Հեղինակություն չճանաչող սերունդ - Mediamax.am

Հեղինակություն չճանաչող սերունդ
6380 դիտում

Հեղինակություն չճանաչող սերունդ


Արա Թադեւոսյանի վերջին սյունակը ժամանակակից լրագրության վիճակի ու որակի մասին ինձ եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ մտածելու տեղիք տվեց: Կարծում եմ, չափազանցություն չի լինի ասել, որ ժամանակակից լրագրությունը գտնվում է եթե ոչ ցավալի, ապա շատ բարձիթողի վիճակում:  

Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որի մասին խոսում է Արա Թադեւոսյանը: “Հեղինակություններ չճանաչող” սերնդի: Եվ ես ամաչում եմ դրա համար: Ամաչում եմ, որ, երբ ասում եմ, որ “լրագրող” եմ, սովորաբար, առաջինն, ինչ լսում եմ այդ ասպարեզից հեռու մարդկանցից ի պատասխան` “Գագիկ Շամշյանի նմա՞ն” հարցն է: Գագիկի դեմ ոչինչ չունենալով հանդերձ՝ կտրականապես չեմ ընդունում այն հանգամանքը, որ ժամանակակից հայաստանյան լրագրությունը ասոցացվում է հենց նրա անվան հետ: Ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես ԱԳՆ մամուլի ասուլիսի եկող իմ շատ գործընկերներ ծանոթ չեն ոչ միայն հյուրի կենսագրությանը, այլեւ բավականին մոտավոր պատկերացումներ ունեն այն մասին, թե որ երկիրը կամ կազմակերպությունն է ներկայացնում բանախոսը:  

Հաճախ ամաչում եմ, երբ լսում եմ, թե երբեմն ինչ հարցեր են մամուլի ասուլիսների ժամանակ տալիս իմ գործընկերները: Հարցեր, որոնք ոչ միայն մասնագիտական չեն, այլեւ անգամ սխալ ու անթույլատրելի են էթիկայի տեսանկյունից: Ամաչում եմ, երբ որոշ գործընկերներ տեսնելով, որ ինչ-որ մեկը պայմանավորվել է բացառիկ հարցազրույցի համար պաշտոնական անձի հետ եւ սպասում է նրան մի կողմում, «արածում» է կողքին, որպեսզի հնարավորության դեպքում բաց չթողնի պահը եւ “էքսկլյուզիվը” դարձնի “լրագրողների հետ զրույց”:  Ամաչում եմ հրապարակված տեսնել պաշտոնյայի կամ դիվանագետի “հարցազրույց” կամ “հայտարարություն”, չնայած զրույցը վարվել էր off the record ռեժիմում: Ամաչում եմ, թե որքան ցածր է հայկական լրագրության մակարդակը: Չեմ վախենա ասել ավելին` երբեմն ես ամաչում եմ, որ լրագրող եմ:  

Երկու օրինակ բերեմ: Մի քանի շաբաթ առաջ տրանսպորտի նախարարությունում Մանուկ Վարդանյանի եւ Վերա Կոբալիայի մամուլի ասուլիսն էր, եւ ի զարմանս ինձ հայտնաբերեցի, որ գործընկերներիս մեծամասնությունն անգամ չգիտի, թե ինչ միջոցառման է եկել: Մամուլի ասուլիսից հետո եւս մեկ ուշագրավ տեսարանի վկա դարձա` ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի խոսնակը, կարելի է ասել, տառ առ տառ կարդում էր վրաց նախարարի անունը մի քանի լրագրողների համար: Որպեսզի չմեղադրվեմ վրաց գեղեցկուհի նախարարի հանդեպ համակրանքի համար, բերեմ մեկ այլ օրինակ: Մոտ 1,5 տարի առաջ իմ գործընկերները (մեծամասամբ մոտ 20 տարեկան աղջիկներ) բառիս բուն իմաստով շրջապատել էին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին, սակայն ոչ ոք չգիտեր, ինչի մասին կարելի է նրան հարցնել: Ստեղծված անհարմար իրավիճակում արագ կողմնորոշվեց մի երիտասարդ լրագրող՝ երկար չմտածելով հարցնելով եվրոպացի դիվանագետին, «արդյո՞ք նա առաջին անգամ է Հայաստանում, եւ ինչ տպավորություններ ունի մեր երկրից»… Այդ պահին արդեն երկու տարի տվյալ պաշտոնը զբաղեցնող Լենմարկերը գոնե մի քանի ամիսը մեկ տարածաշրջան էր այցելում…

Նման իրավիճակի պատճառները շատ են, եւ դրանցից շատերը արմատական են: Դա լրագրության ֆակուլտետներում կրթության ցածր որակն է: Դա նաեւ տնօրենների եւ խմբագրերի կադրային քաղաքականությունն է, որոնք ոչ միայն աշխատանքի են ընդունում ոչ կոմպետենտ եւ անկիրթ աշխատակիցների, այլեւ չեն անցկացնում նրանց հետ կատարելագործման աշխատանքներ: Դա նաեւ շատ երիտասարդների ընդհանուր ցածր մակարդակն է, որոնք ավարտում են լրագրության, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժինները, սակայն 20 տարիների ընթացքում 2-3 գեղարվեստական գիրք են կարդացել, չխոսենք նույնիսկ մասնագիտական գրականության մասին: Խնդիրներն իրականում շատ են, եւ ես շատ կցանկանայի, որպեսզի դրանց գոնե մի մասը գտներ իր լուծումը:

Մոտ մեկ ամիս առաջ մեր ղեկավարությունը Մեդիամաքս-ի լրագրողական կազմին հայտնեց, որ հնարավորության կա մեզ մոտ հրավիրել ամերիկացի հայտնի լրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտին, եւ հարցրեց, արդյո՞ք մենք ցանկանո՞ւմ ենք, որպեսզի նա մեզ համար վարպետության դաս վարի: Մենք գործընկերներով ամբողջ օրվա ընթացքում ուսումնասիրում էինք Ալպերտի կենսագրությունը, դիտում հատվածներ նրա ֆիլմերից, որպեսզի լավագույնս պատրաստվենք հանդիպմանը:  Կարծում եմ, Ջոն Ալպերտի վարպետության դասը գերազանց անցավ, այդ թվում նաեւ այդ հանդիպմանը մեր պատրաստ լինելու  շնորհիվ: 

Ես եւ գործընկերները դեռեւս շատ սովորելու բան ունենք: Մենք դեռ չափազանց երիտասարդ ենք եւ չունենք բավարար փորձ: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ ինքնակրթության, ինքնակատարելագործման, ամենօրյա ծանր աշխատանքի ձգտումը, որեւէ նոր բան իմանալու, լսելու եւ, ամենակարեւորը, ուրիշից սովորելու ցանկությունը կա շատ քչերի մոտ: Կամ էլ, այլ կերպ ասած, «մեզ համար հեղինակություններ գոյություն չունեն»: 

Իրավունք չունեմ խորհուրդներ տալ եւ ուրիշներին աշխատել սովորեցնել, եւ նման նպատակ չունեմ: Դա մեր ԶԼՄ-ների տնօրենների եւ խմբագրերի հոգսն է: Ես ուղղակի ցանկություն ունեմ տեսնել պատրաստված, նպատակասլաց, բազմակողմանի զարգացած եւ իրենց աշխատանքը սիրող ԻՄ սերնդի լրագրողների, որոնք իրենց գործի վարպետ դառնալու իրական հնարավորություն ունեն: Իսկ սկզբի համար ես ուղղակի կցանկանայի, որպեսզի մամուլի ասուլիսներին եկող մարդիկ գոնե իմանան ելույթ ունեցող բանախոսների անունները:

Արամ Արարատյանը Մեդիամաքսի թղթակից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Զավեշտից դեպի ֆարս

Generation Y

Ռոքը երբեք չի մահանա
Մեր ընտրանին