դա եղավ Փոլի հետ: Նա աղմկահարույց հայտարարություններ չէր անում “Քրիստոսի ժողովրդականության” մասին եւ չէր ցուցադրում “անկողնային տեսարաններ” Վիետնամի դեմ պարտերազմի համար, ինչպես դա անում էր Ջոնը: Ջորջը ուներ իր ուղին, որով  նա միշտ շարժվում էր: Այդ ուղու  արտացոլումներից մեկը դարձավ 1971-ին Ջորջի կողմից կազմակերպված “Համերգ Բանգլադեշի համար” հայտնի բարեգործական ակցիան: Այդ համերգի ձայներիզներից եւ տեսահոլովակներից ստացված հասույթը մինչ օրս շարունակում է մտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին կից Ջորջ Հարիսոնի հիմնադրամ:

Ջորջը, հավանաբար, միակն էր “լեգենդար քառյակից”, ով հստակ գիտակցում էր, որ Beatles-ով աշխարհը չի վերջանում, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, դրա համար էլ չարժե շատ կենտրոնանալ մեկ բանի վրա, եւ պետք է ապրել ոչ թե անցյալով, այլ` ապագայով: Մի անգամ նա ասել էր, որ խմբի լուծարումը սովորական երեւույթ է, եւ եթե դու վերելքներ ես ապրել, ուրեմն անկումներն էլ անխուսափելի են: Այդ պատճառով էլ Հարիսոնը բանականին թեթեւ տարավ Beatles-ի լուծարումը:

Այն ժամանակ՝ 2001-ի նոյեմբերի 29-ին, ինձ` 14-ամյա դեռահասի համար լսել իմ կուրքերից մեկի մահվան մասին լուրը, ում երաժշտության վրա ես մեծացել էի, շատ մեծ ողբերգություն էր: Այսօր, 10 տարի անց, ես գիտակցում եմ, որ չարժեր այդքան դրամատիկ կերպով արձագանքել իրավիճակին, քանի որ նա, ով կյանքից հեռացավ մարդկությանը թողնելով “Սիրեք միմյանց” իդեալիստական պատգամը, ով դեռ 1970-ին գրել էր «My Sweet Lord»-ը, չէր կարող գտած չլիներ իր տեղն այս կյանքում եւ չբացահայտել կյանքի իմաստը:

“Ոչ, ես ողջ կյանքս չեմ տա ռոք-ն-ռոլի համար: Դա հաստատ: Եթե նույնիսկ ռադիոյով այլեւս երբեք չհնչեն իմ երգերը: Կյանքը շարունակվում է: Կային ժամանակներ, երբ աշխատանքը ձայնագրման ստուդիայում կյանքիս ամենամեծ երանելիությունն էր: Բայց դա արդեն անցյալում է: Այժմ ես ինձ մեկ հարց եմ տալիս, ինչպե՞ս ապրել եւ ի՞նչ անել կյանքիս հետ: Չեմ ուզում կյանքից հեռանալ, այդպես էլ չհասկանալով թե ով եմ ես եւ ինչում է իմաստը: Իմ գլխավոր նպատակն ինքնաբացահայտումն է: Ինչպե՞ս` չգիտեմ: Բայց գիտեմ, որ մնացած ամեն ինչ այնքան էլ կարեւոր չէ….”:



Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Զավեշտից դեպի ֆարս

Generation Y

Ռոքը երբեք չի մահանա
Մեր ընտրանին