Մենք կասկածում ենք։ Կասկածում ենք ամենքին, ամեն ինչում։ Բայց տարօրինակ ձեւով ենք կասկածում։ Ավելի ճիշտ, ոչ թե տարօրինակ, այլ հոռետեսական ձեւով։ Մենք սիրում ենք կասկածել, սակայն մի բանում վստահ ենք. ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կա։ Կամ կարող է լինել...
Կասկածում ենք, որ ունենք տնտեսական աճ։ 2011թ. տնտեսական աճի ցուցանիշը ամենայն հավանականությամբ կլինի մոտ 4.5%: Այդ են հուշում վիճակագրական բոլոր տվյալները։ Բայց մենք կասկածում ենք։ Չենք հավատում վիճակագրությանը։ Չե՞նք հավատում։ Բայց հավատում էինք, երբ այդ նույն վիճակագրությունը արձանագրում էր ՀՆԱ 14% անկում։
Կասկածում ենք, որ ծանր ճգնաժամային իրավիճակից, կարծես, դուրս ենք գալիս։ Միայն 2011թ. ինն ամսում մեր բանկերը 248 մլրդ դրամի ավել վարկ են տվել՝ շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տարեկան կտրվածքով կարող ենք ակնկալել, որ հատելու ենք մեկ մլրդ ԱՄՆ դոլարի բնագիծը։ Ճգնաժամային 2009 թվականին բիզնեսն ու մարդիկ վարկեր չէին վերցնում։ Ամեն ինչ կանգ էր առել, անգամ վարկավորումը։ Իսկ հիմա վերցնում են։ Այսինքն՝ աշխուժացում են նկատում։ Կասկածում ենք՝ ո՛չ։ Հնարավոր չէ։ Ի՞նչ աշխուժացում։
Հավատում ենք, որ երկրից իսկական արտագաղթ է սկսել։ Եվ կասկածում ենք այն թվերին, որ փաստում են. միայն 2011 թվականի ինն ամսում բնակչության շրջանակում էլեկտրական էներգիայի շուրջ 12 000 նոր սպառող կամ բաժանորդ է ավելացել։ Հետո՞ ինչ, որ բնակչության էլեկտրաէներգիայի սպառումը ավելացել է 8%-ով, միեւնո՛ւյն է, մարդիկ լքո՛ւմ են երկիրը։
Հավատում ենք, որ տնտեսություն «չունենք», չկա ո՛չ զարգացում, ո՛չ դիվերսիֆիկացում։ Փոքր ու միջին ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի սպառումը աճել է 18%-ով, իսկ մշակող արդյունաբերության վարկավորումը՝ 25%-ով։ Արտահանման ծավալներն աճում են աննախադեպ 45%-ով։ Իսկ սա միայն հանքագործությունը չէ։ Բեռնափոխադրողները 77%-ով ավել վարկ են ներգրավել՝ սպասարկելու աճող արտահանումը։ Ո՛չ։ Վա՛տ է. «Այս ի՞նչ եք ասում։ Այնքա՜ն լավ երկիր եք նկարագրում։ Չե՜նք ուզում այլեւս այն լքել»։
Մենք կասկածամիտ ենք։ Մենք կասկածում ենք, ուրեմն՝ կանք։
Մենք կասկածամիտ չենք, ոչ էլ հոռետես։ Երեւի վախենում ենք ինքներս մեզ աչքով տալ։ Գուցե սա ազգապահպան ինչ-որ մեխանի՞զմ է։
Լավ է ու էլ ավելի լավ է լինելու, մի՛ կասկածեք։ Աչքով չեն տա։
Դավիթ Սարգսյանը ՀՀԿ անդամ է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: