Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը հիշում էինք 2020 թվականի պատերազմի տարբեր դրվագներ՝ 5-րդ տարելիցն էր:
Բայց կարծես մոռանում ենք, որ նոյեմբերի 9-ից հետո կյանքը կանգ չէր առել, տեղի էին ունենում իրադարձություններ, հանդիպումներ, արվում էին հայտարարություններ: Թվում էր, որ դեռ կարելի է եթե ոչ ետ բերել կորցրածը, ապա ապահովագրել մնացածը:
Հիմա, երբ հետ ես նայում 5-ամյա վաղեմության հայտարարություններին ու դեպքերին, թվում է, որ այդ ամենն ինչ-որ «այլ կյանքում» էր:
Օրինակ, 5 տարի առաջ, 2020 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն «անհիմն» էր որակել Ադրբեջանի այն պնդումները, որ հակամարտությունն այլեւս հանգուցալուծված է:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռեւս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից եւ ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ եւ հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից», - ասել էր Արա Այվազյանը Արմենպրեսին տված հարցազրույցում:
Այսօր Հայաստանի իշխանությունները չեն համարձակվում ոչ միայն հակաճառել Ալիեւին, այլեւ «Արցախ» բառն օգտագործել: Ավելին՝ անգամ «Լեռնային Ղարաբաղ» չեն ասում, միայն՝ «Ղարաբաղ»:
Այդ նույն օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ին, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանն եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղական Ստիվեն Բիգենը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված էր.
«Համանախագահ երկրները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում օգտվել հաստատված հրադադարից եւ բանակցություններ վարել երկարատեւ եւ կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ՝ համանախագահների հովանու ներքո: Այս համատեքստում համանախագահ երկրները կոչ են անում ընդունել համանախագահներին տարածաշրջանում առաջին իսկ հնարավորության դեպքում եւ բովանդակային բանակցությունների հանձնառություն ստանձնել»:
Նրանք նշում էին, որ «չլուծված առանցքային բովանդակային հարցերը պետք է կարգավորվեն հիմնարար սկզբունքների եւ տարրերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են Հայաստանին եւ Ադրբեջանին»:
Դրանից ուղիղ մեկ տարի անց, 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություն էր տարածել՝ կապված Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարության հետ, թե Ղարաբաղը ոչ ոք «չի հանձնել», սակայն, եթե նման քաղաքական քայլ կատարվեր, ապա այն կարվեր ծրագրերից մեկի համաձայն, ներառյալ՝ «Լավրովի պլանը»։
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հավելել էր, որ «խաղաղ կարգավորման շատ հնարավորություններ բաց են թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի մեղքով»։ «Համեմատեք համանախագահների նշված առաջարկները ներկա իրավիճակի հետ եւ եզրակացություններ արեք»,- նշել էին Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ հիշեցրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման ծրագրի վերջին տարբերակը կողմերին փոխանցվել էր 2019 թվականի հունիսին։
«Մինչեւ 2020 թվականը բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացման միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Տվյալ առաջարկությունները «չէին մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում՝ թեեւ լիակատար համաձայնության հնարավոր չէր հասնել»,- ընդգծել էին Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Դրանից էլ մեկ տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին, կատարվեց մի բան, որը վերջի սկիզբն էր, բայց այն ժամանակ դա քչերն էին գիտակցում:
Այդ օրը Արցախի Տեղեկատվական շտաբն այս հաղորդագրությունն էր տարածել.
«Այսօր Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար»:
Ճանապարհն այլեւս չէր բացվելու:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:












Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: