«Լիակատար ոչնչացման» սպառնալիքից մինչեւ TRIPP-ի «փրկօղակ» - Mediamax.am

Հունվար 16, 2026
«Լիակատար ոչնչացման» սպառնալիքից մինչեւ TRIPP-ի «փրկօղակ»
288 դիտում

«Լիակատար ոչնչացման» սպառնալիքից մինչեւ TRIPP-ի «փրկօղակ»


Հունվարի 14-ին, երբ հրապարակվեց TRIPP նախագծի իրականացման շրջանակը, մտածում էի սյունակ գրել այդ թեմայով։ Մոտ 30 տարի գրում եմ արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների մասին եւ որոշակի պատկերացում ունեմ երկկողմ փաստաթղթերի նախապատրաստման ընթացքի, դրանց կառուցվածքի եւ բովանդակության մասին։ 

Այդ մոտ 10 էջանոց փաստաթուղթը տարօրինակ էր թե՛ ձեւով եւ թե՛ բովանդակությամբ եւ ավելի շատ նման էր հերթական հանդիպման 
արդյունքներն ամփոփոխ «memo»-ի։ Սկզբնամասում հստակ գրված է․ 

«Այս շրջանակը չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար» (This framework does not impose, nor does it intend to impose, any legal commitments or obligations on Armenia or the United States): 

Այլ կերպ ասած՝ իրավական հետեւանքներ ունեցող փաստաթուղթ չէ։ 

Ինչեւէ, հունվարի 14-ին չգրեցի. իշխանության քաղաքական ընդդիմախոսների բարձրացված աղմուկի մեջ կորելու էր, իսկ գրելն ինքնանպատակ չէ։ Բայց երբ հունվարի 15-ին տեսա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գրառումը, որը տարածեցին ԱԳՆ պաշտոնական էջը ու տարբեր պաշտոնյաներ, որոշեցի գրել։



Սա Արարատ Միրզոյանի գրառումն է․

«Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։

Լավն է Հայաստանի համար։ Մեր երկիրն ապաշրջափակվում է և դառնում միջազգային մեծ լոգիստիկ ուղիների կարևոր հանգույց։ Եվ դա` ո'չ որևէ կերպ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հաշվին։

Լավն է այն ընդունող մյուս կողմի` ԱՄՆ-ի համար։ Լավն է մեր անմիջական հարևանների ու առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար։ Եվ դա շատ լավ է, որովհետև հակառակ պարագայում այն ուղղակի չէր աշխատի։

Հ.Գ. Չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին։

Լավ եղեք»։

Ի՞նչ է նշանակում «փաստաթութղն իսկապես լավն է»։ Պետք չէ հոգեբան լինել հասկանալու համար, որ եթե հինգ տարի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը այդպիսի բան է գրում, դա մեկ բան է նշանակում՝ անվստահ է։ Անվստահ է եւ այդ գրառումն արել է կողմնակիցների մեկնաբանությունների միջոցով իր ներքին կասկածները ինչ-որ չափով փարատելու համար։

Ի՞նչ է նշանակում «լավն է առհասարակ բոլոր հնարավոր շահառուների համար»։ Ինչպե՞ս կարող է մի փաստաթուղթ (անկախ նրանից՝ իրավական հետեւանքներ պարունակում է, թե ոչ) բոլորի համար «լավը» լինել մի աշխարհում, որը վաղուց ջունգլի է դարձել։ Միթե՞ 2020 թվականի աղետը չսովորեցրեց, որ wishful thinking-ի հիման վրա քաղաքականություն կառուցելը մահաբեր է։

Ես ոչ «դավադրապաշտ» եմ, ոչ էլ «կործանում գուժող»։ Բայց շատ լավ հիշում եմ, թե ինչպես պատերազմի երրորդ օրը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․ 

«Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ: Վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»։

Ուշադիր ընթերցողը կասի, որ Արարատ Միրզոյանի այս խոսքերը տարբեր հոդվածներում արդեն որերորդ անգամն եմ մեջբերում։ Այո, այդպես է։ Պատճառն այն է, որ չեմ կարող մոռանալ եւ ներել։ Ավելի ճիշտ՝ պատրաստ եմ ներել պատերազմի առաջին օրերի էյֆորիկ տրամադրությամբ ասված մեծամիտ խոսքերը, բայց պատրաստ չեմ ներել այն, որ Արարատ Միրզոյանը դրանց համար ներողություն չի խնդրել։

Քանի դա տեղի չի ունեցել, ես իրավունք ունեմ հարց տալ՝ իսկ գուցե՞ հունվարի 15-ի գրառումն է իրականում քարոզչական։

Հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «պայմանավորվածությունները պետք է հնարավորինս արագ ամրագրվեն դե-յուրե համաձայնագրերի տեսքով»։ Փաստորեն, 5 ամսվա ընթացքում կողմերը կարողացել են համաձայնեցնել միայն մտադրություններն ամրագրող շրջանակը եւ հիմնական սկզբունքները՝ շատ ընդհանուր ձեւակերպված։ Դեռ որքա՞ն ժամանակ է պետք լիարժեք միջպետական փաստաթուղթ բանակցելու, ներպետական բոլոր ընթացակարգերով այն անցկացնելու, օրենսդիրների կողմից վավերացնելու համար։ Շատ ժամանակ է պետք։ Եվ ամենամեծ վտանգն այն է, որ այդ ընթացքում Թրամփի հետաքրքրությունը կարող է մարել, իսկ Ալիեւի ախորժակը՝ բացվել։

Բայց արդյո՞ք արժե հեռատեսություն ակնկալել ղեկավարից, որն իր վարչապետության 8-րդ տարում ինքնահաստատվելու դեռ այնպիսի կարիք 
ունի, որ փորձում է դրան հասնել ծառայողական մեքենայի վրա 1 համարանիշ տեղադրելով։ 

Մեր երբեմնի գործընկերը, որը պայքարում է «ՀՀ թիվ մեկ պրոպագանդիստի» տիտղոսի համար, վերջին շրջանում իրեն իրավունք է վերապահում իշխանության տեսակետներից տարբերվող կարծիք հայտնողներին պատերազմի ջատագովներ կամ «հիբրիդային հարձակումների» մասնակիցներ որակել։ Բացառված չէ, որ այս սյունակը կարդալով՝ գրի, որ ես էլ «խաղաղություն չեմ ուզում»։ Ես խաղաղություն շատ եմ ուզում, բայց լավ գիտեմ, որ դիլետանտներն ու բարդույթների գերիները խաղաղություն ապահովել չեն կարող։ Լավագույն դեպքում կարող են այն մուրալ։ Իսկ մուրողին երբեք մեծ բան չեն տալիս:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Գնում ենք առաջ
Մեր ընտրանին