Ազատ Շիշյանի անհավանական կյանքը եւ Նունեի պատմությունը - Mediamax.am

Դեկտեմբեր 07, 2025
Ազատ Շիշյանի անհավանական կյանքը եւ Նունեի պատմությունը
55 դիտում

Ազատ Շիշյանի անհավանական կյանքը եւ Նունեի պատմությունը


«Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախաձեռնության շրջանակում կառուցեցինք Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի շենքը, որը բացվեց 2013 թվականի սեպտեմբերին

Դպրոցը կրում է Ազատ Շիշյանի անունը: 2009 թվականի հոկտեմբերին, երբ ռոք-աստղերին առաջին անգամ տարանք «դոմիկներում» գործող դպրոց, համերգասրահ ծառայող ամենամեծ «դոմիկում» պատին փակցված էր Ազատ Շիշյանի դիմանկարը:

Այդքան տարի ներգրավված լինելով այդ նախագծում, չգիտես ինչու երբեք չէի հետաքրքրվել, թե ով էր Շիշյանը: Գիտեի, որ կոմպոզիտոր է, բայց ոչ ավելին: 

Վերջերս պատահաբար հանդիպեցի Hetq.am-ի մեր գործընկերների «Ազատ Շիշյան. մոռացված սիմֆոնիա» հոդվածին, որը հրապարակվել էր 2024 թվականի հունիսին, եւ ապշեցի՝ անհավանական կենսագրություն է ունեցել, կարծես փորձությունները մշտապես հետապնդել են նրան: 

Ազատ Շիշյանը զոհվել է 1988 թվականին Գյումրիում՝ երկրաշարժի ժամանակ: Նրա մարմինը գտել էին իր դաշնամուրի մոտ։ Կոմպոզիտորի եւ կնոջ դիերի հետ փլատակներից դուրս էին բերել նաեւ Հայոց ցեղասպանության եւ գաղթի մասին Շիշյանի հուշագրությունները, արխիվային լուսանկարներն ու փաստաթղթերը:

Ազատը 3 տարեկան էր, երբ կորցրեց ընտանիքն ու հայտնվեց որբանոցում։ Հասուն տարիքում նա գրի էր առել իր հուշերը։

«Այս գիշեր ինձ կսպանեն… մտածում եմ երկար՝ գլուխս վերմակի տակ. վատ հիշողություններ, լուռ արցունքներ, արցունքներ… Աչքիս առաջ անցնում են ծնողների կենդանի պատկերները, ո՞ւր է եղբայրս՝ Վազգենը… Զգում եմ բոլորովին մենակ, որբ՝ բառիս լայն իմաստով»,- սա մի հատված է Ազատ Շիշյանի օրագրից:

Շիշյանի ընտանիքն ապրել է Արեւմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքում։ Հայրը հայտնի կոշկակար էր, որին սպանեցին 1915 թվականին: 3-ամյա Ազատը մոր եւ երկու եղբայրների հետ հեռանում են Բաբերդից։ Մայրը կարողանում է մի քանի իր վաճառել ու էշ գնել, որի վրա նստեցնում է Ազատին եւ Վազգենին։ Մյուս մանկահասակ եղբորը մայրը գրկում է եւ այդպես ճանապարհ են ընկնում։ Մի ծանոթ
թուրք են հանդիպում, ով նրանց առաջարկում է ապաստան գտնել իր գյուղի տան թաքստոցում։ Որոշ ժամանակ անց թուրք զինվորներին հայտնի է դառնում, որ հայերն ապրում են այդտեղ։ Ազատ Շիշյանն իր հուշագրությունում նշում է, որ երբ թուրքերը մորն ու մանկահասակ երեխային վերցնում են, որ տանեն, ինքն ու եղբայրն առաջ են վազում, որպեսզի խանգարեն, բայց թուրքերը հրացանները պահում են իրենց գլխին եւ թույլ չեն տալիս մոտենալ։ 

«Մայրս մեզանից բաժանվելուց շատ առաջ մեզ սովորեցրել էր, որ երբեք, ոչ մի տեղ մեր հայ լինելը ցույց չտանք»,- գրել է Շիշյանը։

Որբանոցից հետո նրան որպես լավագույն սան տեղափոխում են Կիպրոսի Մելքոնյան վարժարան։ Այն ավարտելուց հետո Ազատին տեղափոխում են Խորհրդային Հայաստան։ Այստեղ էլ 1940 թվականին նրան ձերբակալում են «լրտեսության» մեղադրանքով եւ աքսորում են Սիբիր, որտեղ նա անցկացնում է 14 տարի։ 

Աքսորից վերադառնալով՝ Շիշյանը շարունակում է ստեղծագործել եւ դասավանդել Գյումրիում՝ մինչեւ 1988 թվականի դեկտեմբերի 7-ը:

Ազատ Շիշյանի անհավանական կենսագրությանը ծանոթանալով, մտածեցի, որ, երեւի, իսկապես հատուկ խորհուրդ կար նրանում, որ հենց նրա անունը կրող դպրոցին կարողացանք նոր կյանք տալ:



Այս լուսանկարում Ազատ Շիշյանի դիմանկարին նայող Նունե Նազարյանը 16 տարեկան է: 2009 թվականին, երբ Իեն Գիլանն ու Թոնի Այոմին առաջին անգամ իրենց դպրոց այցելեցին, Նունեն ավարտել էր ջութակի դասարանը, վոկալ էր սովորում ու հյուրերի համար կատարեց ջազային ստեղծագործություն: 



10 տարի անց՝ 2019-ին, երբ Իեն Գիլանին ու Թոնի Այոմիին կրկին հրավիրել էինք Հայաստան՝ Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը տոնելու, Նունե Նազարյանն արդեն իրենց նոր դպրոցի բեմում էր՝ սիրելի ռոք երաժիշտների կատարումներով: Կարծում եմ, Նունեի պատմությունը Ազատ Շիշյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցն է:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին