Հաւաքորդութեան նպատակը - Mediamax.am

Դեկտեմբեր 08, 2025
Հաւաքորդութեան նպատակը
60 դիտում

Հաւաքորդութեան նպատակը


Շատերիս համար բովանդակային ինչ-որ առարկայ որոնելը եւ գտնելը դարձել է կենսակերպ: Երբ այդ որոնումները դառնում են չընդհատուող, իսկ արդիւնքում ձեւաւորւում է ասելիք ունեցող հաւաքածու, բառարանները դա անուանում են կոլեկցիոներութիւն: Սակայն, ինձ համար աւելի հաճելի է հնչում հայերէն համարժէքը` հաւաքորդութիւն: Ինչո՞ւ որոշեցի կիսուել հաւաքորդութեանն առնչուող հարցերով: Յուսով եմ, որ ինձ ծանօթ եւ անծանօթ շատ հաւաքորդների համար այս տողերս մտածելու, խորհելու առիթ կը դառնան, իսկ ինձ համար` «սահմաններս չխախտելու դրական կաշկանդուածութիւն»:

Առնուազն տասնհինգ տարի ապրելով ակտիւ հաւքորդական կեանքով` ինքս ինձ յաճախ եմ հարցրել, թէ ի՞նչ է հաւաքորդութիւնը: Եսասիրութի՞ւն, փառքի որոնո՞ւմ, թէ՞ անբացատրելի կամ լաւ էլ բացատրելի հիւանդութիւն` մոլուցք: Իրականում, եթէ այս հարցը հաւաքորդի մտքում չի ծագում եւ չի փորձում գտնել տրամաբանուած պատասխան, ուրեմն վերը նշուած ձեւակերպումներից որեւէ մէկն արդէն իր մասին է: 

Հաւաքորդական կեանքը հեշտ չէ: Երբէմն մեզ համեմատում են կախուածութիւն ունեցող պացիենտի հետ: Քնած, թէ արթուն իրական հաւաքորդը որոնման մէջ է: Քանի դեռ թիրախը չի «որսացել», միտքը չի խաղաղւում, իսկ «որսի» ընթացքից եւ արդիւնքից բխող զգացողութիւնների մասին խօսելն աւելորդ է: Դժուար է ասել` որն է աւելի հետաքրքիր, ձեռքբերման ընթացքը, թէ այն պահը, երբ առարկան ձեռքերումդ է: Եթէ հաւաքորդին առաջարկեն գնել մի ամբողջական հաւաքածու, գուցէ մեծ ոգեւորութիւն չապրի, որովհետեւ ամեն առարկայի նկատմամբ առանձին ապրումներ ունենալը հաւաքորդութեան կարեւորագոյն տարրերից է:

Տարիներ առաջ, երբ սկսեցի հայկական ասեղնագործ գործուածքի հնաոճ նմուշներ հաւաքել, ընթացքում մի կարեւոր բան հասկացայ: Թէեւ հաւաքածոյիս սեփականատէրն եմ, սակայն գործ ունեմ ինչ-որ առումով «հանրային սեփականութեան» հետ: Այո՛, հաւաքորդն է ընտրում իր հետաքրքրութեան ոլորտները, ինքն է պրպտողը, գտնողը, անկանգ ծախսողը, եւ յաճախ հէնց անհատների մօտ են ձեւաւորւում այնպիսի հաւաքածուներ, որոնց առկայութիւնը ստեղծում է նոր իրականութիւն: Հաւաքածուն իր կարեւորութեամբ կարող է անկախ անձերից ու անձնական մօտեցումներից լինել շատ առանցքային, ընդհուպ` ռազմավարական նշանակութեան: Այլ կերպ ասած` անձնական հետաքրքրութիւնը կարող է դառնալ հանրային մեծ կարեւորութիւն ունեցող նոր իրողութիւն: 

Այս հանգամանքն ի միտ ունենալով` առանձնացնում եմ մի քանի կետեր, որոնք ինձ համար կարմիր գիծ են: Սրանով ինչ-որ առումով ստուերւում է փառասէր «ես»-ը, եւ հաւաքորդութիւնը զանազանւում է «ապրանքներ ամբարելու» սովորութիւնից:

ա. Հաւաքորդը պիտի ունենայ չափի զգացողութիւն, տարանջատուած թեմատիկ սահմաններ. ձեռք բերուած իւրաքանչիւր առարկայ` բովանդակութիւն, իսկ ընդհանուր հաւաքածուն` ասելիք: Չես կարող հաւաքել ամեն ինչ: Հաւաքորդութեան դրական կետերից մէկն այն է, որ ամեն նոր առարկայի հետ սկսում ես քո հետազօտական պրպտումները: Սա ինքնակրթութեան լաւագոյն միջոցներից է: Օրինակ` խաչերի հաւաքածոյիս նմուշներն ինձ դրդեցին կրկին ուսումնասիրել ընդհանրական եկեղեցու պատմութիւնը եւ հայրաբանական մի շարք գրուածքներ:

բ. Մասնաւոր հաւաքածուն, կախուած իր բովանդակութիւնից եւ առարկաների եզակիութիւնից, կարող է դառնալ հանրային կարեւորութեան: Սա նշանակում է, որ սեփականատէրը հանրութեան առջեւ պէտք է ստանձնի որոշակի պարտաւորութիւններ` յատուկ բծախնդրութեամբ հոգ տանելու այդ հաւաքածոյի նկատմամաբ: Մի անգամ մի «հաւաքորդ» ինձ գլուխ գովելով պատմում էր, թէ աղաքսակների (հնում աղը պահելու հիւսուած պարկ) մեծ հաւաքածու ունի: Սակայն հաւաքածոյից մնացել է պատառիկներ. թողել է փակ սենեակում եւ մեկնել արտերկիր` ցեցը յօշոտել էր: Հիմա հարց. արդեօ՞ք այդ հաւաքածոյի շահառուները միայն ցեցն ու սեփականատէրն էին: Այսօր, եթէ փորձես ամբողջական հայկական աղաքսակ գտնել, հազիւ թէ կարողանաս լաւ բան գտնել:

գ.  Անձնական բաւարարուածութեան նպատակից բացի, հաւաքածուն պէտք է ունենայ հանրային որոշակի ազդեցութիւն. նպաստի օգտակար գիտելիքի տարածմանը, ինչպէս նաեւ դրական կերպով ներազդի հանրային ճաշակի ձեւաւորման վրայ: Այս առումով հաւաքորդն ունի իրաւաբանօրէն ասած` պոզիտիւ պարտաւորութիւն: Ասել է` ամեն հնարաւորութիւն պիտի օգտագործի իր հաւաքածուն` ցուցադրութիւնների, հրապարակումների միջոցով հասու դարձնելու հանրութեանը:

դ. Հաւաքորդը պէտք է ազատ մուտք տրամադրի գիտնականին: Թոյլ տայ, որ այդ նիւթերն օր առաջ գիտական շրջանառութեան մէջ դրուեն: Յաճախ հենց սեփականատէրն է զբաղւում իր առարկաների գիտական հետազօտմամբ, սակայն շատ են դէպքերը, երբ դրանք ոչ հետազօտւում են, ոչ էլ հնարաւորութիւն տրւում` այլոց ուսումանասիրել: Հանրային նշանակութեան, չհրատարակուած որեւէ հաւաքածու ժամանակաւոր է` պոտենցիալ անհետացող մի բան: Ի՞նչ կը լինէր, եթէ աղաքսակների այդ ամբողջական հաւաքածուն գոնէ հրատարակուած լինէր: 

Իսկ վերջում` մի կարեւոր հանգամանք եւս: Հաւաքորդը պիտի անպայման մտածի, թէ իրենից յետոյ ի՞նչ է լինելու իր հաւաքածոյի ճակատագրի հետ: Փորձը ցոյց է տալիս, որ ժառանգները միշտ չէ, որ ունենում են նոյն զգացողութիւնները, ինչ իրենց ծնողները, պապերը: Գաղափարական խզումի, անուշադրութեան եւ հազար ու մի պատճառների արդիւնքում տարիներով մէկտեղուած հանրային կարեւորութեան առարկաները մի օրում անհետանում են: Լաւագոյն դէպքում` ցիրուցան լինում, տարրալուծւում այլ հաւաքածուներում: Այս խնդրի լուծման համար չկայ յստակ բանաձեւ: Ամեն հաւաքորդ կարող է ունենալ իր մօտեցումը: Սակայն, մի բան միանշանակ է. հաւաքորդն իր հաւաքածոյի յետագայ ճակատագրի հարցերը պէտք է կարգաւորի իր կենդանութեան օրոք:

Նարեկ Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Հաւաքորդութեան նպատակը

Ծակող հարցերի ժամանակը
Մեր ընտրանին